Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց Երեւանի տարբեր վայրերում քաղաքապետարանի կողմից իրականացվող զանգվածային ծառահատումների մասին, ինչի ամենավառ օրինակը օրերս Մերգելյան այգում տեղի ունեցածն է։
«Մերգելյան այգին հարակից է Երեւանի Կոմիտասի պողոտային եւ ես այն երջանիկներից մեկն եմ, ում պապերը հիմնադրել են Արաբկիր ավանը, որը հետագայում մտել է Երեւանի մեջ եւ դարձել քաղաքի ամենաբանուկ եւ ամենակարեւոր մասերից մեկը։
Այդ այգին, որ հիմնադրվել է դեռ ստալինյան ժամանակահատվածում, եզակիներից է, որ դեռ մնացել է եւ ունի հաստաբուն, հսկա ծառեր, որոնք դերակատարություն ունեն օդը մաքրելու եւ մերձակա շենքերի, որտեղ նաեւ ես եմ բնակվում, բնակիչներին զովացնելու։ Բայց այս տարի արդեն վաղ գարնանը սկսել են հատել այդ ծառերը։ Հետխորհրդային տարիներին այգու տարածքն ապօրինի ծանրաբեռնած սրճարանները, կրպակները ապամոնտաժեցին։ Բայց այդ աշխատանքների հետ միասին սկսեցին նաեւ ծառերը հատել։ Բնակիչների բողոքներից հետո մի պահ ծառահատումները դադարեցրին, սակայն պարզվում է, օգոստոսի 28-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը որոշում է կայացրել, որ այդտեղի ծառերը՝ շուրջ 30 ծառ, իրականում ավելի, պետք է հատվեն։ Եվ Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման ծառայությունը անցել է գործի։
Ասում են, այդտեղ պետք է լինեն ինչ-որ դեկորատիվ ծառեր, բայց մեծ հարցական է, թե դրանք նույն կենսունակությունը ունե՞ն։ Մենք հասկանում ենք, որ այդ հինգ հազար քմ տարածքը ինչ-որ մասնավորների կողմից պետք է յուրացվի եւ այդտեղ զվարճանքի կենտրոններ պետք է կառուցվեն»,-ասաց տիկին Փոստանջյանը։
Կարդացեք նաև
Նրան այդպես մտածելու հիմք տալիս է այն, որ այդ ծառերը ոչ մեկին չէին խանգարում եւ կտրելու փոխարեն կարելի էր դրանք խնամել։ Մինչդեռ, ակնհայտորեն դրանց սպանդ է իրականացվում։ Արձանագրվել է, որ հատվել է 30-ից ավելի ծառեր ու երիտասարդ թփեր եւ տարածքում մնացել է 65 ծառ, որոնք ամբողջ ամռան ընթացքում չեն ջրվել։ Իսկ այս ամառն ահավոր շոգ էր։
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հատման ենթակա ծառերի վրա այդ մասին ազդարարող թղթեր են փակցված եղել, որոնք նա անվանում է «մահապատժի ծանուցագրեր»։ Ու ավելացրեց, որ այդպիսի ծանուցումներ են ստացել նաեւ Կարապետ Ուլնեցի փողոցում գտնվող եւս 30 հաստաբուն այլ ծառեր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էս իշխանություններին թվում է, թե ընկել են մեղրի կարասը – պետական ու համայնքային բյուջեները մսխում են պարգևավճարների շռայլման, թանկ դեկորատիվ ծառերի գնման, թանկ համերգների կազմակերպման և այլ անհեթեթությունների վրա։ Այ չհասունացածներ, հո ձեր հոր փողերը չեն դրանք, որ ձեր ուզած ձևով ծախսում եք, մսխում եք, դրանք ժողովրդի քրտինքով հավաքված գումարներ են կարևոր նպատակների համար, այ անամոթներ, մի հատ սառը ջրով ցնցուղ ընդունեք, լրջացեք ու չափներդ իմացեք։