Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Կաշառք են վերցնում ով, որտեղ պատահի, Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ»

Նոյեմբեր 23,2023 14:48

Մեր երկրում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ չի կատարվում։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը (լուսանկարում) պետգույքի կառավարման կոմիտեին ամրագրելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Նշենք, որ ԱՕԿՍ-ի շենքի շուրջ համաձայնություն է կնքվել ՀՀ կադաստրի կոմիտե, երրորդ անձինք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի, «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ»-ի Գագիկ Սահադյանի եւ Ադելա Ստեփանյանի միջեւ։

701.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով գույքի արժեքը, ըստ ՏԿԵ նախարարի, 490 մլն դրամ է։

Այս հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ գույքի իրական արժեքը մի քանի տասնյակ անգամ բարձր է․ «2011-ի դրությամբ շենքի եւ հողամասի շուկայական արժեքը գրանցվել է 1,5 միլիարդ դրամ։ Ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է այս թիվը»։

Նա նաեւ ասաց, որ կառավարության որոշմամբ առաջարկվում է ԿԳՄՍ-ին առաջարկ ներկայացնել շենքի ներսում շարժական գույքի տնօրինման հետ կապված խնդրի վերաբերյալ․ «Շենքի ներսում առկա շարժական գույքի տնօրինման մասով դեռեւս խորհրդային տարիներին արձանագրվել է, որ գույքը որոշակի մշակութային արժեք է ներկայացնում»։

Ապա Վարդապետյանը ներկայացրեց դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության աշխատանքները։ Ըստ այդմ՝ մինչ օրս ներկայացվել է 93 հայցադիմում, որով պահանջվում է բռնագանձել հօգուտ ՀՀ-ի 1000 անշարժ գույք, 200՝ շարժական գույք, 270՝ իրավաբանական անձում մասնակցություն․ «Ընդհանուր հայցագինը 500 միլիարդ դրամը գերազանցում է։ Մինչ օրս չորս համաձայնություն է կնքվել, պետությանը վերադարձվել է 7 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր 2,2 միլիարդ դրամ արժեքով»։

Նիկոլ Փաշինյանը իրավապահների աշխատանքից դժգոհություն հայտնեց, ասաց, որ հանրությունն էլ դժգոհ է, քանի որ մատների վրա կարելի է հաշվել, թե նման գործերով որքան է արդյունքը։

«Մենք ասել ենք, որ վենդետաների ժանրին չենք դիմելու, ասել ենք, որ մենք սեփականության վերաբաշխում թույլ չենք տալու հակառակ տրամաբանությամբ։ Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք եւ մեզ համար սկզբունքային է եղել, որ գործընթացները լինեն օրենքի դաշտում։ Իրավապահ համակարգում բարեփոխումներ ենք արել, բայց կան պրոցեսներ, արդյունքներ չկան։ Հայտնի կոռուպցիոն գործեր կան դատական գործընթացում, եւ ես տպավորություն ունեմ, որ դրանք կարող են 25 տարի տեւեն։ Սա հանրության մոտ կարող է տպավորություն թողնել, որ կառավարությունը կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս ձգձգումներն են տեղի են ունենում։  Մենք գործարքի մեջ չենք։

Լինում են դեպքեր, երբ այդ գործերով կոնկրետ անուն, ազգանուն, հասցե է հայտնվում, պատճառներ են հայտնվում՝ ինչու այդ դեպքը հենց այն դեպքը չէ։ Սա ֆենոմեն է, երբ անուն ես ասում եւ պարզվում է, որ այդ մարդիկ ունեն համաշխարհային արժանիքներ, գլոբալ գործիչներ են, եւ ասենք երկրագունդը կանգ կառնի, եթե մենք այդ մարդկանց նկատմամբ իրավական միջոցներ ձեռնարկենք։ Մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրավապահ համակարգի արդյունավետ գործունեության համար կառավարությունը ամեն ինչ արել է, այդ թվում՝ ֆինանսավորումն է ավելացրել․ «Բայց արդյունքը նյարդ է առաջացնում կառավարության եւ հանրության շրջանում։ Երբեմն տպավորություն է, որ այդ ամբողջ դատական գործընթացների, քրեական գործերի նպատակն այն է, որ վերնագրեր հայտնվեն լուրերի թողարկումներում եւ վերջ, բոլորը դրա մասին մոռանան։ Մարդիկ են մեզ հիշեցնում այդ մասին։ Չի կարող այս պրոցեսն անվերջ լինել։ Ակնկալում եմ, որ անընդհատ կառավարության նիստերում ԱՕԿՍ-ի պես որոշումներ լինեն։ Հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, հիմա եկել ենք տարբեր կուլիսային պատճառներով․․․ մեկը համաշխարհային դեպք է, մեկը՝ ռեգիոնալ, մեկը՝ ազգային, մեկը՝ թաղային, մեկը՝ քաղաքային, մեկը՝ կրիմինալ է։ Չի՛ լինի սենց, այս ազդակը ուզում եմ հստակ տալ»։

Փաշինյանն ասաց, որ այլ երեւույթներ էլ են ի հայտ գալիս․ «Մարդիկ կան, մեզ դիմում են, յոթ հատոր փաստաթղթաշրջանառություն է լինում, վերջում գրում են՝ էդ հարցը չի լուծվի։ Հետո մի օր պատահական փողոցում տեսնում ենք, ասում են՝ դե, մենք մեր ձեւերով այդ հարցը լուծեցինք։ Սա ի՞նչ է նշանակում, սա մեզ բոլորիս է վերաբերում։ Ես չեմ համարում, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում ով, որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել, բոլոր պայմանները ստեղծել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930