Այսօր Բաղրամյան 26-ի մոտ էին հավաքվել «Միասին» շարժման անդամները՝ ժողովրդին ներկայացնելու, թե ինչ վտանգ է կախված մեր պետության գլխին: Նրանք մտադիր էին քննարկումներ սկսել, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տեղափոխել ԱԺ:
Երբ ընդդիմությունը չունի բավարար թվով ձայն, ինչպե՞ս կարող է խորհրդարանում արդյունքի հասնել՝ շարժման անդամ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց. «Մեր երկիրը խորհրդարանական պետություն է: Խորհրդարանը ոչ թե ինքն է հաշվետու վարչապետին, այլ կառավարությունն է հաշվետու ԱԺ-ին: Որպեսզի կառավարությունը աշխատի,պիտի ԱԺ-ն հաստատի նրա գործունեության ծրագիրը: 2021-ին ԱԺ-ն հաստատել է մի գործունեության ծրագիր, որի բովանդակությունից կառավարությունը շեղվել է: Այս դեպքում ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ իշխող խմբակցությունը պետք է նախաձեռնի իր ընտրած վարչապետին ասի՝ դու մեր ծրագրից շեղվել ես: Իրենք մարդկանց ուրիշ բան են խոստացել, հիմա եկել ուրիշ բան են անում, սա խարդախություն, խաբեություն է: Եթե հիմա ՔՊ խմբակցությունը հաշիվ չի պահանջում, դա չի նշանակում, որ ժողովուրդն էլ չի կարող պահանջի: Ի վերջո, մենք այս երկրի քաղաքացիներ ենք, Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է՝ իշխանության տերը ժողովուրդն է, չի կարող այդ իշխանությունը անհատի կամ խմբի կողմից յուրացվել, դա հանցագործություն է»:
Էդգար Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքը. «Ասում էր՝ գնացեք մեր հայրենիքը պաշտպանեք, դա մեր Սարդարապատն է, կամավոր հելեք գնացեք մեր հայրենիքը պաշտպանեք, ասում էր՝ ե՛ս եմ պատրաստ զոհվել: Բա եթե կար Ալմա Աթայի հռչակագիր, բա եթե Արցախը Ադրբեջան էր, էս մարդկանց դու տարել ես, դարձել ես նրանց մահվան պատճառը, դարձել ես նրանց ունեզրկման պատճառը, հիմա եկել նստել ես, ուրիշ բան ես խոսում»:
Կարդացեք նաև
Փոխանցեցինք Փաշինյանի արդարացումը՝ փլուզվող աշխարհում ենք ապրում: Էդգար Ղազարյանն արձագանքեց. «Բա եթե փլուզվող աշխարհում ես, ամեն ինչ փլուզվում է, ամեն ինչը փոխվում է, բացի իրանից: Մեր օրենքներով անկլավ հասկացություն չկա, քեզ ո՞վ է իրավունք տվել, գնաս մեր երկրի տարածքները մենակ, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու, հանձնես ուրիշին: Ես եղել եմ Վայոց ձորի մարզպետ, էդ նույն բանն է, որ ես գնայի կանգնեի, ասեի՝ գիտեք ինչ, Խաչիկ գյուղը մերը չի: Խնձորուտ, Բարձրունի, դրանք սահմանամերձ գյուղեր են՝ պրոբլեմներով, պատկերացրեք, ինչքան երջանիկ կլինի մեր կյանքը, եթե Վայոց ձորում մնա մենակ Եղեգնաձորն ու Արենին: Ինձ չէի՞ն ասի՝ լսի, խո դու ապուշ չես, դու ընդամենը մարզպետ ես, հանրային ծառայող, որը պարտավոր է իր լիազորությունների սահմանում ծառայություն մատուցի: Ինքը հո նրա համա՞ր չի, որ ժողովրդին տանի գցի մահվան ճանկերի մեջ, ինքն էլ նստի գոհ ու երջանիկ, աշխատավարձը բարձրացնի ու ծառայողական մեքենա առնի, գա Երեւանում տուն առնի իր համար»:
Այս ամենը, ըստ Էդգար Ղազարյանի, հիմնավորումների մի մասն է, որ սկսեն իմպիչմենտի գործընթաց. «Նիկոլ Փաշինյանը, որն այսօր բողոքում էր բարձրագույն կրթությունից, կրթություն չստացած, նախկինում դատված, իրականության մեջ ոչ մի տեղ չաշխատած, առանձնապես դաստիարակություն չստացած մի հատ մարդ է: Հիմա հարցնում են՝ իսկ ո՞վ կարա լինի վարչապետ: Եթե Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետ, նշանակում է այդ հարցը պետք չի տալ, ցանկացած մարդ կարող է լինի: Մեր հասարակության մեջ ինքը հասարակական ամենացածր նիշը զբաղեցնողներից է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ