Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար է վերահսկողության համար: «Խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե խաղաղության. Թևան Պողոսյան. «Փաստ»

Նոյեմբեր 23,2023 10:30

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այս կոնտեքստում պետք է մեկ կարևոր բան հասկանալ՝ թուրքական կողմը չի ցանկանում գնալ որևէ հանդիպման: «Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ պայմանագրի ստորագրումով, չի ցանկանում իր որևէ իրավունք կամ երազած ծրագիր սահմանափակել: Միշտ էլ այսպես է լինելու: Եվրոպական հարթակներում հասավ մաքսիմալին, հիմա փորձելու է այլ հարթակներում, այդտեղ կհասնի, կրկին կիսատ կթողնի, կգնա ուրիշ հարթակներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Շեշտում է՝ նույն փուլում ենք, ինչ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: «Պատերազմի մեջ ենք, որն ինքներս չենք գիտակցում, ունենք պարտված իշխանություն, որը միայն նոր պարտություններ է բերելու, ունենք թշնամի, որի ախորժակը բացվում է ամեն անգամ նոր հաջողություն գրանցելուց, ունենք կորուստներ մեկը մյուսի հետևից»,-նշում է մեր զրուցակիցը: Թշնամին, սակայն, ասում է՝ որևէ տարածքային պահանջ չունեմ Հայաստանից: «Այդ նույն թշնամին էր, չէ՞, որ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ուժի չկիրառման մոտեցման մասին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում: Եվրոպական այսօրվա չինովնիկների մեծ մասն ասում էր՝ Ադրբեջանը մեզ խոստացել էր, որ ռազմական գործողություններ չի կատարելու Արցախում, բայց արեց էթնիկ զտումներ, հետո ասում էին՝ հիասթափված ենք դրանից, ու վերջ: Ադրբեջանը հո չի ասելու, թե տարածքային նկրտումներ ունի, ասելու է, որ ունի անվտանգության խնդիր, և քանի որ անվտանգության խնդրի համար իրեն պետք է նոր բարձունքներ վերցնել, ինչպես իրենք են բացատրում, նոր բարձունքներ ու դաշտեր կվերցնեն: Չի ասում՝ տարածքային հավակնություններ ունեմ, ասում է՝ Հայաստանը խոսք է տվել, որ մենք պետք է ունենանք Զանգեզուրի միջանցք: Էրդողանն ասում է՝ ժամանակն եկել է, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է կատարի իր խոստումները»,-ընդգծում է փորձագետը:

Հայաստանի իշխանություններն էլ զբաղված են քաղաքական ու ռազմական այլընտրանքների փնտրտուքներով:

«Խաղաղության խաչմերուկի» մասով յուրաքանչյուրն իրենն ասել է: Էրդողանն ասել է՝ մեզ պետք է մեր ճանապարհները կապել իրար, դրանք լինելու են մեր վերահսկողության տակ: Ռուսաստանն առաջ է բերում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ասում է՝ ես պետք է վերահսկեմ: Իրանն ամեն ինչ արեց, որ իր պատկերացմամբ այլընտրանքային երևույթ ձևավորվի, իր միջոցով այդ բոլոր տրանսպորտային կապերը գնան, որ ինքը վերահսկի: Արևմուտքը փորձում է իր վերահսկողության խնդիրներն առաջ բերել: Նայում է՝ այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, եկեք Հայաստանի հետ խաղանք, ուղարկենք մեր անգլիացի խորհրդականներին, որ սահմանապահներին սովորեցնեն վերահսկել, ուղարկենք մեր դիտորդներին, որ վերահսկեն և այսպես շարունակ:

Հիմա աշխարհում վերահսկողության պայքար է գնում: Իրենցից յուրաքանչյուրն իր վերահսկողության կռիվն է տալիս: Հայաստանը խոսում է «խաչմերուկի» մասին, բայց բոլորը ծիծաղում են և ամեն ինչ տանում են իրենց ուղղությամբ: Սա հզորների պայքարն է վերահսկողության համար: Արևմուտքը և Ռուսաստանը պայքարում են, թե ով է վերահսկելու երևույթները, բայց թե հայ ազգի հետ ինչ է լինելու, կարևոր չէ: Այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, Հայաստանով են համագործակցում, վաղը Հայաստանը չի լինի, մյուսի հետ են համագործակցելու ու պայքարը տանելու: Այս «խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե «խաղաղության»»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930