Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա զարգացումներն ամբողջ ՀՀ-ում հենց դրա մասին են վկայում․ ավելի քան համոզված եմ, որ նոր ընտրություններ են լինելու»․ Վիկտոր Մնացականյան

Նոյեմբեր 22,2023 20:45

«Պետք է տարանջատվի․ քաղաքապետը չպետք է լինի ավագանու ղեկավար, ինքը պետք է  գա, փոխքաղաքապետերի, թաղապետերի հետ հավասար նստի, պատասխանի ավագանու անդամների հարցերին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին միջադեպերին՝ այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր ՄՆացականյանը։

Ըստ նրա՝ գոյություն ունի երկու համակարգային խնդիր․ քաղաքապետը չպետք է լինի ավագանու ղեկավար և ավագանին չպետք է ամիսը մեկ հավաքվի։

Այն, որ քաղաքապետը որպես ավագանու ղեկավար է հանդես գալիս, այստեղ կա շահերի բախում․ «Քաղաքապետը պետք է հասկանա, որ ինքն այդ աշխատակազմի՝ վարչության պետերի, թաղապետերի պաշտպանը չէ։ Ինքը պետք է առաջին հերթին լինի ավագանու անդամ, հետո լինի քաղաքապետ։ Ժողովրդավարական առումով օրենքն այնպես է գրված, որ քաղաքապետն առաջին հերթին պետք է լինի ավագանու անդամ։ Իսկ ինքն այստեղ ավելի շատ՝ որպես քաղաքապետ և որպես վարչարար է հանդես գալիս։ Դա նույնն է` ոնց ՀՀ-ի վարչապետը լինի նաև ԱԺ նախագահ։ Ամենաառաջին սխալը դա է։ Պետք է գրագետ աշխատանքի բաժանում լինի»։

Վիկտոր Մնացականյանի կարծիքով՝ ավագանին պետք է լինի պրոֆեսիոնալ․ «Մերը սիրողական մակարդակի է։ Ավելի լավ է ավագանու անդամների թիվը քչացնենք։ Վիկտորի պլանով էլ առաջարկել էինք, որ ավագանին հանդիպի շաբաթը երկու-երեք օր, կազմը քչացնենք, սարքենք աշխատանքը վճարովի։ Թե չէ մարդիկ կան, որ ամբողջ կյանքում չեն աշխատել, գալիս, որոշում են մեկ միլիոնանոց քաղաքի ճակատագիրը։ Թող ավագանին բաղկացած լինի 35 հոգուց՝ վճարովի հիմունքով, լավ աշխատակազմ լինի, այլ տեղ հատկացնենք, ոչ թե այդ անհարմար սրահը․ քաղաքապետարանը շենքեր ունի»։

«Մայր Հայաստան» և և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների կարծիքով՝ ավագանու օրակարգի բոլոր հարցերը պետք է դարձնել զեկուցվող։ Հետաքրքրվեցինք՝ սա արդյունավե՞տ մոտեցում է, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց․ «Կարծում եմ, իհարկե, որոշ հարցեր պետք է զեկուցեն, որոշները՝ ոչ։ Բայց պետք է չափորոշիչներ և հիմքեր լինեն, թե որը պետք է զեկուցվի, որը՝ ոչ։ Որտեղ կա կոռուպցիոն ռիսկ, դա անպայման պետք է զեկուցվի։ Օրինակ՝ երեկ քննարկում էին հողի օտարման, նշանակություն փոխելու հարց։ Օրինակ, երբ հողի կողքերը կառուցապատում է գնում, եթե ինչ-որ մեկը քաղաքապետարանին ներկայացնում է, ուրեմն ինչ-որ մեկն առաջարկել է, և նա այնտեղ միլիոնավոր, միլիարդավոր դրամ է գեներացնելու։ Այդ հարցը, միանշանակ, պետք է, որ զեկուցվի»։

Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ լավ կլինի այնպիսի մեխանիզմ ներդնել, որ ավագանու անդամները նախօրոք քննարկվող հարցերին տեղյակ լինեն, որպեսզի ժամեր չծախսեն, օրինակ՝ հուշատախտակ դնել կամ չդնելու հարցի վրա․ «Պետք է հատուկ խորհուրդ ստեղծվի ու չափորոշիչներ։ Նախապես ներկայացվեն ավագանու անդամներին, թե ինչ հարցեր են քննարկվում, ռեյտինգավորեն խնդիրները և առաջ գնան։ Այդ դեպքում ավագանու նիստերը կլինեն արդյունավետ։ Հիմա նիստերն արդյունավետ չեն։ Ինչպես տասը տարի առաջ էին անում, այդպես էլ հիմա։ Դեռ այն ժամանակ ավագանու անդամներն ինչ-որ կերպ կապված էին քաղաքապետարանի հետ, փորձ ունեին, հիմա մեծ մասը փորձ չունի»։

Վիկտոր ՄՆացականյանը տեսնում է ավագանու անդամների հետ կապի խզում։ Օրինակ՝ մի խմբակցության մեյլերին պատասխանում են, մյուսին՝ ոչ, տարրական հարգանք չկա ավագանու յուրաքանչյուր անդամի նկատմամբ։

Մեր հարցին՝ արդյոք համամի՞տ եք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի՝ նոր ընտրություններ անցկացնելու առաջարկին, Վիկտոր ՄՆացականյանը պատասխանեց․ «Մենք էլ ենք դա առաջարկել։ Այսօրվա զարգացումներն ամբողջ ՀՀ-ում երևի հենց դրա մասին են վկայում։ Իրականում ավելի քան համոզված եմ, որ նոր ընտրություններ են լինելու։ Կարծում եմ՝ նոր համակարգով։ Չի կարող Երևանը ղեկավարվել ընդամենը 30 տոկոս ընտրողի ձայնով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930