Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում` «ՄՏՍ Հայաստանի» հարցով. Արմինե Ֆանյան

Նոյեմբեր 22,2023 23:30

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է.

«Օրերս մամուլում լուր տարածվեց, որ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող՝ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Ինչն է հետաքրքրական:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մոտ երեք ամիս ուսումնասիրությունից հետո գործարքի կնքմանը համաձայնություն տալը մերժել էր, քանի որ իրավասու մարմնի գնահատմամբ (Ազգային անվտանգության ծառայությունը) գործարքի կնքումը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:

Սակայն

2023 թվականի նոյեմբերի 3-ին գրությամբ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու նոր հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը կրկին ցանկանում է  ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

Նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

նույն փաստական հանգամանքների պարագայում 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 397Ա որոշմամբ համաձայնություն է տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը:

Ասել է թե՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը վերացել էր:

Hetq լրատվական կայքը հրապարակում է կատարել այն մասին, որ «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին:

hraparak.am կայքը նշել է. «Մեր տեղեկություններով՝ ռուսական 1Xbet ընկերությունը չի ցանկանում հեշտ հանձնվել և պայմանավորվելով որոշ շրջանակների հետ՝ նորից փորձում է գնել «ՄՏՍ Հայաստան»-ը: Ինչ է իրենից ներկայացնում 1Xbet-ը։ Այն բուքմեյքերական ընկերություն է, որի սեփականատերերն են Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը և Դմիտրի Կազորինը, ովքեր այս պահին գտնվում են միջազգային հետախուզման մեջ, ենթադրաբար՝ ինչ-որ անօրինական գործունեության համար մեղադրվելու հիմքով»:

Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի №56-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն, Հայտը պետք է ներառի՝ բաժնեմասը ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձի վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ:

Փաստն այն է, որ 2022թ. ապրիլի 20-ին գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող կապի օպերատորի 100 տոկոս բաժնետոմսերը «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի կողմից ձեռք բերելու համաձայնություն է տվել այն պայմաններում, երբ ամիսներ առաջ հայտը մերժվել էր, քանի որ կար ազգային անվտանգության սպառնալիք, բացի դա, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը որևէ փորձառություն չունի կապի ոլորտում:

Նշված հանգամանքները պարզելու նպատակով այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930