Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի՝ հանրապետությունից բացակայելու արգելքը վերացվեց

Նոյեմբեր 23,2023 18:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց մոտ մեկ ժամ ուշացումով: Դատարանը քննարկեց գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը: Պաշտպանական կողմը միջնորդել էր Մարթա Սիմոնյանի նկատմամբ հանրապետությունից բացակայելու արգելքը վերացնել, որպեսզի նա հնարավորություն ունենա իր մասնագիտական ունակությունները զարգացնել միջազգային տարբեր սեմինարներին մասնակցության արդյունքում:

Հիշեցնենք, որ Մարթա Սիմոնյանը մի քանի ամիս կալանավորված էր, կասեցվել է նաեւ նրա պաշտոնավարելու իրավունքը: Ավելի ուշ, կալանքը փոխարինվեց հանրապետությունից բացակայելու արգելքով եւ գրավով: Պաշտպանը միջնորդեց, եթե դատարանին չեն բավարարի հանրապետությունից բացակայելու արգելքը ամբողջությամբ վերացնելու հիմքերը, որոնք վերաբերվում են նրա՝ հանրապետությունից փախուստի դիմելուն եւ գործի քննությանը խոչընդոտելուն, ապա հնարավորություն ընձեռել Մարթա Սիմոնյանին՝ դեկտեմբերի 5-16-ը արտերկրում հանգիստը կազմակերպելու համար:

Մեղադրող կողմը առարկեց. մեղադրողները գտնում են, որ Մարթա Սիմոնյանի՝ հանրապետությունից փախուստի հավանականությունը մեծ է:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ վերացրեց Մարթա Սիմոնյանի նկատմամբ հանրապետությունից բացակայելու արգելքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը քննեց նաեւ Միքայել Նարիմանյանի նկատմամբ հանրապետությունից բացակայելու արգելքի հարցը: Նրա նկատմամբ կիրառվել էր համակցված խափանման միջոց՝ 40 միլիոն դրամ գրավով, որը չի վճարվել: Պաշտպանը հայտարարեց, որ պարոն Նարիմանյանը ճանաչվել է սնանկ, համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են դատարան, սակայն դատարանը որոշումը կայացնելիս հաշվի չի առել այդ փաստը: Հարցի քննարկումը կիսատ մնաց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Մասամբ քննարկվեց  նաեւ տուժողի օրինական ներկայացուցիչ Գալինա Հարությունյանի՝ նիստերին մասնակցության նպատակահարմարության հարցը, քանի որ վերջինս, նախորդ նիստին հայտարարել էր, որ չի ցանկանում նիստերին մասնակցել, քանի որ կառույցը, որը ղեկավարել է, գոյություն չի ունեցել վիճելի շրջանում: Գալինա Հարությունյանը դադարել է աշխատել Բժշկական համալսարանում 2013 թվականից, իսկ դատական վեճի առարկա հարցերը տեղի են ունեցել իր պաշտոնավարումից հետո, 2016 թվականից հետո: Մեղադրող դատախազը, որը նաեւ նախաքննական փուլին է մասնակից եղել, առարկեց՝ հայտարարելով, որ գործում առկա են փաստական հանգամանքներ, որ Գալինա Հարությունյանը մինչեւ 2017 թվականը փաստացի եղել է համալսարանի արհմիության ղեկավարը:

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեղադրողներին խնդրեց հստակեցնել՝ բացի տիկին Հարությունյանի ցուցմունքից, այլ ի՞նչ տվյալներ են առկա գործում այն մասին, որ նա արհմիության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2017 թվականը:

Գալինա Հարությունյանը կրկին հայտարարեց, որ ինքն ազատվել է աշխատանքից 2013 թվականին: Նրա պաշտպանն էլ հավելեց, որ միջնորդություն ունի՝ «Մխիթար Հերացի» արհեստակցական միության կարգավիճակն, իբրեւ տուժող վերացնել, ինչի հետեւանքով վերանալու է նաեւ տուժողի օրինական ներկայացուցիչ հանդիսացող Գալինա Հարությունյանի մասնակցության հարցը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է  կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930