Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք ֆիզիկական ակտիվությունը երկարակեցության բանալին է

Նոյեմբեր 23,2023 09:30

Անհիշելի ժամանակներից մարդիկ որոնում են երկարակեցության գաղտնիքները, և թեև մենք դեռևս չունենք այն կախարդական հաբերը, որոնք կուլ տալով կարող ենք երկարացնել մեր կյանքը տասնյակ տարիներով, բայց արդեն ունենք հավաստի ապացույցներ, որ կենսակերպի պարզ ու հասանելի փոփոխությունները կարող են նշանակալիորեն բարելավել մեր առողջությունը՝ նվազեցնելով վաղաժամ մահվան վտանգը։ Օրինակ՝ 2023 թ․-ին Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան ներկայացրեց ուսումնասիրության արդյունքներ, որոնց համաձայն 8 առողջ սովորությունները կարող են 6 տարով դանդաղեցնել մարդու կենսաբանական ծերացման գործընթացը։

Այդ սովորությունները կապված են սննդակարգի, ծխելուց հրաժարվելու, նորմալ քաշի, քնի հիգիենայի պահպանման, արյան մեջ խոլեսթերինի, շաքարի մակարդակների, զարկերակային ճնշման վերահսկման և որ պակաս կարևոր չէ, ֆիզիկական ակտիվության հետ։

Medical News Today-ն իր փոդքաստներից մեկում փորձագետների օգնությամբ փորձում է պարզել՝ արդյո՞ք ֆիզիկական վարժություններն այդքան կարևոր են մարդու երկարակեցության համար։

Որ տեսակի վարժություններն են նվազեցնում տարբեր հիվանդություններից վաղաժամ մահվան ռիսկը

2023 թ․-ի օգոստոսին JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում վերլուծության են ենթարկվել 500 705 մասնակիցների տվյալներ՝ հասկանալու համար, թե 10 տարվա կտրվածքով ֆիզիկական վարժությունների տեսակներն ինչպես են կապված մահվան ռիսկի հետ։

Հետազոտությունում ուսումնասիրվել է չափավոր աերոբային ֆիզիկական ակտիվության ազդեցությունը, ինչպիսին է քայլքը, հեծանիվ վարելը և  աերոբային ակտիվ բեռնվածությունը, ինչպիսին է վազքը, մկաններն ամրացնող վարժությունները, օրինակ՝ ծանրություններ բարձրացնելը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ տիպի բոլոր վարժությունների հավասարակշռումն ավելի արդյունավետ է վաղաժամ մահվան վտանգի նվազեցման հարցում։

Ավելի հստակ՝ շաբաթական մոտ 75 րոպե չափավոր աերոբային վարժությունները, 150 րոպե ակտիվ վարժություններն ու մի քանի ուժային մարզումները կապվում են տարբեր պատճառներից կախված վաղաժամ մահվան ռիսկի նվազեցման հետ։

Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդություններին, ապա առաջարկվում է համադրել 150-225 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը 75 րոպե ավելի էներգետիկ մարզումների և շաբաթական 2 կամ ավելի ուժային մարզումների հետ։

Իսկ ո՞րն է նվազագույն չափը

Իհարկե, ոչ բոլոր մարդիկ են այդքան մարզասեր և հարց է ծագում՝ ո՞րն է վարժությունների նվազագույն ծավալը, որը կարող է նվազեցնել առողջությանը սպառնացող վտանգները։

2022 թ․-ին European Heart Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն, օրական ընդամենը 2 րոպե կատարվող ակտիվ մարզումները կարող են նվազեցել քաղցկեղի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցները, որոնք երբևէ ֆիզիկական ակտիվ վարժություններ չեն կատարել, ունեցել են 5 տարվա ընթացքում մահանալու 4 տոկոս ռիսկ, սակայն շաբաթական ընդամենը 10 րոպե ակտիվ մարզվելու դեպքում այդ ռիսկը կրկնակի նվազել է։ Ավելին, այն նորից պակասել է շաբաթական 60 րոպե մարզվելու դեպքում։

Արդյո՞ք ֆիզիկական բոլոր վարժություններն են օգտակար

Փորձագետները նշում են, որ գործնականորեն ցանկացած ֆիզիկական վարժություն ավելի լավ է, քան նստակյաց կենսակերպը։ Սակայն տնային գործերի կամ աշխատանքի հետ կապված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ավելի շատ վնասել, քան օգնել։ Եվ այդ միտքը հաստատվում է վերջերս հրապարակված հետազոտությամբ, որը կապ է հայտնաբերել ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող մասնագիտությունների և ճանաչողական խանգարումների բարձր ռիսկի հետ։

Այսպիսով, թեև ֆիզիկական մարզումներն օգտակար են առողջության համար, ֆիզիկական լարվածություն և ծանրաբեռնվածություն պահանջող աշխատանքը կարող է մեծացնել հիվանդությունների զարգացման վտանգը։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930