Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Ինձ չի բավարարում հանրային վերաբերմունքը եւ Հայաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքը Արցախի ղեկավարության կալանավորման խնդրին»

Նոյեմբեր 23,2023 14:24

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանավորման եւ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ արտահայտելով իր աջակցությունը նրանց եւ մտահոգությունները:

Խոսրով Հարությունյան

«Ինձ չի բավարարում թե հանրային վերաբերմունքը, թե Հայաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքը իր մեջ կատարյալ բռնություն պարունակող արարքի նկատմամբ: Խորապես համոզված եմ, որ անկախ նրանից, թե մեզանից ով ինչ վերաբերմունք ունի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի եւ մյուսների նկատմամբ, խնդիրը քաղաքական է եւ կայանում է նրանում, թե մենք՝ հայաստանցիներս, եւ հայաստանյան իշխանությունը իրեն պատասխանատու զգո՞ւմ է արցախահայության, հետեւաբար, նաեւ Արցախի այն իշխանությունների նկատմամբ, որոնց հետ մենք տարիներ շարունակ աշխատել ենք»,-ասաց նա։

Խոսրով Հարությունյանը նաեւ ասաց, որ սպասում էր, եւ քաղաքական ողջամտությունը պահանջում էր, որ Հայաստանի գործող իշխանությունը պետք է ինչ-որ մի կերպ արձագանքեր:

«Ադրբեջանի իշխանությունն, ըստ էության, իր մոտ պահում է քաղաքական պատանդների, որոնք խոշտանգվում են: Նրանց առողջությանը եւ կյանքին մեծ վտանգ է սպառնում: Հետեւաբար, խնդիրն այն է, որ Ադրբեջանը խիստ մտահոգված է, թե արդյոք հայաստանյան իշխանությունները եւ հայ ժողովուրդն ընդհանրապես կհաշտվի՞ այն մտքի հետ, որ 44-օրյա պատերազմի կամ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների արդյունքում Արցախի խնդիրը այլեւս լուծված է:

Ես խորապես համոզված եմ, որ Արցախի հակամարտության հարցը կարգավորված չէ եւ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում դա պետք է լինի մեր առանցքային թեզերից մեկը: Կարգավորված չէ ոչ միայն նրա համար, որ մենք՝ հայերս, ոչ մի կերպ չենք կարող հաշտվել այդ մտքի հետ: Կարգավորված չէ, որովհետեւ այդ է ասում նաեւ միջազգային իրավունքը, որ որեւէ հակամարտություն բիրտ ռազմական ուժի կիրառմամբ կարգավորված չի կարող համարվել: Եվ գործող իշխանությունները անգամ իրենց իսկ քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է առաջնորդվեն այս թեզով, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Ավելին, եթե կարգավորված չէ, իսկ դա այդպես է, խաղաղ բանակցային գործընթացը այլընտրանք չի կարող ունենալ միջազգայնորեն ճանաչելի ցանկացած ֆորմատով»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930