Վերջերս Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Շողակաթ Վարդանյանի 44-օրյա պատերազմի` անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը եւ շնորհել գլխավոր մրցանակ: Շողակաթ Վարդանյանի ֆիլմն արժանացել է նաև FIPRESCI-ի մրցանակին: Փառատոնի ժյուրին ֆիլմի մասին նման կարծիք է հայտնել. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ»:
Քանի որ Շողակաթ Վարդանյանի ֆիլմի մեկնարկը տրվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro հարթակից, Aravot.am-ը այդ մասին զրուցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիրներից Սուսաննա Հարությունյանի հետ:
«2021 եւ 2022թթ Շողակաթը մասնակցել է մեր GAIFF Pro-ին:Միանշանակ շատ հուզիչ պատմություն էր եւ ոչ մեկին անտարբեր չէր կարող թողնել: Միջազգային ժյուրին երկու տարի էլ նախապատվություն տվեց այդ նախագծին, ուրախ եմ, որ այն 2022-ին ստացավ մրցանակ, որով կարողացավ առաջ շարժվել: Շատ շնորհալի մարդ է Շողակաթը, որի նյութը հետո պիտի ֆիլմ դառնար, իրեն պետք է օգնեինք այդ ճանապարհը անցնելու՝ նյութից դեպի ֆիլմ: Ուրախ եմ, որ «Ոսկե Ծիրանը» կարողացավ իր GAIFF Pro ծրագրով ինչ-որ կերպ իրեն ուղղորդել եւ դռներ բացել իր համար: Իհարկե, Շողակաթն էլ լավ աշխատեց»,-ասաց Սուսաննա Հարությունյանը:
Նա հավելեց, որ տասնյակից ավելի հաջողության պատմություններ ունեն GAIFF Pro-ին մասնակցած տարբեր նախագծեր, որոնցից մեկն էլ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացն» է. «Ոսկե Ծիրանը», բացի փառատոն լինելուց՝ նաեւ առաջ գնալու եւ աշխատանքները ներկայացնելու հարթակ է հայ ռեժիսորների համար: Այնպես որ, հաջողության պատմությունները շարունակվում են»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ