Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոներկրողները բողոքում են հարկային փոփոխությունից

Նոյեմբեր 23,2023 17:12

Ավտոներկրողները դժգոհ են «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունից։ Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ ավտոներկրողներ բողոքի ցույց էին անում օրենքի դեմ, որն ընդունվել է ԱԺ-ում նոյեմբերի 16-ին։

Ըստ նրանց՝ փոփոխությամբ սահմանված ավտոմեքենայի իրացումից վճարվելիք հարկերն ու մաքսերը չափազանց են իրենց նման գործարարների համար։

Ընդունված օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 1-ից շահութահարկ է սահմանվում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար:

Վարդան Օնանյան

Լրագրողների հետ զրույցում «Ամերիքըն գլոբալ գրուպ» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր, ավտոներկրող Վարդան Օնանյանը, որը «Երկիր մեդիա» ՀԸ-ի լրագրող է, ներկայացրեց խնդիրը։ Նա ասաց, որ օրենքից դժգոհողները հիմնականում ԱՄՆ-ից աճուրդով ավտոմեքենա գնող եւ ներկրողներ են։

«Դրսից ներկրած ավտոմեքենաների արժեքները շատ ավելի ձեռնտու են, քան այստեղ գործող արժեքները։ Այդ պատճառով բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են, օրինակ՝ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Խնդիրն այն է, որ մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդների հետ, ու փաստացի արձանագրվում է նաեւ մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն բան արվում է սպիտակ դաշտում, ոչ մի գաղտնի բան չկա։ Եվ այն գները, որոնցով մեքենաները դուրս են գալիս աճուրդի, տեսնում են նաեւ ՊԵԿ-ում։ Մեքենաների մաքսազերծումն էլ այդ թվով է կատարվում ու ավտոներկրող ու վաճառողն ինքն է որոշում իր եկամտի չափը»,-ասաց Օնանյանը։

Նրա խոսքով՝ նման ընկերությունները մեծ եկամուտներ չունեն այդ գործից, որովհետեւ, Օնանյանի ձեւակերպմամբ՝ այն դիտվում է մեծածախի սահմաններում․ «Ամեն մեքենայի մեջ նույնիսկ չկախված արժեքից՝ փոքր եկամուտ ենք ունենում։ Հիմա նոյեմբերի 16-ին ընդունած օրենքով մեզ նման ընկերություններին պարտադրվում է ունենալ նվազագույնը 20% շահույթ, որից հաշվարկվեն հարկերը։ Հավատացնում եմ՝ վերջին տասը տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել դեպք, որ մեկ մեքենայի իրացումից 20% եկամուտ ունենանք»։

Օնանյանի խոսքով՝ օրենքով ավտոներկրողներին պարտադրվում է եթե նույնիսկ այդ 20% շահույթը չլինի, շահութահարկը վճարվի 20%-ի հաշվարկով․ «Ասում են՝ մեքենայի արժեք, բեռնափոխադրման արժեք, մաքսազերծման արժեք ու այդ ամենին կիրառել ½ գործակից ու նոր ձեւակերպել ու հարկ վճարել։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրա նստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18%-ը վճարեմ որպես շահութահարկ»:

Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ այս օրենսդրական փոփոխության հետեւանքով ներկրած մեքենաների արժեքը ստիպված բարձրացնելու են, որպեսզի կարողանան հավելյալ հարկերը վճարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930