Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ընդդիմությունը ՌԴ աջակցությունը չունի

Նոյեմբեր 23,2023 10:00

Վերջերս ծանոթներիցս մեկն ասաց, որ եթե «նախկիններն» ուզում են Փաշինյանին կործանել, ապա պետք է վարչապետին եւ նրա քաղաքականությունը գովեն: Իհարկե, չափազանցություն է, բայց կեսկատակ արված այս ձեւակերպման մեջ կա որոշակի բանական հատիկ: Դրա վկայությունն այն է, որ ցանկացած քննադատությանը ՔՊ-ն եւ դրա արբանյակները պատասխանում են՝ «բա ձեր Քոչարյա՞նը» փաստարկով:

Դրանով հանրային մակարդակում բանավեճն ավարտվում է, որովհետեւ ՀՀ երկրորդ նախագահը հանրության մեծամասնության կողմից ընկալվում է որպես իրեն «սխալ բարեւելու» համար սպանելու հրահանգ տված, մարտի 1-ի սպանդը կազմակերպած եւ իշխանության օրոք հսկայական հարստություն դիզած անձնավորություն: Ճիշտն ասած՝ ես էլ եմ նրան նման ձեւով ընկալում:

Ուրիշ հարց՝ արդյո՞ք այդ բոլոր մեղքերը համեմատելի են ներկա իշխանության «գործունեության» անփառունակ արդյունքների՝ հայրենիքի զգալի մասի կորստի եւ պետության կործանման վտանգի հետ:

Բայց ցանկացած քաղաքական գործիչ, որն այսպես թե այնպես, իրական կամ ենթադրելի կապ ունի Քոչարյանի հետ, չափազանց խոցելի է հենց վերը նշված հանրային ընկալումների պատճառով:

Բայց ներկայիս խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ այլ խնդիր՝ նրա կապը Ռուսաստանի հետ: Իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները պնդում են, որ Ռուսաստանը ցանկանում է կամ, համենայնդեպս, ցանկանում էր այստեղ հեղափոխություն անել: Դա բացարձակ սուտ է: Ճիշտ հակառակը՝ Ռուսաստանն աջակցում է Փաշինյանին, որովհետեւ նա այն երեք ղեկավարներից մեկն է, որը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ունի համապատասխան պարտավորություններ, ինչի մասին վերջերս խոսել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Իհարկե, Կրեմլի դիրքորոշումը կարող է փոխվել, եթե Հայաստանը որեւէ կտրուկ քայլ անի: Օրինակ, հայտարարի, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Բայց դա տեսանելի ապագայում տեղի չի ունենա (խոսակցություններն ու դեմարշները էական չեն). ինչ-ինչ, բայց իր աթոռը պահելու հարցում Փաշինյանը չափազանց հաշվենկատ է:

2021 թվականի խորհրդարանական եւ մանավանդ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունները լեգիտիմության առումով բավականին վիճահարույց էին: Սակայն ընդդիմությունը որեւէ ակտիվ քայլ չձեռնարկեց՝ դրանք վիճարկելու համար: Կարո՞ղ եմ ենթադրել, որ պատճառն այն է, որ նրանք չունեին Մոսկվայի աջակցությունը եւ ավելին՝ նրանց «Հյուսիսից» ասել են՝ «հանգիստ նստեք տեղներդ»:

Հայաստանում իշխանափոխության համար պետք է դժգոհության բարձր մակարդակ, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահագրգռվածությունը: Հանգամանքների այն հանրագումարը, որը կար 2018 թվականին: Այժմ այդ նախապայմաններից ոչ մեկը չկա՝ ո՛չ հասարակությունն է դժգոհ, ո՛չ էլ Ռուսաստանը կամ Արեւմուտքն են շահագրգռված: Ցանկացած տիպի ընդդիմություն դա պետք է հաշվի առնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    2020էն ի վեր, յաճախ կը լսենք այն արտայայտութիւնը, թէ՝ *բա ի՞նչ, Ռուսաստանը, ինք հայերի տե՞ղը պիտի կռուէր, թուրքերին դէմ*:

    Ուրեմն, թերեւս կրնանք մտածել նաեւ որ, *Ռուսաստանը, ինք հայերի տեղը պիտի չկռուի Փաշինյանի վարչակարգին դէմ * :

    Եւ ուրեմն նաեւ հաւանականութիւն մըն է, որ Ռուսաստանը խորապէս դժգոհ է – իրեն հպատակ – Ընդդիմութիւնից, որ վերջինս այսքան անճարակ, անզօր, տկար, թոյլ եւ անկարող է՝ Փաշինյանի նման արարած մը իսկ, գահընկեց ընելու:

    Իմ աչքերս այդ առումով բացուեցան, յատկապէս՝ Քոչարյանի նկատմամբ:

    Քանզի նախապէս կը կարծէի թէ նա շատ զօրե՜ղ մէկն էր…

    Փաստօրէն այժմ իր միմիակ * զէնքը * որ մնացած է՝ իր այդ երգեցիկ հարսն է:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930