Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաղդադի՝ անվտանգ քաղաք լինելու ու Գյումրու «չոր նավահանգստի» մասին․ Վահան Քերոբյանի պարզաբանումները

Նոյեմբեր 23,2023 20:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ Գյումրիում էր Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։ Հայկական պատվիրակության կազմում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը հենց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահն է։

Երկու նախագահների այցից հետո նախարարը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ․ խոսելով հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ նա կարևորեց ուղիղ չվերթ ունենալն այս երկու երկրների միջև։ Նա համոզմունք հայտնեց, որ Բաղղադն անվտանգ քաղաք է։

«Երկու ամիս առաջ Բաղդադում կայացել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Մի շարք հայկական ընկերություններ մատուցում են տեխնոլոգիական ծառայություններ Իրաքի Հանրապետության իրենց գործընկերներին։ Եվ այսօրվա համաժողովը ցույց տվեց, որ այդ պոտենցիալն անհամեմատ ավելի մեծ է, և այն հայկական ընկերությունները, որոնք վերջնական պրոդուկտ են արտադրում, ուշադիր նայեն Իրաքի շուկային՝ 43 միլիոն բնակչությամբ։ Եվ բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիաների կարիք ունեցող երկիր է՝ մեզանից շատ մոտ հեռավորության վրա։

Բարեկամ երկիր է, կարող եմ ասել, ես այնտեղ եղել եմ, անվտանգ երկիր է, չնայած հրապարակումներով՝ հաճախ վտանգավոր է թվում, բայց իրականում անվտանգ երկիր է, կարծում են՝ ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն։

Բացի տեխնոլոգիական ոլորտից, ես տեսնում եմ մեծ պոտենցիալ գյուղատնտեսական, սննդի ոլորտի ընկերությունների համար, ապրանքներ արտահանելու տեսանկյունից, ինչպես նաև արևային տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտի ընկերությունները մեծ հնարավորություն ունեն, և բազմաթիվ այլ սեկտորներ՝ շինարարության մեջ և այլն», – ասաց նախարարը։

Նա իր զրույցի ժամանակ հիշեց Ավետիք Իսահակյանին, որի ամեն երկրորդ ստեղծագործության մեջ՝ սկսած «Աբու Լալա Մահարիից», ըստ Վահան Քերոբյանի, հնչում է «Բաղդադ» բառը։

«Այստեղ պետք է նկատի ունենալ, որ հայ և իրաքցի ժողովուրդները դեռ շատ հին ժամանակներից իրար հետ աշխատել են, իրար հետ առևտուր են արել, իրար լավ ճանաչում են, կան հայկական եկեղեցիներ, կա հայկական համայնք, կան մեծ հնարավորություններ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու»,- ասաց Վահան Քերոբյանը։

 

Նա խոսեց երկու երկրների միջև օդային ուղիղ ճանապարհ ունենալու մասին։ Տեղեկացրեց, որ ուղիղ չվերթ կլինի, այսօր Իրաքի պատվիրակության կազմում եղել են նաև այդ երկրի քաղավիացիայի և օդային տրանսպորտի ոլորտի ղեկավարները։

«Ես հույս ունեմ, որ մեր մոտ կվերսկսվեն ուղիղ չվերթները Բաղդադ, ինչու չէ նաև այլ քաղաքների ու Հայաստանի այլ քաղաքների միջև՝ Գյումրիի, Երևանի և այլն։

Որպես նախկին բիզնեսմեն՝ պետք է նշեմ, որ ուղիղ չվերթներն անչափ կարևոր են, որպեսզի երկու երկրների բիզնեսները սկսեն ավելի անկաշկանդ շփվել, ուղիղ չվերթները դրա համար մեծ նախադրյալ են։

Դրա համար ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր ուղղություններով ուղիղ չվերթների բացմանը: Գիտեք՝ այս տարի բազմաթիվ ուղիղ չվերթներ են բացվել, մյուս տարի ևս նախատեսում ենք ուղիղ չվերթներ Բեռլինի, չինական քաղաքների և մի շարք այլ ուղղություններով»։

Նախարարն անդրադարձավ նաև Գյումրին «չոր նավահանգստի» վերածելու ծրագրին։

Տեղեկացրեց, որ «չոր նավահանգստի» նախագիծը գտնվում է տնտեսական վերլուծության, հետազոտության վերջին փուլում, հոլանդական ընկերությունը մեկ ամսից կավարտի իր հետազոտությունը։

Ըստ նախարարի, նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ կա մեծ հնարավորություն, որն ավելի է ակտիվացել «Խաղաղության խաչմերուկի» վերջին հայտարարությունից կամ ծրագրի ներկայացումից հետո, քանի որ հյուսիս-արևմտյան հանգույցը գտնվում է հենց այն տեղում, որտեղ նախատեսում են կառուցել «չոր նավահանգիստը»։

Նախարարը մեկ անգամ ևս հարկ համարեց հիշեցնել, թե այն, ինչ իրենք անվանում են «չոր նավահանգիստ» ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են բազում առաջնակարգ գործարաններ, ինչպես նաև լոգիստիկ հանգույց, որը միացնելու է երկաթուղային, օդային և ցամաքային ճանապարհային տրանսպորտը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930