«ՀՀ իշխանությունները նույնիսկ Արցախի իրավունքների մասին խոսում են ցածրաձայն՝ կարծելով, որ դա կարող է վտանգ բերել ՀՀ-ին»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Նա խոսեց այն սոցիալական խնդիրների մասին, որոնց այսօր բախվում են արցախահայերը․ «Այնպես չէ, որ այդ խնդիրները ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցները չունեն, սակայն մենք տարբերվում ենք նրանով, որ գրեթե բոլորն ունեն բնակարանային խնդիրներ։ Սա առաջնային խնդիր է։ Հիմնականում այդ խնդիրն ունեցող մարդիկ վարձակալության պայմաններում են ապրում և վարձակալության վճարները բավականին բարձր են։ Մարդիկ չունեն ոչ աշխատանք, ոչ ֆինանսական միջոցներ։ Դա իրենց համար մեծ խնդիր է։ Սոցիալական խնդիրները տարաբնույթ են՝ սկսած հագնելու շորից, օրվա սնունդ, վերջացրած ադապտացիայի հետ կապված խնդիրներ։ Աղետից փրկվելով ու գալով ՀՀ՝ սթրեսային իրավիճակում հայտնված մարդիկ որոշ ժամանակ հետո հայտնվելու են դեպրեսիվ փուլում»։
Հակոբ Հակոբյանը փաստեց՝ արցախահայությունն արդեն սեպտեմբերի 19-ին հյուծված էր շրջափակումից հետո․ «Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած գործողություններն այն վերջին կաթիլն էր, որը սպառեց մեր ժողովրդի ողջ ներուժը։ Ուզում եմ ասել, որ մեկ օր շարունակ ԱՀ-ում զինվորը, հայրենյաց պաշտպաններն ամեն ինչ արեցին, որ կարողանային կանգնեցնել այդ ցեղասպան իշխանությունների կողմից ղեկավարվող զինվորական ամբողջ ռազմական մեքենային։ Ցավոք, հազարամյակների ընթացքում առաջին անգամ Արցախը հայաթափվեց»։
Ըստ Հակոբ Հակոբյանի՝ իհարկե, սոցիալական հարցերը մեծ տեղ են գրավում, սակայն այս զգացումը՝ էթնիկ զտվածի կարգավիճակը, հայրենիք, սեփական հողը վերադառնալու նկատմամբ մշուշոտ ապագան և այն իրականությունը, որտեղ հայտնվել ենք, էլ ավելի մտահոգիչ են․ «Ցավոք, այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանություններն իրենց հանցագործ քաղաքականության հետևանքով ոչ միայն էթնիկ զտում են իրականացրել արցախահայության, այլև պատրաստ են ՀՀ յուրաքանչյուր մաս հնարավորության դեպքում էթնիկ զտումների ենթարկել։ Դրան հակառակ այսօրվա ՀՀ քաղաքական իշխանությունները վարում են զիջումների, տամ, հանգիստ ապրեմի քաղաքականություն։ Տեսնելով, որ Արցախը, ճանաչելով Ադրբեջանի կազմում որևէ օգուտ չբերեց, ցավոք, այսօր մենք տեսնում ենք այնպիսի քաղաքականություն, որ փորձում են Արցախի պետական ինստիտուտների գոյությունը դարձնել վտանգավոր ՀՀ-ի համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ