«Արմենպրես» – ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի ստորագրված փաստաթղթերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, և համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում վերջնական լրամշակում անցած բոլոր որոշումները կփոխանցենք մեր հայաստանցի գործընկերներին և հույս կունենանք, որ նրանք կմիանան դրանց», – Բելառուսի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ալեյնիկը նշել է, որ ՀԱՊԿ-ի խնդիրն է պահպանել բոլոր անդամ երկրների համերաշխությունը։
«Այսօր ամենակարևորը կազմակերպության բոլոր անդամների համերաշխությունն ու միասնությունը պահպանելն է։ Հենց դա էլ մենք, ըստ էության, ցույց տվեցինք երեկ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ժամանակ», – ասել է նա լրագրողներին։
Կարդացեք նաև
Ալեյնիկը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին հաջողվել է համաձայնության գալ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվելիք գրեթե բոլոր փաստաթղթերի շուրջ։
Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին կընդունի 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։