Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի վատ հարաբերություններ ՀՀ-ԱՀ-ի միջև չի եղել ոչ մի կառավարման էլիտայի օրոք»․ Աշոտ Ղուլյան

Նոյեմբեր 23,2023 17:35

«Եթե խոսում ենք վերադարձի մասին, պետք է ունենանք Արցախի պետականություն։ Դա չի կարող լինել սեպտեմբերի 19-ից առաջ գոյություն ունեցող ձևաչափով, բայց որպես Արցախի պետականություն՝ պետք է լինի, որ մենք հարկ եղած դեպքում կարողանանք այդ նույն ժողովրդին կազմակերպել»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱՀ ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա՝ կարևոր է, թե ինչ կարգավիճակ ենք տալիս ՀՀ ում բնակվող արցախցիներին․ «Ժամանակավոր կարգավիճա՞կ է դա, թե՝ մենք ինչ-որ բան հիմնովին փոխում ենք։ Հետո դժվար է լինելու այդ նույն վերադարձի իրավունքի հետ կապված մարդկանց իրավաքաղաքական ներկա կարգավիճակը մեկ անգամ էլ փոխել»։

Ըստ Աշոտ Ղուլյանի՝ ՀՀ իշխանությունները հապճեպ որոշում են ընդունել․ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ գործող իշխանությունները հապճեպ որոշում են ընդունել, որ կարողանան մարդկանց արագ ինչ-որ ձև տեղավորել և դրա պատճառով այսօր հազարավոր մարդիկ չգիտեն ինչպես վարվել, ում դիմել։ Դիմում են, ստանում են մերժում և արդեն սկսում են որոնել, թե որտեղ կարող են իրենց խախտված իրավունքների պատասխանները ստանալ»։

Ըստ Աշոտ Ղուլյանի՝ այսպիսի վատ հարաբերություններ ՀՀ-ԱՀ-ի միջև չի եղել որևէ կառավարման էլիտայի օրոք․ «Այսպիսի կտրվածություն չի եղել, և սա ոչ մի բանով չի կարելի արդարացնել։ Իհարկե, շատ հասկանալի են նաև այն նրբերանգները, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ներակայացնել, որ դա կարող է վնասել։ Բայց խոսքը զուտ մարդկային, անձնական հարաբերությունների մասին է։ Շատ հարցերի պատասխաններ կարելի է այստեղ գտնել։ Կարծում եմ՝ ինչքան էլ մենք պատճառաբանություններ գտնենք՝ ինչին է դա վնասում, ինչին կարող է դա վնասել, այնուամենայնիվ, դա շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ մեր այսօրվա վիճակին, քան հնարավոր վնասները․ կասկածում եմ, որ կան հնարավոր վնասներ։ Արցախի պետականությունը պահպանելու թեման այսօրվա թեմա չէ միայն։ Եթե մենք մտածում ենք հայկական քաղաքական մտքի զարգացման, միասնական պետականության մասին, կարևոր է, որ Արցախի պետականությունը կարողանանք ճիշտ պահել։ Շատ զարմանալի է, որ մենք տասն օրում մոռացության ենք տվել այն, ինչ 30 տարի եղել է մեր հայկական միասնական օրակարգը։ Մենք մոռացել ենք 1988-ի ազգային զարթոնքը, Արցախի տված հպարտության զգացումը, որ ամբողջ Հայաստանը, սփյուռքը, հայկական բոլոր գաղթօջախները դրանով էին ապրում։ Եթե մենք այս հարցերը նույնիսկ ժամանակավոր հանեցինք մեր օրակարգից, շատ դժվար է լինելու մեր ժողովրդի ռազմավարական ապագան։ Տարածաշրջանում այնպիսի մեծ կաթսաներ են, և շատ դժվար է ասել, թե վաղը, մյուս օրը ինչ կարող է տեղի ունենալ այս տարածաշրջանում՝ թվում է, թե ակտիվ դերակատարների հետ»։

Նա վստահեցրեց՝ ամեն արցախցու երազանքն է վերադառնալ իր երկիր, ծննդավայր, իր տուն․ «Արդեն ունենք տխուր իրողություններ, երբ մարդիկ այդ տեսանյութերով ստանում են իրենց տների թալանը, ավերումը։ Այսինքն՝ միամիտ է մտածել, որ Ադրբեջանի ներկայացուցիչները փոխվում են կամ հատուկ կնիքով պահպանության տակ են առել Արցախի քաղաքացիների գույքը կամ նրանց տները։ Միանշանակ, եթե վերադառնալու մասին ես խոսում, այսօր միջազգային այն միջավայրը, որը եղել է սեպտեմբերի 19-ին դրանից հետո, այսօր որակական առումով փոխվել է։ Պետք է անպայման օգտվել դրանից, որ այս նպաստավոր իրավիճակում ստանանք միջազգային իրավական ձևակերպում։ Վերադառնալ միայն վերադառնալու համար հերթական մեծ հիասթափությունն է լինելու։ Եթե մենք վերադարձի իրավունքի հետ միասին չկարողանանք ապահովել մեր ինքնորոշման իրավունքը, գոնե այդ իրավունքի ընկալման գիտակցումը, մեզ սպասելու է հերթական հիասթափությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930