Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձի իրավունքը ոչ մեկը ոչ մի քննարկման ժամանակ չի վիճարկել՝ սկսած ՀՀ-ից, ավարտած Ադրբեջանով և միջազգային բոլոր կազմակերպություններով»․ Արամ Օրբելյան

Նոյեմբեր 23,2023 16:04

«Մեծ շփոթմունք կա։ Իրականում վերադառնալու իրավունքի մասին իմաստ չունի քննարկել։ Վերադարձի իրավունքը ոչ մեկը ոչ մի քննարկման ժամանակ չի վիճարկել՝ սկսած ՀՀ-ից, ավարտած Ադրբեջանով և միջազգային բոլոր կազմակերպություններով։ Որևէ մեկը չկա, որ բարձրացրած լինի, որ վերադարձի իրավունք գոյություն չունի»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ շատ ավելի հիմնարար խնդիր են վերադարձի խնդրի իրականացման կառուցակարգերը․ «Եթե իրավունք ունես վերադառնալ Արցախ, հետո խոշտանգման ու խտրականության ենթարկվես, քո վերադարձի իրավունքի իրացումը պաշտպանված չի լինելու։ Ստացվում է որևէ արժեք չունեցող իրավունք։ Հետևաբար` մենք պետք է հասկանանք, թե վերադառնալու իրավունքը ոնց կարող է իրականացվել, և որևէ լուծում որևէ կարգավիճակից դուրս ես չեմ տեսնում։ Այսինքն՝ պետք է դադարենք կրկնել վերադարձի իրավունք և պետական մարմինները և քաղհասարակությունը սկսեն քննարկել վերադառնալու հնարավորություն, վերադառնալու գործուն կառուցակարգեր, գործընթացի ապահովում, հակառակ դեպքում տեղում ենք դոփում»։

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների կարգավիճակի հետ կապված ասաց․ «Ըստ Սահմանադրության՝ կա քաղաքացիության իրավունք։ ՀՀ քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելն արգելված է։ Միևնույն ժամանակ չի կարելի զրկել նրան քաղաքացիությունից հրաժարվելու իրավունքից։ Երբ որևէ հարցի վերաբերյալ որոշում ենք ընդունում, Արցախից տեղահանված անձինք ինչ քաղաքացիություն ունեն, դա ոչ թե մեր ճաշակով պիտի անենք, թե ոնց անենք, որ լավ լինի, այլ առաջնահերթ շարժվենք Սահմանադրությամբ և օրենսդրությամբ։ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթն անձնագիրն է։ Մնացած բոլոր քննարկումներն առարկայազուրկ են։ Եթե անձն ունի ՀՀ անձնագիր, ապա միակ տարբերակն այդ անձին համարել, որ նա քաղաքացի չէ, պետք է անհատական վարույթի շրջանակներում իրավաբանորեն հաստատվի, որ այդ անձնագիրն այդ անձը ստանալու իրավունք չուներ։ Հետևաբար` քննարկել Արցախի քաղաքացուն՝ ինչ կարգավիճակ պիտի տալ, առարկայազուրկ է։ Կարող է՝ լավ կլիներ՝ տայիք փախստականի, այլ երկրի քաղաքացու կարգավիճակ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ՌԴ-ի անձնագրեր բաժանեինք, բայց պետք է առաջնորդվենք ՀՀ օրենսդրությամբ։ Հետևաբար` Արցախի այն բոլոր քաղաքացիները, որոնք նաև ՀՀ քաղաքացի են, իսկ դա հավաստվում է փաստաթղթով՝ անձնագրով, ապա ՀՀ տարածքում նրանք համարվում են ՀՀ քաղաքացիներ, և պետությունն ունի որոշակի պարտավորություններ նրանց հանդեպ, ոչ որպես էթնիկ հայերի կամ համամարդկային արժեքներից ելնելով»։

Արամ Օրբելյանը փաստեց՝ Արցախի պետական մարմինները՝ որպես այդպիսին նույն կերպ, ոնց գործում էին սեպտեմբերի 19-ից առաջ, չեն կարող գործել․ «Մեկը տեխնիկական պատճառ է․ պետության բազան երբ չկա, հարկերը չեն հավաքվում, ամբողջ համակարգի գործունեությունը ֆիզիկապես անհնար է, առարկայազուրկ է, բայց դա չի նշանակում,, որ որևէ այլ ֆորմատով Արցախի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»։

Ըստ Արամ Օրբելյանի՝ արցախցիների իրավունքների պաշտպանության առումով լուծումը այն է, որ առաջնորդվեն գործող օրենսդրությամբ, որը հաստատում է, որ այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են․ «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք ունեն բոլոր իրավունքները։ Որոշ իրավունքներ իրացնելու համար գուցե պարտադիր լինի ունենալ հաշվառումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930