Նոյեմբերի 10-12-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ WIKF-ի Աշխարհի կոնտինենտալ գավաթը, որտեղ Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Կամոն նախ հաղթելով նորվեգացի, ապա՝ ֆրանսիացի մարզիկին, կիսաեզրափակչում մրցեց կիպրացի մարզիկի հետ։ Իսկ եզրափակչում արդեն անգլիացի մրցակցին հաղթելով՝ դարձավ WIKF-ի կոնտինենտալ գավաթի հաղթողը։ Նշենք, որ այս վարկածով մրցաշարերին Հայաստանը վաղուց չէր մասնակցել։
Կիպրոսում գրանցած հաղթանակից հետո հայ մարզիկը անմիջապես մեկնեց Ֆրանսիա՝ նոյեմբերի 15-19-ը WUKF-ի Եվրոպայի առաջնությանը, որը համարվում է կարատեի աշխարհի ամենահզոր և զարգացող վարկածներից մեկը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ WUKF-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կարատեի միությունը, որը հանդիսանում է այդ վարկածի անդամ։ Այս առաջնությունում Կամոն մրցեց Չեխիայի, Իտալիայի, ապա՝ Իսպանիայի, իսկ եզրափակչում արդեն Ֆրանսիան ներկայացնող մարզիկի հետ։ Այս մարտի ընթացքում Կամոն ֆրանսիացի մարզիկի կողմից ստացավ հարված՝ չթույլատրված հատվածում, արդյունքում ստանալով լուրջ վնասվածք։ Նման դեպքերում որակազրկում են տվյալ մարզիկին, սակայն ֆրանսիացի մարզիկի դեպքում անտեսվեց դա։
Այնուամենայնիվ, դատավորների սխալ որոշման պատճառով՝ Կամո Ունանյանը դարձավ WUKF-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
«Ուրախ եմ, որ այդպես ստացվեց, քանի որ այդ հաղթանակից հետո, եթե դառնայի Եվրոպայի ութակի չեմպիոն որոշել էի ավարտել կարիերաս»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը և տեղեկացրեց, որ մտադիր է դեռ մեկ տարի էլ շարունակել սպորտային կարիերան՝ տարբեր վարկածներով մասնակցելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Իտալիայում կայացած WUKF Եվրոպայի առաջնությունում Կամո Ունանյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի պատմության մեջ դառնալով WUKF -ի առաջին մեդալակիրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ