Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Անի Գրանդ հյուրանոցում կայացած հավաքում ողջունելով Երեւան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին եւ բռնցքամարտիկներին՝ մաղթեց ազնիվ, առանց վնասվածքների մենամարտեր։ Նա շնորհակալություն հայտնեց IBA տեխնիկական անձնակազմին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու գործում եւ վստահություն հայտնեց, որ առաջնության ավարտին Երեւանից մեկնելով հյուրերը լավ հիշողություններ կտանեն իրենց հետ Հայաստանում անցկացրած օրերից։
Այնուհետեւ, Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ի հետ կարճ զրույցում ասաց․ «Աշխարհի առաջնությանը մասնակցող մեր այս հավաքականից ակնկալիքները մեծ են։ Բավականին ուժեղ թիմ ունենք, որը մեր ապագայի ավելի մեծ հաղթանակները կերտողն է լինելու եւ ազգային հավաքականի հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետեւ մենք բոլորովին վերջերս տեսել ենք Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ինը ներկայացուցիչների։ Եվրոպայի առաջնությունը այն մրցումը չէ, որտեղ եզրափակիչ հասնելը կարող է պատահականություն լինել։ Ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկների ցուցադրելիք արդյունքներին, մի փոքր հաջողություն եմ մաղթում։ Յուրաքանչյուր մենամարտին մարզիչների եւ մարզիկների ճիշտ մոտեցման դեպքում արդյունքները լավը կլինեն։
Մենք այս տարի արդեն գրանցել ենք ռեկորդային ցուցանիշ․ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային պաշտոնական մրցաշարերում արդեն 49 մեդալ ենք նվաճել։ Եվ ուրախ կլինեմ, եթե այդ թիվը Երեւանում դառնա 60»-ասաց ՀԲՖ նախագահը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ