Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թամրազյանի գաղափարաբանության հիմքում մարդու ազնիվ կերպարն է՝ ի հակադրություն ծաղկող ստորության». Գուրգեն Գասպարյան

Նոյեմբեր 23,2023 13:18

«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանին: Մեր բոլորի երազանքը պետք է լինի այն, որ Մատենադարանը դառնա միջազգային իմաստով հայագիտական օրակարգ ձեւավորող եւ հայագիտական օրակարգ թելադրող կենտրոն… Կարծում եմ, որ այս գիտաժողովը շատ անելիքներ ունի միջազգային հայագետների, երիտասարդ հայ եւ օտարազգի գիտաշխատողների հետաքրքրությունը Մատենադարանի եւ մեր գիտական գործունեության հանդեպ բարձրացնելու առումով»,- երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողովի բացմանը նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Գիտաժողովի կազմակերպիչ Խաչիկ Հարությունյանի խոսքով, միջազգային գործընկերները իրենց գիտական ուղին սկսելիս նախապատվությունը միշտ տվել են Մատենադարանին, ցանկացել են հենց Մատենադարանում ներկայանալ եւ հայաստանյան մասնագիտական հանրույթի առջեւ հանդես գալ: «Գաղտնիք չէ, որ հայագիտության լավագույն օջախներից մեկն է Մատենադարանը: Եվ յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու բարձր պատասխանատվություն է այստեղ ներկայացնել սեփական ուսումնասիրությունները, հետազոտության արդյունքները եւ լսել մեր գիտնականներին, մեր գիտաշխատողներին ու ավագ գործընկերներին»,-ասաց նա:

Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, որ մտերիմ է եղել Հրաչյա Թամրազյանի հետ, նշեց. «Մեր ժամանակներում նվազել է այն մտավորականների թիվը, որոնք հավատարիմ են մնացել իրենց կոչմանը: Հրաչյա Թամրազյանը վստահորեն այդ մտավորականներից էր: Բարեբախտություն պետք է համարել, որ հենց նա ստանձնեց Մատենադարանի տնօրինությունը 2007 թվականից սկսած: Թամրազյանը դավանանքի եւ հավատամքի մարդ էր»:

Գուրգեն Գասպարյանն անդրադարձավ նաեւ Հրաչյա Թամրազյանին՝ որպես բանաստեղծ, մեր բանաստեղծություն նրա բերած նորություններին, պոեզիայի դասական ավանդույթներին հետեւելուն:

Գուրգեն Գասպարյանի խոսքով. «Հրաչյա Թամրազյանի գաղափարաբանության հիմքում մարդու ազնիվ կերպարն է՝ ի հակադրություն իրականության մեջ ծաղկող ստորության, սերն է՝ ի հեճուկս ծավալվող ատելության եւ հավատը՝ ի հակադրություն հոգեւոր աղանդավորության: Թամրազյանի համար պոեզիան ոչ թե ինտուիտիվ խաղ է՝ հօգուտ իր կամ իր ներսում կուտակվածը զսպել չկարողանալու գլամուրական պոռթկում, անմիջականության եւ մտերմիկ զրույցի նաիվ արտադրանք, այլ իր մեծ մասով՝ գիտություն, որը սակայն առաջնորդվում է արվեստի կաղապարներով, խոսքի գեղարվեստական հնարանքներով…

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծություններն իրենց նրբակերտությամբ եւ ցածր շշուկների մեջ բարոյական թաքուն մանիֆեստներ են պարունակում, գոյի ինքնադրսեւորման պատվիրաններ… Ըստ Թամրազյանի, կյանքը պետք է բանաստեղծության նման ձեւավորվի, իսկ մարդը իր բոլոր արարքներում որդեգրի պոեզիայի ռիթմերն ու հնարանքները, որովհետեւ դա է միակ ուղին դեպի մաքրագործումը եւ կատարելությունը:

Հրաչյա Թամրազյանի համար ամենամեծ արժեքներից մեկը ընկերությունն էր: Ես նրա հետ երկարատեւ ընկերություն անելու բարեբախտություն եմ ունեցել: Մեր զրույցների հիմնական եւ մշտական թեման ոչ այնքան հայ գրականությունն էր, որքան հայոց գրերն ու հայերեն խոսքը, նրա իմաստաբանական եւ կառուցվածքային հնարավորությունները… Մենք վատ ենք ապրում, գնալով այլանդակվում ենք, բարոյազրկվում, չենք ուզում ուղիղ նայել իրար երեսի, որովհետեւ մեզ համար խոսքը արժեզրկվել է, որովհետեւ մենք անտարբեր ենք դարձել մայրենի լեզվի նկատմամբ: Եվ այս ճակատագրական անկման պահին բանաստեղծն է, որ առաքյալի նման մեզ պիտի դարձի բերի»:

Հավելենք, որ գիտաժողովում նախատեսված են բազմաթիվ հետաքրքիր զեկուցումներ: Օրինակ, Բուխարեստի համալսարանից Դավիթ Նեագուի զեկուցման թեման է «Կիլիկյան Հայաստանը Հռոմի եւ Կոստանդնուպոլսի միջեւ ԺԴ դարում», Վերա Սահակյանի թեման է՝ «Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսի արխիվի կարեւորությունը Բուլանըք գավառի հայաբնակ վայրերի ուսումնասիրության համար», Զոհրաբ Գեւորգյանի թեման՝ «Միջնադարյան բռնությունը» եւ կանխարգելումը Կիլիկյան Հայաստանում առօրեական դրվագներից մինչեւ «ծանր» դեպքեր», Լիանա Գյուրջյանի զեկուցման թեման է՝ «Քոչվորի կերպարը հայկական պատմական աղբյուրներում (թյուրք-թաթարական ցեղերի եւ ժողովուրդների օրինակով)» եւ այլն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930