Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե շատ արագ ժողովրդից չվերածվենք ազգ-հայրենիքի, ապա շատ շուտով կկորցնենք Հայաստանն ամբողջությամբ

Նոյեմբեր 23,2023 13:00

Հայաստանի մի շարք տարածքների հետ կորցրինք նաեւ Արցախը եւ այսօր արդեն կշեռքի նժարին դրված է Հայաստանի մնացած՝ ոչ գրավյալ տարածքների հարցը, որոնց վերաբերյալ ոչ մի հուսադրող բան չենք կարող ասել: Հայաստանի իշխանությունը որոշել է իբր «խաղաղության» պայմանագիր կնքել թուրքի՝ Ադրբեջանի հետ, որն ընդամենը ծիծաղ է առաջացնում: Ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագիր կնքել մի երկրի հետ, որի մշտական երազանքն է րոպե առաջ հոշոտել, գրավել Հայաստանը եւ վերջին հային վերացնել աշխարհի երեսից: Խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած խոսքից հետո, նա արդեն ապացուցել է եւ պետք է միմիայն պատրաստ լինել նրա հերթական ագրեսիային, որից հետո նա անպայմանորեն աշխարհի աչքի առջեւ բարձրաձայնում է, որ իր միակ գերնպատակը Հայաստանի հետ «խաղաղություն» հաստատելն է: Ոչ թե երկարատեւ կտրվածքով, այլ ամիսների ընթացքում քանի-քանի անգամներ պետք է իր իրական դեմքը ցույց տա՝ «հաստատի» վերն ասվածը, որ մենք վերջապես հասկանանք, որ նրա նպատակը ոչ թե խաղաղություն հաստատելն է, այլ Հայաստանի գրավումը, որպեսզի վերջապես մենք էլ հասկանանք ու համապատասխան մոտեցումներ որդեգրենք: Ադրբեջանի վերջին՝ 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո, նրա ոգեւորությունը սահմաններ չի ճանաչում եւ անհնար է նման հրեշի մոտ ցանկություն առաջանա իրական խաղաղություն կնքել կապիտուլացված, կռացած, ծառս եղած երկրի հետ, որն անգամ նորմալ ժողովուրդ չունի ու իր այժմյան պահվածքով պարզորոշ հուշում է, որ իր համար համարյա միեւնույն է, ինքը հայրենիք կունենա, թե ոչ, թե ընդամենը կդառնա Թուրքիայի մի վիլայեթ: Մի՞թե Հայոց մեծ եղեռնը պարզորոշ չվկայեց, որ Թուրքիան, այժմ նաեւ Ադրբեջանը միմիայն երազում են վերջին հայի վերացումը հողագնդի վրայից:

1988թ. հայն ապացուցեց, նպատակ դրեց ու փորձեց իրականացնել իր մեծ երազանքը՝ ամեն գնով վերականգնել հայոց պետականությունը եւ կերտել ողջ հայության երազած հայկական պետությունն ու հավասարը հավասարի հետ եւ հպարտորեն կանգնեց հողագնդի բոլոր պետությունների կողքին: Ուզեց եւ մեկի փոխարեն ստեղծեց երկու հայկական պետություն՝ Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետությունները ու Արցախի սուրբ հողը միախառնեց իր հազարավոր հերոսների սուրբ արյան հետ: Վերջապես իրականություն դարձավ հայի դարավոր երազանքը եւ թվում էր, որ հատկապես Հայոց մեծ եղեռնից հետո մենք այնպիսի անմոռանալի ու հավերժական դասեր էինք ստացել, որ Թուրքիայի միակ երազանքը միմիայն կայանում էր աշխարհի երեսից վերջին հայի վերանալը … Թվում էր, անգամ Տիրոջն ուրանալու դեպքում, մենք չենք ուրանա երկնքից մեզ նայող մեր հազարավոր հերոսների երազանքը, որոնք երկնքից մշտապես հսկում էին մեր սուրբ հողը … Ցավոք, սխալվեցինք …

Հայն իր երազանքին հասավ աներեւակայելի տառապանքների գնով, սակայն ճիշտ չգնահատեց եւ արագ մոռացավ դրանք: Եթե շարժվում ես առաջ եւ մշտապես ետ չես նայում, թե որտեղից սկսեցիր, ինչպես անցար եւ ուր հասար, ապա իմացիր, որ հենց առաջին փոսը քեզ է սպասում: Մենք մոռացանք անգամ 1915թ. անդունդը, որից լոկ փշրանքներով դուրս եկանք, հրաշքով հասանք մեր երկու Մասիսներին՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների կազմավորմանը, որոնցից փոքրը՝ Արցախն արդեն գցեցինք փոսը, իսկ մեծը՝ Հայաստանը, այսօր փոսի եզրին օրորվում ու դողում է ու այն եւս ռեալ վտանգի՝ ընկնելու եզրին է:

Ի՞նչ պատահեց 88-ի մեր հզոր ժողովրդին, որ այսօր փոքրիկ քամուց երերում եւ փշուր-փշուր է լինում, չի ուզում, չի կարողանում ձեռք մեկնել անդունդի եզրին հայտնված իր հայրենիքի սուրբ մասունքներին, որոնք ժամ առ ժամ՝ մաս-մաս պոկվում եւ ընկնում են չարակուլ անդունդը: Չե՞նք ուզում, թե՞ այնքան անուժ ենք, որ փրկելու փորձ անգամ չենք անում … Ոչ, եւ հազար անգամ ոչ: Պարզապես, մենք ուրացել ենք մեր Տիրոջը, հետեւաբար նաեւ մեր հայրենիքն ու մեր ազգը, մեր հավատը:

Եթե մենք մեր վերջին ցատկը չանենք, մի հնարքով՝ վախկոտ ժողովրդից չվերածվենք ազգ-հայրենիքի, ապա հայի անունը մեկընդմիշտ կվերանա աշխարհի ազգերի ու ժողովուրդների անվանացանկից եւ կդառնա լոկ հիշողություն:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930