Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ թաղապետ Հակոբ Արշակյանից լավ տղա չէ, որը հրաժարական տվեց». Իզաբելլա Աբգարյանը պահանջում է որպես պատիժ մանդատը վայր դնել

Նոյեմբեր 22,2023 22:35

Երեւանի ավագանու ծեծկռտուքից հետո առաջարկ եղավ ստեղծել էթիկայի հանձնաժողով ու գնահատական տալ ավագանու անդամների պահվածքին: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պաշտոնյաների համար բարեվարքության կանոնների մասին նախագիծը մենք դեռ անցյալ տարի ենք ընդունել, մնում է այն կիրառել: Կարծում եմ, որ պաշտոնատար անձը ամեն դեպքում պետք է շատ ավելի պատասխանատու լինի: Օրինակ, ինձ համար բավարար չի այսօրվա հայտարարածը, որ «եթե մի անգամ էլ անեն…»: Կներեք, սա դպրոց չի: Պաշտոնյայի մասին է խոսքը եւ ես ակնկալում եմ անկեղծ պատասխանատվություն: Եթե պատասխանատվության ինստիտուտը չի աշխատում, դա դառնում է նախադեպ մյուս պաշտոնյաների համար: Իսկ վերջին տարիներին մենք բազմաթիվ նման դեպքեր ենք տեսել: Կներեք, որեւէ թաղապետ Հակոբ Արշակյանից լավ տղա չէ, որը ժամանակին հրաժարական տվեց, իսկ նրանից հետո, չգիտես ինչու, սկսեցին ներողությունները եւ նման բաները»:

Հարցին՝ այսինքն, սա այն դեպքը չի, երբ ներողությամբ կարելի է բավարարվել, ի՞նչ պետք է հետեւի սրան եւ ինչպե՞ս կանխել նման դեպքերը՝ Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց. «Ես ինքս ականատես եմ եղել եւ անկեղծ, ինձ համար դա սարսափելի տհաճ էր տեսնել, որովհետեւ երբ դու վարչական շրջան ես ղեկավարում, դու նաեւ քո համայնքի առաջ ես պատասխանատու: Կարծում եմ, նախքան պաշտոնը ստանձնելը մարդը պետք է ստանձնի ինքնատիրապետում առաջին հերթին: Ինչ վերաբերում է բառամթերքին, դա խայտառակություն է, կարծում եմ, նույնիսկ մեկնաբանելու բան չէ: Երեւանի ավագանին  չպետք է լինի այն մարմինը, որի հեռարձակումները դիտելիս մարդիկ  կարող են լսել նման բառամթերք»:

Իշխանականներն ասացին, որ ընդդիմությունն է սադրել: Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ ընդդիմությունը կարող է նաեւ սադրել, դա նորալ է. «Ցանկացած իշխանություն պետք է շատ ավելի զուսպ լինի եւ եթե ինչ-որ բան օրենքի խախտմամբ է եղել, թող իրավական ընթացք տան, բայց չվերածեն տղայական կռիվների, դա անընդունելի է: Պետք է գործի պատասխանատվության ինստիտուտը, մեկ-երկու մանդատները պահանջեք վայր դնեն, երրորդին աշխատանքից հեռացրու, կամ տուր գրավոր նկատողություն, ոչ թե բանավոր, էլ չի անի»:

Թե ովքե՞ր պետք է այս միջադեպից հետո մանդատները վայր դնեն՝ Աբգարյանը անուններ չի տալիս, ասում է՝ քննություն նախ պետք է լինի. «Քաղաքապետարանում ամեն ինչ տեսահսկվում է, պետք է իրականացվեր այդ օրվա տեսանյութերի վերծանում եւ հասկանային, թե ով ինչ է արել ու այդ մասով կրեր իր պատասխանատվությունը: Ես ահավոր ցավում եմ, որ երեկվա միջադեպը սկսվեց հենց կանանցից, գոնե ինձ համար ամենակարեւորն է, որ կանայք քաղաքականությունում օրինակ ծառայեն զսպվածության ու փորձեն սանձել տղամարդկանց, որոնց էմոցիաները շատ ավելի բուռն են եւ ավելի տաքարյուն են»:

Իզաբելլա Աբգարյանի առաջարկին, որ մեկ-երկուսը մանդատները վայր դնեն, որ դաս լինի մյուսների համար՝ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց. «Իզաբելլա Աբգարյանը մանդատից թող չխոսա, ինքը մանդատագող իմ ճանաչած ավագանիներից մեկն է, ով նախորդ գումարման ավագանիում ՔՊ-ի մանդատն էր գողացել, այնպես որ մանդատի մասին թող ինքը չխոսա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել