Բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի կարեւորությունը եւ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստան այցելելու առաքելությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը Ճշմարտության, արդարության, հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, որին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը:
Աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ որպես անկախ փորձագետ, տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ընթացքում փորձում է վեր հանել անկախացումից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, վնասի հատուցման ինստիտուտին եւ անցումային արդարադատությանը:
Կարդացեք նաև
Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացած օրենսդրական բարեփոխումները: Մանրամասն քննարկվել են զինծառայողների սոցիալական երաշխիքների եւ փոխհատուցման մեխանիզմների շուրջ կատարվող աշխատանքները:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հարցերը մշտապես օրենսդիր եւ գործադիր մարմինների ուշադրության կենտրոնում են:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ