Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագ քննիչի, փաստաբանի գործի դատավարական նախապատմությունը սկսվել է 2018 թվականից

Նոյեմբեր 23,2023 13:30

Այս տարվա փետրվարի 7-ից վերաքննիչ քրեական դատարանում է մի գործ, որը դատարանում է 2018 թվականից: Օրերս՝ նոյեմբերի 1-ին բեկանված գործով հերթական քննությունն էր: Գործը 13 հատոր է:

2023 թվականի հունվարի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել է եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության…

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվել է թիվ 12808616 քրեական գործը, որով Սոս Գասպարյանին վերագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում (ըստ վկայի՝ Սոսի մոր դատարանում տված ցուցմունքի, 2016թ. դեկտեմբերի 20-ին տղաներին հետապնդել են 4 հոգի, երբ որդիները կայանել են մեքենան, ավտոտնակի մոտ նրանց են մոտեցել այդ անձինք, որոնք վիճաբանել են տղաների հետ։ Վիճաբանության ընթացքում որդուն` Սոս Գասպարյանին գցել են գետնին, ոտքերով հարվածել, նա էլ ինքնապաշտպանվելու նպատակով մոտը եղած դանակով հարվածել է իրեն ծեծի ենթարկողներին-Ռ.Մ.): Այս գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոս Գասպարյանի հայրը՝ Բաբկեն Գասպարյանն այցելել է քննչական բաժին, հանդիպել տվյալ գործով Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ նրան առաջարկել կաշառք` Սոսին մեղսագրվող հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից առավել մեղմ քրեական պատասխանատվություն եւ պատիժ սահմանող նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով վերաորակելու համար։ Ըստ մեղադրանքի կողմի՝ քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ հայտնել է, որ կկանչի քննչական բաժնի պետի տեղակալին իր աշխատասենյակ։

Դատարանում առկա գործի նյութերի համաձայն, քննիչի հետ աշխատասենյակ է եկել վերջինիս վերադաս հանդիսացող նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, ով ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնության գալով, նույնպես Բ. Գասպարյանին խոստացել է վերջինիս որդուն ի նպաստ, իր լիազորությունների շրջանակներում կատարել գործողություններ։ Ապա 3000 ԱՄՆ դոլարը ստանալն իրականացնելու նպատակով ավագ քննիչ Միքայել Զադոյանը Բ. Գասպարյանին ուղարկել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` վերջինիս օժանդակությամբ կաշառք տվողի հետ բանակցություններ վարելու եւ նրա միջոցով քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով Գ. Գալոյանին։ Վերջինս Սոսի պաշտպանն էր:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Բ. Գասպարյանը նույն օրը հանդիպել է փաստաբան Գ. Գալոյանին, նրան հայտնել իր որդու հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքների մասին, որից հետո նույն օրը Գալոյանը լրացուցիչ պարզաբանումներ է կատարել ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ եւ կաշառք ստանալու հարցով վերջիններիս «օժանդակելու դիտավորությամբ» հանդիպել է Բ. Գասպարյանի հետ։ Փաստաբանը 2016թ. դեկտեմբերի 29-ին Գասպարյանից ստացել եւ քննիչ Միքայել Զադոյանին ու բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար գումարը:

2017թ. դեկտեմբերի 11-ին Բ. Գասպարյանի, Գ. Գալոյանի եւ Մ. Զադոյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Զադոյանի, Գալոյանի նկատմամբ հետագայում կիրառվել էր գրավ, իսկ Գասպարյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

2023թ. փետրվարի 10-ին ինքնաբացարկ հայտնեց վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը՝ Մ. Մակյանը, ով Երեւան քաղաքի դատարանում նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնողն էր: Վերջինս հայտնել էր, որ իր նախագահությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԷԴ/0129/01/17 քրեական գործով 2019 թվականի հունիսի 14-ին կայացրել է դատավճիռ, որով Բաբկեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ Բ. Գասպարյանն ազատվել է նշանակված պատժից։ Այդ գործով փաստաբան Գայանե Գալոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, համաներում դարձյալ կիրառվել: Նույն դատավճռով՝ քննիչ Միքայել Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ազատազրկում՝ 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Հաշվի է առնվել Միքայել Արթուրի Զադոյանի՝ նախաքննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 3 ամիս 29 օր կալանավորման տակ գտնվելու հանգամանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հիշյալ ժամկետը հաշվակցվել է նշանակված պատժում եւ թողնվել է կրելու՝ ազատազրկում՝ 5 տարի 8 ամիս 1 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն. «Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում դատաքննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ վարույթին հետագայում»: Ինքնաբացարկն ընդունվեց:

Այս գործը մեկ անգամ պտտվել է մեր դատարաններում, իսկ վերաքննիչ դատարանում քսան թվականի ապրիլի քսանութին հատուկ կարծիք է հայտնել անգամ նախագահող դատավորը՝ Մ. Արղամանյանը: Նա անդրադառնում է 2017թ. հուլիսի 18-ին եւ 19-ին իրականացված արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ նյութերը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությանը:

Նշեմ, որ «նախորդ» վերաքննիչը փաստել էր, որ «արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն` արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջները: Վերաքննիչ դատարանը փաստել էր, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ 2017թ. հուլիսի 18-ին եւ 19-ին իրականացված արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Մ. Զադոյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել են Մ. Զադոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցը անթույլատրելի է եւ չէր կարող դրվել մեղսագրվող արարքում Մ Զադոյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930