Լրահոս
Օրվա լրահոսը

87 մլն 696 հազար դրամ կուղղվի «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին

Նոյեմբեր 23,2023 17:20

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակում կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը, որի հիման վրա հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր:

Ըստ նախարարի՝ այն պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին և երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազար դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից կարիք լինի անդրադառնալ նաև պահեստային՝ Հայֆիլմի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն տեղի է ունեցել ծրագրի պատասխանատու ճարտարապետի և ուրբանիստի աշխատանքային այցը. հաջորդ այցն ակնկալվում է դեկտեմբերի 11-12-ին: «Նախատեսվում է առաջին փուլի արդյունքները՝ նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականը, ստանալ մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլի՝ ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ներառված կլինեն ճանապարհափողոցային ցանցի, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասները: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Հայաստանում այսօր մեծ թափով իրականացվում են դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման աշխատանքներ, և բոլոր հաստատություններն ու շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նույնն ակնկալվում է նաև ակադեմիական քաղաքում. «Ամեն նոր շենքի հետ գտնվում են ավելի հարմար և դյուրին լուծումներ, որտեղ ներառականությունը կարելի է ապահովել: Եվ սա վերաբերում է ոչ միայն շենքերին, այլև՝ գործընթացին, քանի որ ներառական կրթությունը նաև բովանդակությունն է, կազմակերպման, աշխատանքի ձևը, դասավանդման մեթոդները: Այս ամենը հաշվի է առնվում. ակադեմիական քաղաքում կրթությունը լինելու է ժամանակակից ամենաբարձր միջազգային չափանիշներին համաձայն»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքներին զուգահեռ տարվում են նաև բովանդակային աշխատանքներ որակյալ կրթություն ունենալու նպատակով. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ միջազգային գործընկերների կողմից ունենք շատ լուրջ հետաքրքրություն, ինչը ցույց է տալիս, որ այս նախագիծն աստիճանաբար ավելի գրավիչ և հեռանկարային է դառնում: Օրինակ, տեխնոլոգիական կլաստերի  քննարկման համար արդեն միջազգային 3 գործընկեր բուհեր ունենք, որոնք աջակցելու են այս գործընթացին՝ Մյունխենի, Մասաչուսետսի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանները, որոնք աշխարհի լավագույն բուհերի շարքին են դասվում այս ուղղությամբ: Այն տեխնոլոգիական բուհը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում, բնականաբար, կրթությունն իրականացնելու է այդ տրամաբանությամբ, չափանիշներով և բովանդակությամբ: Բավականին մեծ առաջընթաց ունենք նաև արվեստի ուղղությամբ. արդեն իսկ կնքվել է համաձայնագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. «Հաստատուն քայլերով ընթանում ենք «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման ճանապարհով. առաջին գործնական փուլում ենք, երբ Հայաստանի և Գերմանիայի Դաշնությունը ներկայացնող գործընկերների աջակցությամբ սկսվում են գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները: Տեղանքը պետք է վերլուծվի ճարտարապետական խնդրի իրագործման տեսանկյունից, և կոնկրետ շենքերի տեղադիրքի վերաբերյալ արվեն առաջարկություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել՝ գերմանացի գործընկերները հետաքրքրվում են ՀՀ ազգային ավանդույթներով, տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններով:

«Նպատակն այն է, որ ակադեմիական քաղաքը, լինելով զրոյից ստեղծվող միավոր,  կտրված չլինի մեր իրականությունից, ժողովրդից ու պատմությունից: Առաջարկել ենք, որ նրանք անպայման այցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Ամբերդ, Եղիպատրուշ, Աշտարակ, որպեսզի զգան թե՛ տեղանքի, թե՛ պետության, և թե՛ ժողովրդի կոլորիտը: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է, և ամեն ինչ անելու ենք՝ այն պատշաճ ձևով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ազգային մարզադաշտի կառուցմանը և տեղեկացրել՝ աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխան ևս երկու մարզադաշտ ունենալու ուղղությամբ: Նախնական ըմբռնում կա նաև տեղանքի վերաբերյալ. Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել ակադեմիական քաղաքում, ևս երկու մարզադաշտ՝ Գեղարքունիքի, Լոռիի կամ Տավուշի մարզերում:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930