Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այն ժամանակ ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը կա, բայց գործունակ չէ, հիմա, ընդհանրապես, ասում են՝ դու չկաս». Մհեր Հակոբյան

Նոյեմբեր 22,2023 23:07

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության տրամադրման մասին հարցը: Այդ մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«… Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականը Հայաստանին օգնության վերաբերյալ որոշման լրամշակման վերաբերյալ: Հայկական կողմը, թեև մյուս բոլոր դաշնակիցները կողմ էին այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որի խոսքը մեջբերել է TACC գործակալությունը։ Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորաբար, ասված է. «Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է ետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցների տրամադրելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ չէր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է եղել, սակայն լրամշակման կարիք ունի, իսկ հետագայում մանրամասներ էր հրապարակել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ի առաջարկից։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր՝  չստորագրման պատճառն այն էր, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չէր հայտնել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ու չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։ Ապա, նրան երկրորդեց Արարատ Միրզոյանը:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ, տեղի ունեցածը Հայաստանի կողմից արված քաղաքական քայլ է. «Կարծես Արեւմուտքի դրդումով՝ հակամոսկովյան հերթական քայլն է, թե սա մեզ ո՞ւր կհասցնի՝ դժվար է ասել: Սա ակնհայտ հայկական կողմի քաղաքական դեմարշն է Մոսկվայի դեմ: Բնականաբար, Մոսկվայից դժգոհ լինելու հիմքեր ունենք, բայց, մյուս կողմից էլ բարդ է ասել, թե սա մեզ ո՞ւր կտանի. ընտրել արեւմտյան ուղղությունը մի բան է, այդ ուղղությամբ հաջողությամբ տեղ հասնելը, բոլորովին այլ բան»:

Մհեր Հակոբյան

Մեր զրուցակիցը բերում է հարեւան Վրաստանի օրինակը, 2008 թվականի ռուս-վրացական եռօրյա պատերազմը, որի արդյունքում մինչ օրս Վրաստանը «երկրի ու երկնքի միջեւ է կախված», Ուկրաինայի օրինակը, երբ կտրուկ դեպի Արեւմուտք ձգտելով՝ ստացավ ողբերգական պատերազմ՝ անորոշ հեռանկարով ու դեռ հայտնի էլ չէ, թե պատերազմի ելքն ինչպիսինը կլինի՝ հավելելով, որ ամենավառ այդ օրինակները  հուսադրող կամ օրինակելի չեն: Միաժամանակ, փորձագետը նաեւ նկատում է, որ Մոսկվան, Երեւանի նկատմամբ, իրապես բոլոր կարմիր գծերն անցավ. «Արցախի այս ցավալի կորուստը 2020 թվականից հետո, իրապես Մոսկվայի մեղքով եղավ: Ինչ էլ ուզում է ասվի, հիշեցվի, որ մինչ 2020 թվականը Նիկոլ Փաշինյանը հակամոսկովյան դիրքորոշում ուներ, անզգույշ հայտարարություններ արեց եւ այլն, բայց, 2020 թվականից հետո, Արցախի համար փաստացի Մոսկվան էր պատասխանատու եւ Մոսկվան, փաստացի չկարողացավ իր խնդիրը կատարել: Այս իրավիճակում, Հայաստանի արեւմտյան ուղղությունը բացատրելի է, մանավանդ, որ Մոսկվան, ստեղծված իրավիճակում, եթե ցանկանա էլ զենք-զինամթերք չի կարող տալ Հայաստանին: Նաեւ արցախյան հարցում մենք տեսանք, թե ինչպես էր Մոսկվան մեզ կտոր-կտոր հանձնում՝ Խծաբերդը, Քարագլուխը, Բերձորի միջանցքը, միջանցքի շրջափակում ու Մոսկվան մինչեւ վերջ էլ իր խնդիրը չկատարեց»:

Դիտարկմանը՝ արդյո՞ք Հայաստանի ի սկզբանե՝ 2018-ից ի վեր, հակառուսական դիրքորոշումը չհասցրեց Մոսկվայի ձեռքերն ազատելուն՝ իր հետագա գործողությունների համար, մեր զրուցակիցը համաձայնեց. «Դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որոշակի հակառուսական ուղղություն մենք ունեինք՝ կոմպլեմենտարիզմի անվան տակ, բայց ոչ մի խնդիր չկար: Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարում ի հայտ եկավ Ռոբերտ Քոչարյանի հարցը, որը լակմուսի թուղթ էր ու այդտեղ մենք տեսանք, որ Փաշինյանը Պուտինին ձեռնոց նետեց, երբ հայտնի հանրահավաքի ժամանակ ասաց՝ «մեզ ասում են՝ Քոչարյանը մեր ընկերն է, ազատեք, մենք էլ ասում ենք՝ ընտրեք ընկերներին»:

Ապա Խաչատուրովի դրվագը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելը, ռուսական ընկերության՝ Հարավկովկասյան երկաթուղիների նկատմամբ քրեական գործը, Մոսկվայի կողմից ակնհայտ անընդունելի մարդկանց՝ Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան անկյունաքարային պաշտոնների նշանակումը եւ այլն, հիմք դրեցին գործընթացին: Բայց, մյուս կողմից էլ, Մոսկվայի կեցվածքն էլ ընդունելի չէր, մանավանդ, որ 2020 թվականի պատերազմը եղավ Մոսկվայի թողտվությամբ, որպեսզի Հայաստանին պատժեին. արդյո՞ք ՀՀ իշխանության կեցվածքը հիմք էր Հայաստանի հանրապետությանը նման ձեւով պատժելու համար, կամ՝ դա հի՞մք էր, որպեսզի 120 հազար արցախահայեր արտագաղթեի՞ն: Չէ՞ որ, ինչքան էլ Նիկոլը վատը լինի, ակնհայտ է, որ 2020 թվականից հետո, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի երաշխավորը ՌԴ-ն էր: Նիկոլի վատը լինելը բնավ չի արդարացնում Մոսկվայի քաղաքականությունը, գուցե մի քիչ բացատրում է, ընդ որում, խնդրահարույց է բացատրում, բայց չի արդարացնում»:

Մեր զրուցակցի համար միանշանակ է՝ Նիկոլ Փաշինյանը կտրեց ռուսական ճյուղը, չի բացառում, որ նաեւ՝ անզգույշ: Իր դիտարկումներով, իշխանության գալուց ի վեր Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում թե-ական եւ զգույշ էին վերաբերվում, որովհետեւ ուկրաինական փորձն աչքի տակ ունեին՝ հերթական Մայդանը, հերթական գունավոր հեղափոխությունը, մանավանդ, Փաշինյանի շրջապատում էլ հավաքված էին մարդիկ, ովքեր ասոցացվում էին Արեւմուտքի գրանտային միջավայրի հետ ու այդ անվստահության մթնոլորտը ոչ միայն չհաղթահարվեց, այլ վերոնշյալ դրվագներով ավելի խորացրեց իրավիճակը:

Իսկ ՌԴ-ն հետխորհրդային տարածքում, ըստ Մհեր Հակոբյանի, երկու կոպիտ սխալ արեց, որի հետեւանքները թե այդ ժողովուրդներն են կրում, թե ՌԴ-ն. «Առաջին սխալը մենք էինք, երկրորդը՝ Ուկրաինան: 2020-ին փորձեց մեզ պատժել, մեր մեջքը կոտրել, Ուկրաինան գրավել եւ Հայաստան, Ուկրաինա, Բելառուս սխեմայով ԽՍՀՄ-ը ինչ-որ կերպ վերականգնել. մեզ պատժեց հաջողությամբ՝ իր անգործությամբ, բայց Ուկրաինայի մասով իր պլանները չիրականացան ու դա բերեց նրան, որ մեզ պատժեց, բայց, այսպես ասած, օգուտը չստացավ, ավելի վնաս ստացավ, քանի որ 2020-ին երբ ՌԴ-ի թողտվությամբ պատերազմ սկսվեց Արցախի դեմ, ուժերի այսպիսի դասավորություն ՌԴ-ում հաստատ չէին նախատեսել: Իրենք ցանկանում էին, որ Հայաստանը կոտրվի, Արցախը վերցնեն իրենց: ՌԴ-ի համաձայնությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին կոտրեց, Արցախն էլ վերցրեցին իրենց. կոպիտ ասած՝ գցեցին ՌԴ-ին»:

Մեր զրուցակցի դիտարկումներով, նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում երկար ժամանակ է ոչ շատ նկատելի, բայց կայուն լարվածություն կա, որը մոտ ժամանակներում՝ 2024-ի ընթացքում, շատ կոնկրետ տեսք կստանա. «Արցախը հայաթափվեց, բայց շատ աբսուրդ ձեւով, Ադրբեջանը համաձայնվեց, որ ռուս զինվորականները մնան Արցախի տարածքում. ի՞նչ են անում՝ հայտնի չէ, մինչդեռ 20 տարի առաջ Ադրբեջանը երկու ոտքը դրեց մի մաշիկի մեջ եւ ռուսներին հանեց Գաբալայի կայանից: Հիմա Ադրբեջանը ռիսկ չարեց ռուսական զորքը հանելով այդ լարվածությունը վերջնական դետոնացնի, ՌԴ-ն էլ իր հերթին ցանկանում էր, որ Արցախում գոնե մի քանի տասնյակ հազար բնակչություն մնա, որ իր զորքի մնալու գոնե ձեւական հիմքը լինի, բայց դա էլ չեղավ: Միաժամանակ, Ուկրաինայում ՌԴ-ն դժվարությամբ, բայց իր օգտին է փոխում պատերազմի ընթացքը. հիմա, հավանաբար, մտածում են՝ «Հարավային քեյսն» այսպես մնա, Ուկրաինայում ոտքի կանգնեն, ապա, ասենք մի կես տարի հետո, կփորձի ուժի դիրքերից կամ այլ կերպ խոսել Ադրբեջանի հետ:

Թեեւ ի՞նչ է խոսելու, ես չգիտեմ, որովհետեւ, եթե հայկական բնակչությունը հետ գնա Արցախ, դեռ հարց էլ է՝ հայերը հետ կգնա՞ն, թե՝ ոչ, ապա արդեն հարց է այդ հայերի իրավական կարգավիճակն Արցախում, որովհետեւ ՊԲ չկա, զինվածություն չկա, ադրբեջանական վարչաիրավական համակարգն է գործում Արցախի տարածքում, ու այդ մարդիկ ինչպե՞ս են ապրելու այդտեղ: Հավանաբար, ՌԴ-ում էլ այս հարցերի պատասխանները չունեն, բայց, համենայնդեպս սպասում են, որովհետեւ տեսնում եք, թե ինչ դինամիկ աշխարհում ենք ապրում, եւ, օրինակ, բացառված չէ, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կես տարի հետո լրջորեն սրվեն: ՌԴ-ում, հավանաբար, մտածում են, որ Ադրբեջանը, որն այս պահին իրապես բարդ աշխարհաքաղաքական ընտրության առջեւ է կանգնած՝ պաղեստինաիսրայելական կոնֆլիկտով պայմանավորված, որտեղ հրեաները սեղմում են արաբներին, Իրանն էլ ատամներն է կրճտացնում, բայց չի գործում ու չի բացառվում, որ ինչ-որ պահի իսրայելական հարվածն Իրանի վրա գա, իսկ դա գալու է Ադրբեջանի միջոցով, այդ դեպքում պատասխան հարվածը Իրանն Ադրբեջանի կհասցնի, որովհետեւ Իսրայելը հեռու է, ՌԴ-ն հյուսիսից կհիշի ու այդ դեպքում, բացառված չէ, որ Արցախում մենք կունենանք ինչ-որ զարգացումներ: Այս ամենը հաշվի առնելով՝ լինում են իրավիճակներ, երբ խնդրի չլուծումն արդեն իսկ լուծում է. ՌԴ-ն էլ Ադրբեջանն էլ հետաձգում են, խնդիրը չեն լուծում՝ հասկանալու համար թե ինչ է լինելու, պարզապես վատն այն է, որ մենք տուժեցինք այս ամենի արդյունքում ու հիմա տարբերակներ եւ ենթատարբերակներ ենք հաշվարկում այն հույսով, որ ահա այստեղ Ադրբեջանի եւ Ալիեւի ոտքը կկոտրվի, մենք էլ կօգտվենք: Բայց ինչի՞ մենք պիտի մնայինք սրա հույսին. շատ ցավալի է»:

Ռազմական փորձագետը խռոված երեխայի կեցվածք չի համարում այն, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, ԱԺ նախագահը ՀԱՊԿ-ի առաջիկա միջոցառումներին չեն մասնակցի: Դա նա համարում է սիմվոլիկ ժեստ: Ավելի էական է համարում՝

Հայաստանին օգնության փաթեթը ՀԱՊԿ-օրակարգից հանելու համատեքստում ասելիքը. «Այն, որ 2022 թվականին Հայաստանը խնդրում էր ՀԱՊԿ-ի մասնակցությունը ՀՀ սահմանների  պաշտպանությանը, հիմա ինքն է դիմում, որ իր օգնության ծրագիրը հանվի ՀԱՊԿ-ի օրակարգից, սա հերթական ապտակն է ՌԴ-ին: Եթե այն ժամանակ Հայաստանը դիմեց ու ՀԱՊԿ-ը չօգնեց ու դրանով ՌԴ-ն խայտառակ եղավ, հիմա էլ ասում է՝ իսկի չեմ էլ դիմի քեզ: Եթե այն ժամանակ ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը կա, բայց գործունակ չէ, հիմա, ընդհանրապես, ասում են՝ դու չկաս: Սա ազդանշան է, թեեւ ռիսկային ազդանշան, նաեւ այն համատեքստում, որ մենք այլ ապահովության երաշխիքներ ունենք: Արտաքին կեւեղը սա է, բայց թե խորքում ի՞նչ կա՝ հայտնի չէ, քանի որ մենք չգիտենք, թե իրականում Արեւմուտքը մեզ ի՞նչ է առաջարկել, առաջարկե՞լ է, թե՝ չի՞ առաջարկել, այդ առաջարկն իրատեսակա՞ն է, թե՝ ոչ: Բայց, հաշվի առնելով Ադրբեջանի մի քիչ վախեցած պահվածքը, հարաբերությունների մի քիչ սրումը Արեւմուտքի հետ, օրինակ, ես չեմ բացառում, որ Ադրբեջանի վրա պատժամիջոցների ճնշումը մի քիչ կուժեղանա. նման ձայներ արդեն լսելի են Ադրբեջանից: Ամեն դեպքում, ռիսկային գործընթաց է: Բայց, գետը մեզ տանում է եւ դիմացը ջրվե՞ժ է, որտեղ կործանվելու ենք, թե՞ խաղաղ նավահանգիստ՝ արդեն դժվար է կանխատեսել: Կրկնեմ, այլ հարց է, որ չպիտի այդ գետը մտնեինք:

2018-ին, երբ մենք ոգեւորված նոր Հայաստան էինք կառուցում, այդ էներգետիկան իսկապես կարող էր օգտագործվել անցյալը թողնելու ու իրական համերաշխության ու սիրո համար, բայց ի՞նչ արեցինք մենք՝ ամեն ինչ տարանք ճղճիմ ձեւով Քոչարյան հետապնդելուն, որը, բնականաբար, չստացվեց եւ «մարտի 1-ի» գործով Քոչարյանն արդարացվեց, այսպես կոչված, թալանը հետ չբերվեց, հասարակությանն էլ բաժին հասան մեծ փոթորիկներ, երկփողկում, Քոչարյանի հողի վրա Մոսկվայի հետ հարաբերությունների փչացում, ինչի արդյունքը եղավ 2020-ի պարտությունն ու Արցախի հայաթափումը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, բնավ էլ իրատեսական հատիկ չունի տեսակետը, թե Նիկոլի փոխարեն ով էլ լիներ, այս էր լինելու վերջը: Ըստ նրա, մենք չենք կարող հստակ ասել, թե որեւէ այլ մեկն ի՞նչ կաներ եւ ի՞նչ կլիներ, բայց այն, ինչը որ Նիկոլն արեց, բերեց սրան: Իրավիճակը փորձագետի կարծիքով, կարող էր շտկել իշխանափոխությունը, բայց եթե «Նիկոլը խեղճ հարիֆ է», ընդդիմությունն էլ անզոր է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930