Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը իրականացնում է իր «գաղտնի» կախարդական ելույթը Քարնեգի համերգասրահում». Դեվիդ Պատրիկ Ստերնս

Նոյեմբեր 23,2023 14:00

Նախօրեին Բոստոնի «Սիմֆոնիկ» համերգասրահում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը, որի հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությանը։ Սա նվագախմբի համաշխարհային շրջագայության վերջին ելույթն էր։

Իսկ շրջագայության մեկնարկը տրվել է Հունաստանում, նոյեմբերի 12-ին՝ Աթենքի «Մեգարոն» համերգասրահում, ապա շարունակվել Սալոնիկում, ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում, հետո Կանադայում՝ Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն» եւ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահներում։ Ծրագրում ընդգրկված են եղել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը եւ 2-րդ սիմֆոնիան։ Որպես մենակատարներ նվագախմբի ընկերակցությամբ հանդես են եկել մեծահամբավ երաժիշտներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը եւ Անուշ Նիկողոսյանը։ Կայացած բոլոր համերգները ղեկավարել է մաեստրո Թոփչյանը։
Ուրախացնող փաստ է, որ մեր ֆիլհարմոնիկի ելույթներին անդրադարձել են նաեւ հեղինակավոր մասնագիտական պարբերականներ ու կայքեր։

Մեզ հետաքրքրեց հատկապես աշխարհի ամենահեղինակավոր սրահներից՝ Քարնեգի համերգասրահում կայացած համերգից հետո ամերիկացի հայտնի երաժշտական քննադատ Դեվիդ Պատրիկ Ստերնսի Philadelphia Inguirer պարբերականում տպագրված ծավալուն հոդվածը։ Նշենք, որ ըստ արեւմտյան մամուլի՝ պարոն Պատրիկ Ստերնսին հանդիսատեսի կարգավիճակում ոչ բոլոր համերգներին կարելի է տեսնել։

Լուսանկարներում՝ կադրեր Հայաստանի ֆիլհարմոնիկի համաշխարհային բեմելներից։

Ներկայացնում ենք հատվածներ այդ հոդվածից։ «Ինչո՞ւ, հարցնում եմ ինքս ինձ, նոյեմբերի 15-ին ինձ այդքան գրավեց «Քարնեգի» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը։ Թեեւ որոշիչ պատճառներից մեկը ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունն էր, նաեւ Կոմիտաս վարդապետի (1869-1935թթ.) գործոնն է։ Նա հայ եկեղեցական էր, երաժշտագետ, կոմպոզիտոր եւ երգիչ, ում երգեցողության ձայնագրությունը ես հայտնաբերեցի Բրուքլինի Red Hook-ի ձայնասկավառակների խանութում։ «Քարնեգիում» ես ակնկալում էի ունկնդրել հիանալի նվագախմբային երաժշտություն, որը հնչելու էր այլընտրանքային ավանդույթներով։ Նյույորքյան ելույթը մի փոքր անսպասելի էր, թեեւ նվագախումբը համաշխարհային շրջագայության մեջ է։ Համերգի առաջին բաժնում խաչատրյանական երաժշտության կատարումից հետո ակնհայտ էր, որ նվագախումբը բարձր մակարդակի է, այն էլ նշանակալի, եւ որ այն կարող է իրավամբ դասվել համաշխահային այն անվանի նվագախմբերի շարքում, որոնք ներկայացվում են «Քարնեգի» համերգասրահում։

Նվագախմբի յուրաքանչյուր ենթախմբում գործում էր իր տեսակի մեջ միասնական, մի փոքր զուսպ ներդաշնակություն, ինչն անմիջապես գրավեց լսողությունս։ Միայն Ռախմանինովի սիմֆոնիայի կատարումից հետո հասկացա, որ լարայիններն օգտագործում էին միջին հագեցվածության  վիբրատո։ Նշեմ նաեւ, որ երաժշտությանը մեծ դրամատիզմ էր հաղորդում նվագախմբի տարբեր ենթախմբերի կոնտրաստային հնչողությունը։ Այն ձայնային հնարավորությունները, որ բացահայտվեցին Ռախմանինովի կատարման ժամանակ, թույլ տվեցին վերհանել երաժշտության ներքին կառուցվածքը։

Յուրաքանչյուրն, ով սիրում է այս սիմֆոնիան, գիտի, թե որքանով է այն թեմատիկորեն ինտեգրված։ Բայց այդ կատարման մեջ բացահայտվեցին այնպիսի մանրամասներ, որոնք առիթ են տալիս եզրակացնելու, որ հարուստ հնչողության մեջ պարփակված է միանգամայն խորը երաժշտական միտք։ Անգլիական եղջերափողի եւ կլառնետի մենանվագները պարունակում էին հատկապես գրավիչ հնչյուններ, թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց չէր խանգարում կամ կլանում նվագախմբի չափազանցված հնչողությունը։ Ընդհանուր առմամբ այստեղ ոչինչ պարտադրված չէր եւ դա վերաբերում է նաեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտին։ Ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ինձ հաճախ է զարմացրել բեմական ինքնամփոփ պահվածքով, սակայն ինչպես պարզվեց ելույթի ընթացքում, նա իրականում զուրկ էր լարվածությունից եւ ստեղծագործությունը կատարում էր առանց լրացուցիչ ջանքերի։ Լարվածությունը փոխանցվում էր ոչ թե ջութակի ձայնի հզորությամբ, այլ հնչյունի կենտրոնացմամբ եւ ինտենսիվությունը գալիս էր ոչ թե արտաքին պարտադրմամբ, այլ կատարողի զգացմունքի թելադրմամբ։ Հայաստանի ֆիլհարմոնիկի համերգը պարտադրված ելույթ չէր…

Իհարկե, Հայաստանի նվագախումբն արժանավայել ներկայացրեց իր ազգային երաժշտությունը, իսկ արեւելյան թեմաներով հատվածները, որոնք հիշեցնում են, օրինակ, արաբական միկրոդարձվածքներ, որոնք ոչ հայկական նվագախումբը կկատարեր որպես էկզոտիկա, այստեղ հնչեցին միանգամայն բնական…»։

Հոդվածագիրը, պարզվում է, հետեւում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի յութուբում տեղադրված տեսանյութերին։ Նրա խոսքով՝ «Հայաստանի ֆիլհարմոնիկը բազմազան երկացանկով  ներկայացված է յութուբում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր ելույթներով։ Այս համերգաշրջանի ծրագրի լիարժեք մասն են կազմում օպերաների կատարումները, որոնց թվում է նաեւ Չայկովսկու «Պիկ թագուհին»։ Չայկովսկու նկատմամբ իմ վերաբերմունքը ստիպելու է յութուբում փնտրել այս օպերայի տեսաձայնագրությունը Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ»։

Ֆիլհարմոնիկի հյուրախաղերը նվիրված են մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին եւ իրականացվել են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930