Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը երեխային․ «Ի՞նչ գիտես, որ ձեր դպրոցում բուլինգի են ենթարկվում»

Նոյեմբեր 23,2023 13:38

Կառավարության այսօրվա նիստում ներկա էին ՄԻՊ առընթեր «Երեխաների եւ երիտասարդների հարցերով» հասարակական խորհրդի անդամները, որոնք կառավարության անդամներին հարց տալու հնարավորություն ունեին։

Երեխաներից մեկը դիմելով կառավարության անդամներին՝ հետաքրքրվեց, թե ինչ է անում կառավարությունը դպրոցներում բուլինգի ենթարկվող Արցախից բռնի տեղահանված երեխաներին աջակցելու կամ խնդիրը կանխելու համար։

Հարց հնչեցնող երեխան ասաց․ «Լեռնային Ղարաբաղից տեղափոխված երեխաները դպրոց տեղափոխվելու առաջին կամ հաջորդ օրը բուլինգի են ենթարկվում՝ հոգեբանական կամ խոսքային։ Այն մարդիկ, ովքեր գիտեն դրա մասին, նրանց վախեցնում են, եւ չեն թողնում մեծահասակներին կամ մյուսներին ասեն այդ մասին, ասում են, որ չեն թողնի ուրիշների հետ շփվեն այդ երեխաները»։

Վարչապետ Փաշինյանը երեխայից հետաքրքրվեց՝ ձեր դասարանում կամ դպրոցում կա՞ն նման դեպքեր։ Փոքրիկը բացասական պատասխան տվեց։

«Բա ի՞նչ գիտես, որ բուլինգի են ենթարկվում։ Տենց մտավախություն ունե՞ս», -հարցրեց Փաշինյանը։ Երեխան նշեց, որ այդ, նման մտավախություն կա։

«Այդ երեւույթը ամբողջ աշխարհի դպրոցներում կա եւ միջազգային օրակարգի հարց է դառնում, դա գլոբալ օրակարգ է»,-ասաց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց՝ ակնհայտ է, որ դպրոցներում կարող են լինել նման դեպքեր․ «Բուլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաները։ Պետք է շատ ուշադիր լինել։ Նման դեպքերը շատ դժվար է բացահայտել, որովհետեւ կարեւոր է միջավայրը վստահելի լինի։ Ընկերներն էլ մեծ նշանակություն ունեն, եթե դասարանում կա վստահելի միջավայր, որովհետեւ սովորաբար երեխաներն առաջինն են տեսնում, որ կա նման թիրախավորման դեպք։ Դպրոցներում կան հոգեբաններ, եթե անգամ կա մտավախություն, որ երեխան չի ուզում բացահայտել բուլինգը, որպեսզի իրեն չենթարկեն բուլինգի, կարող է դիմել դպրոցի հոգեբանին, մեծահասակին ում վստահում է, եւ կլինի համապատասխան արձագանք։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին, ուղեցույցներ կան, ուսուցիչներն ու դպրոցի աշխատակազմը հատուկ վերապատրաստվում են։ Սա շատ վտանգավոր երեւույթ է, որովհետեւ երեխաներն այն տարիքում են, որ նման երեւույթը կարող է խորը ազդեցություն թողնել նրա վրա, հետագայում բացասական ազդեցություն կարող է ունենան։ Ես ինքս առնչվել եմ նման դեպքերի։ Եթե խնդիրը փոխանցվի վստահելի մեծահասակի, կօգնենք»,-ասաց Անդրեասյանը։

Փաշինյանն էլ հավելեց՝ այստեղ մեծահասակների արձագանքն էլ է կարեւոր․ «Որովհետեւ երբ նման բան են իմանում, երբեմն արձագանքն այն է, որ ուրեմն՝ բուլինգի ենթարկել բուլինգի ենթարկողին։ Միանգամից տնօրեն, փոխտնօրեն, ուսմասվար, նախարար, ոստիկանություն․․․մյուս կողմից էլ նոր միջավայրում հայտնվելը մեծահասակների համար էլ հեշտ բան չէ, երեխաների դեպքում՝ առավել եւս միշտ կան խնդիրներ ու դրանք պետք է կառավարվեն»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930