Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից «խռոված», միմյանցից գոհ դաշնակիցներ Պուտինն ու Ալիեւը

Նոյեմբեր 23,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պաշտոնական Բաքուն Արցախի վերաբերյալ բավարարված է միայն Ռուսաստանի դիրքորոշմամբ: Նույնը` նաեւ Հայաստանի հետ խաղաղության հաստատման եւ կոմունիկացիաների գործարկման հարցում է, պարզապես Անկարան ու Բաքուն Հայաստանի առջեւ դնում են «միջանցքի» պահանջը, մինչդեռ Մոսկվան խուսափում է այդ բառի գործածումից

Վաշինգտոնից ու Փարիզից «նեղված» Ալիեւին վերջին օրերին օգնության հասավ պաշտոնական Անկարան: «Արեւմուտքի որոշ ուժեր մինչ այս պահը չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել», – օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրում են Հայաստանին՝ իրենց համար օգուտ փնտրելով այս աշխարհագրությունում ապրող բոլոր մարդկանց տառապանքներից, իրականում մեծագույն վնաս են հասցրել հայությանը։ Հայերին օգտագործելով՝ դատապարտեցին նրանց անվստահության ու տվեցին դատարկ երազանքներ, որոնք անհնար էին իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի եւ ընդունի այս իրողությունները», – ասել է Թուրքիայի նախագահը։ Ապա հավելել է. «Ավելի ճիշտ կլինի, որ Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարներն անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության եւ հարեւանների հետ համագործակցության մեջ։ Արեւմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զինամթերք չի կարող փոխարինել կայունությանը, որը կբերի տեւական խաղաղությունը»:

Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին ընդունել ադրբեջանցիների կողմից «մեկնած խաղաղության ձեռքը»։ «Կրկնում եմ, որ մենք՝ Թուրքիան, նույնպես պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», – հավելել է նա։

Ադրբեջանի նախագահն էլ նույն ուղերձն է հղել Հայաստանին ու Հայաստանին աջակցողներին: «Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի կամքի վրա: Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։ Այդ ամենը, սակայն, որեւէ արդյունք չի տալու։ Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաեւ խելամտության եւ պատմական արդարության վրա»,- նշել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող եւ արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։

Փաստորեն, Էրդողանն ու Ալիեւն են «որոշո՞ւմ» Հայաստանի շահը, կամ հարցը, թե Հայաստանը կարո՞ղ է զինվել, թե՝ ոչ, կամ` ումի՞ց պետք է զենք ձեռք բերի, ումից` ոչ:

Այնուհետեւ Ալիեւն անցել է Ֆրանսիայի թեմային. «Մենք սպասում ենք մեր մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, որ արել ենք առաջարկի շուրջ։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքն այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»։ Նշելով, որ պատճառն այն է, որ հայերը «վատ խորհուրդներ են ստանում», մասնավորապես՝ Ֆրանսիայից, Ալիեւը նկատել է. «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, եւ դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին Թուրքիայի խորհրդարանում 2024թ. բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Հարավային Կովկասին, նշելով. «Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով եւ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Վերջ դրվելով 30-ամյա օկուպացիային՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»։ Վերջինս կրկին առաջ է քաշել թուրք-ադրբեջանական այն պնդումը, թե «Հայաստանը պետք է համապատասխան կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։ Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։

Ֆրանսիային «պատերազմ հայտարարած» Ալիեւը հրահանգել է «տեղը դնել» նաեւ Միացյալ Նահանգներին: Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն ընդունեց, որում մասնավորապես նշված է. «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արեւելքի եւ Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը եւս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։

Միայն Մոսկվայի «միջնորդական» ջանքերից գոհ ու բավարարված Ալիեւի իշխանությունը, հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հրաժարվեց Վաշինգտոնում հայ-ադրբեջանական արտգործնախարարների հանդիպումից՝ ԱՄՆ-ին մեղադրելով «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման» մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հարկ էր համարել նշել, որ «ԱՄՆ-ը կարող է կորցնել իր միջնորդի դերը»: Բաքուն, մասնավորապես, դեմ արտահայտվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի կողմից արված մեկնաբանություններին։ «Այս պայմաններում հնարավոր չենք համարում 2023թ. նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- նշված էր հայտարարությունում:

ԱՄՆ Պետդեպարտամենտից արձագանքեցին՝ Բաքվի վերոնշյալ բոյկոտին: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը հարց էր ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտին, թե` հաշվի առնելով արեւմտյան որեւէ հարթակում հանդիպում ունենալու Ադրբեջանի դժկամությունը, ո՞րն է Միացյալ Նահանգները համարում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ քայլը: Հարցմանն ի պատասխան՝ Պետդեպարտամենտը ընդգծել է երկու երկրների միջեւ ուղիղ բանակցությունների կարեւորությունը: «Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանն արժանապատիվ եւ տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձեւով քննարկեն եւ լուծեն հարցերը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվականները հեղեղված են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերաբերյալ քննադատական հրապարակումներով: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող այս երկրները մեղադրվում են` «ԼՂ-ի անջատողականներին» հովանավորելու մեջ, ավելին, հենց ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են, այլ ոչ թե Ռուսաստանը, Ադրբեջանի կողմից մատնանշվում են որպես բանակցային գործընթացում եւ մասնավորապես խաղաղության համաձայնագրում` «ԼՂ-ի հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրների պաշտպանության պահանջը ներկայացնող» պետություններ: Ադրբեջանի իշխանությունների ջղաձգությունը հասել է արդեն այն մակարդակի, որ ամերիկյան եւ ֆրանսիական դիվանագիտությանը մեղադրում են նրանում, որ նրանք համարձակվում են` «Լեռնային Ղարաբաղի համար կարգավիճակի հստակեցում պահանջել»:

Նկատենք, որ անցյալ շաբաթ պաշտոնական Բաքուն նաեւ ԵՄ-ին հասցրեց քննադատել: Ադրբեջանն «անհամարժեք եւ անընդունելի» համարեց Բրյուսելում ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունները։ Բորելը Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընդլայնում են ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, ապա ընդգծեց՝ պետք է շատ զգոն լինեն Հայաստանը ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նաեւ ուղերձ հղեց Ադրբեջանին: «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ շատ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա», – ասաց Բորելը՝ Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների կոչ նաեւ հղելով։

Ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր «խեղաթյուրում են իրողությունները տարածաշրջանում»՝ Բաքուն շեշտել է՝ «այդ մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, նշել էր՝ «ԵՄ-ի ջանքերը՝ զինելու Հայաստանին եւ դրանով իսկ աջակցելու նենգ ռազմականացման քաղաքականությանը, խոչընդոտում են տարածաշրջանի խաղաղությանն ու խրախուսում նոր հակամարտություններ, որի պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ վրա»։ «Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, եւ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ՝ համարժեք պատասխանի», – ասվում էր հայտարարությունում։

Ի՞նչ է ստացվում, պաշտոնական Բաքուն Արցախի վերաբերյալ գոհ է միայն Ռուսաստանի դիրքորոշումից: Նույնը` նաեւ Հայաստանի հետ խաղաղության հաստատման եւ կոմունիկացիաների գործարկման հարցում է, պարզապես Անկարան ու Բաքուն հստակ Հայաստանի առջեւ դնում են «միջանցքի» պահանջը, մինչդեռ Մոսկվան խուսափում է այդ բառի գործածումից, սակայն միեւնույն է, Ռուսաստանն էլ Հայաստանից ակնկալում է կոմունիկացիաների ապաշրջափակում` ՀՀ ինքնիշխանության հաշվին, որը Էրդողանի ու Ալիեւի ծրագիրն է: Հետեւաբար, փաստացի, նաեւ` Կրեմլի: Եվ ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին գոհ է Բաքվի պահվածքից, բայց ոչ` պաշտոնական Երեւանի:

Մոսկվա-Բաքու դաշինքն, այսպիսով, ավելի ու ավելի ցցուն եւ ամուր է դարձել: Ռուսաստան-Ադրբեջան շահերն այսօր այնքան նույնական են մեր տարածաշրջանի ապագային վերաբերող հարցերում, որ անգամ տարօրինակ չէր, որ հենց այս երկու երկրներն էլ բոյկոտեցին Երեւանում օրերս անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930