Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի՝ Ադրբեջանի հետ Արցախի իշխանությունների թիկունքում բանակցություններ, հանդիպումներ ունենալու մասին «ինքնախոստովանության» վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել՝ առերևույթ պետական դավաճանության համար։ ԱԱԾ-ն որոշում է կայացրել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին՝ Բաբայանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատախազը հաստատել է քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի, ցեղասպանական գործողությունների ընթացքում կարողացել է «անարգել» հատել Լաչինում տեղակայված ադրբեջանական անցակետը և Երևան հասնելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվել առ այն, որ Արցախի ղեկավարությունն է Արցախը Ադրբեջանին հանձնել ՝ իբրև կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
«Արցախի ԱԺ 22 պատգամավորը, նաև Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք կործանեցին Արցախը»,- հայտարարել էր Սամվել Բաբայանը՝ նշելով, թե վերոնշյալ անձինք հայտարարել են, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Արցախից, այնինչ ՀՀ-ն Արցախում զորք չունի, ինչպես նաև ամբողջ բանակի զենքը առանց որևէ բան վնասելու հանձնել են Ադրբեջանին։
Այս դրվագով ՀՀ իրավապահները քրեական վարույթ նախաձեռնել են, իսկ ահա Բաբայանի՝ ինքնախոստովանության մասով՝ ոչ։ Մասնավորապես, Սամվել Բաբայանը նույն օրը նաև հայտարարել է, որ վերջինս իշխանությունների թիկունքում բանակցություններ է վարել Ադրբեջանի իշխանությունների հետ, անգամ չի տեղեկացրել Արցախի իշխանություններին այդ «շփումների» մասին, չգիտես ինչու, իրավապահների աչքից կրկին վրիպել է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: