Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Միասին» այլընտրանքային շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել Բաղրամյան 26-ի մոտ՝ ժողովրդին տեղեկացնելու, որ իշխանությունները վեկտորի փոփոխության են գնում, իսկ ՌԴ-ի պես թշնամի ունենալը լուրջ կորուստների կբերի:
Շարժման անդամ Նարինե Դիլբարյանն իր ելույթում ասաց, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, «Արեւմտյան Ադրբեջանը» իրականություն կդառնա, եթե հիմա Փաշինյանին անվստահություն չհայտնեն ու չփոխեն իշխանությունը. «Տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ հանրությունն այլեւս չի վստահում այս իշխանությանը եւ քաղաքապետի ընտրությունները այդ ամենը ապացուցեցին, պարզապես հանրությունը չի տեսնում համախումբ ծրագիր: Հասկանում է, որ իշխանափոխություն՝ ամեն գնով ծրագիրը չի կարող գործել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ կառավարության ծրագիրը, այն ծրագիրը, որով ինքը իշխանության է եկել եւ փաստորեն հիմա ինքը չունի ո՛չ մանդատ, ո՛չ էլ լիազորություն՝ կնքելու որեւէ պայմանագիր, խոսելու Արցախի Հանրապետությունից ընդհանրապես: Իր՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունից հետո մենք ընդհանրապես կորցրեցինք Արցախը, 120 հազար բնակչությունն այնտեղից բռնագաղթվեց ու մեր արցախյան ռազմական, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները այսօր գտնվում են Ադրբեջանի բանտերում: ՀՀ վարչապետը, ՀՀ սահմանադրության համաձայն, պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացիների իրավունքները: Այս ամբողջ ընթացում նա բացարձակ չի արտաբերել մեր գերված քաղաքացիների անգամ անունը: Միայն ձեռնարկվել է միջազգային դատարանում գործողություն: Մենք բոլորս պետք է ձեւավորենք քաղաքացիական դիրքորոշում ու մեր հայրենակիցների շահերի պաշտպանությունը պահանջենք»:
Կարդացեք նաև
Նա խոսեց նաեւ քաղբանտարկյալների մասին՝ ասելով, որ միայն իր ընդդիմադիր հայացքների համար օրինակ Աշոտյանին բանտարկել են. «Մենք բոլորս պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում ոչ ոք այլեւս իր քաղաքական հայացքների համար չդատապարտվի»:
Անդրադառնալով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Դիլբարյանն ասաց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները քիչ են, որ այդ գործընթացը սկսվի, ուրեմն Փաշինյանին անվստահություն պետք է հայտնեն քաղաքացիները, որոնցից մեկը ինքն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ