Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին տրված գնահատականը հանդիսացել է պատճառ, որպեսզի հանձնարարի արգելել սփյուռքահայերի մուտքը Հայաստան»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 23,2023 18:14

ՀՀ վարչական դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննության առավ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գործը։

Նիստից հետո ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ազգային անվտանգության ծառայությունը չունի որեւէ հիմք՝ Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի, Սյունե Աբրահամյանի, Ասլան Ասլանյանի եւ սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների մուտքը Հայաստան արգելելու համար։ Սա բացառապես քաղաքական հաշվեհարդար է»։ Ըստ Մինասյանի՝ այս անձինք Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման զոհերն են։ «Ես վստահ եմ, որ դատավարությունն էլ է դա բացահայտելու, եթե ոչ այս ատյանում, ապա առնվազն միջազգային ատյաններում է դա բացահայտվելու, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս ազգակործան ու դիկտատորական քաղաքականությունը, այդ թվում՝ իրավունքի վրա իշխելով։ Համոզված եմ, որ վաղ թե ուշ բացահայտվելու է, հուսամ, որ դա այստեղ կբացահայտվի, որովհետեւ այլ բան է, երբ քաղաքական հանձնարարություն է տալիս կոնկրետ մարմինների, այլ բան է, որ դա պետք է հիմնավորես։ Եվ ակնհայտ է, որ սա բացառապես Հայաստանի գործող իշխանությունների վարքագիծն է սփյուռքահայ գործիչների ազգանպաստ գործունեության վերաբերյալ, այսինքն՝ պատժել ազգային դաշտում գործող անձանց»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ այն սփյուռքահայերին, որոնք մուտքը Հայաստան արգելվել է, չեն ներկայացվել պատճառները։ «Ավելին, նույն Մուրադ Փափազյանի գործով մենք ունենք Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշումը, որով գործակալությունը պարտադրել է ԱԱԾ-ին տեղեկատվություն տալ։ Այդ որոշումը ԱԱԾ-ն բողոքարկել է դատարան։ Նույն որոշումը մենք ստացանք նաեւ Ասլան Ասլանյանի գործի վերաբերյալ։ ԱԱԾ վկայակոչումը եւ բերված փաստարկն աբսուրդ է։ Ասում է՝ եթե տեղեկատվություն տանք, որտեղ մեզ հետ համագործակցող անձանց անուններ են լինելու, ապա դա կբացահայտի նրանց։ Մենք չենք ուզում ձեզ հետ համագործակցող անձանց անունները, մենք ասում ենք՝ դուք անձին վերագրում եք որոշակի վարքագիծ, ներկայացրեք տեղեկություն։ Կոնկրետ Մուրադ Փափազյանի գործով մատնանշել էին օրենքի այն կետերը, որոնք վերաբերում էին հետեւյալին՝ կան հավաստի տեղեկություններ, որ անձն ահաբեկչությամբ է զբաղվում, կամ հանդիսանում է մի կազմակերպության անդամ, որն ահաբեկչական վարքագիծ ունի, կամ այնպիսի լուրջ արարք է վերագրվում անձին, որն ազգային անվտանգությանը սպառնալիք է։ Մենք ասում ենք՝ պարզաբանեք, ո՞րն է այս վարքագծերից վերագրվում Մուրադ Փափազյանին»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-14-ի գիշերը Մուրադ Փափազյանն ընտանիքով ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին նրա մուտքը՝ առանց լրացուցիչ պարզաբանման։ Մեկ օր նրան օդանավակայանում պահելուց հետո հետ էին ուղարկել Ֆրանսիա: Փափազյանը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ԱԱԾ-ին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները հանեն։

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, որում նշվում էր․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն իրավական առումով տգիտություն, անգրագիտություն ու սրիկայություն է։ «Որեւէ ատյանում նման վարքագիծը չի կարող օրինաչափ համարվել, եթե մարդն ակցիայի է մասնակցել, մանավանդ, որ Մուրադ Փափազյանն ընդհանրապես կապ չունի այդ ակցիայի հետ։ Հետեւաբար, դա անձին վարկաբեկելու փորձ է։ Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տրված գնահատականներին՝ դավաճանից սկսած մինչեւ այլ քաղաքական ու իրավական գնահատականները, եթե իրենք այդ մասով առարկություն ունեն, թող դիմեն դատարան, ասեն՝ դուք ինձ զրպարտում եք կամ վիրավորում, հիմնավորում չեք տվել։ Մուրադ Փափազյանը բացարձակ կապ չունի այն ակցիայի հետ, որն իրենք են վկայակոչել։ Երկրորդ, նույնիսկ այդ ակցիային մասնակցելու դեպքում այդտեղ բացարձակ չկա հանցավոր արարք։ Նույնիսկ այդ երկրի իրավապահ մարմիններն այդ դեպքով վարչական վարույթ չեն հարուցել։ Պարզ է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանին տրված գնահատականը Սփյուռքում հանդիսացել է նրա հիվանդագին դրսեւորումների եւ հանձնարարականի պատճառ, որպեսզի արգելի մարդկանց մուտքը Հայաստան։ Մենք այս ամենն ուզում ենք իրավական մակարդակ բերել, որպեսզի ինքը դառնա Հայաստանում իրավական պետության կառուցման հիմք, նաեւ ուղերձ հղենք մեր հայրենակիցներին, որ այս մարդիկ ազգակործան քաղաքականության կրողներ են, եւ շղթան պետք է մի տեղ կտրվի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930