Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ իրավունք ունի քեզ կառավարելու, ինչպե՞ս ապրել Արցախի օկուպացիայի ժամանակ

Նոյեմբեր 22,2023 18:05

Փոքրիկ տղան գոռում է․ «Չի՛ կարելի երկու հոգով՝ մեկի վրա»։ Նա չգիտի, որ միշտ այդպես է լինելու։

Ռամոն Գոմես դե լա Սերնա, իսպանացի գրող

 

Քացի տալով, հայհոյելով փոքր տղային ստիպում են գյուղի զուգարանը սարքել։ Որ տեսնեք այս պատկերը, ի՞նչ կզգաք։

Երեխային պաշտպանելու ռեակցիա կառաջանա, թե՞ կմիանաք հայհոյողներին, ո՞րն է արդար։

«Որ փոքր էր, դրան իրանց գյուղի զուգարանն էին սարքել տալիս»,- այս խոսքը Հայաստանի ազգային մտածողության մարդկանց շրջանակներում ասվում է Հայաստանի վարչապետ, հանրության շրջանում ավելի հայտնի որպես դավաճան Նիկոլ Փաշինյանի մասին։

Սա ներկայացվում է իբրև ստորացուցիչ հանգամանք ու ծաղր նրա կյանքից, իբրև՝ անձեռնմխելի, որին դիպչել չի կարելի։

Արդա՞ր է։ Ոչ։

Երեխային ստորացնելը արդար չի, ուրեմն արդար չի նրան վարկաբեկելու համար կյանքի այս դրվագը մեջտեղ բերելը։

Անկախ Հայաստանում ազգային մտածողության մի շերտ, որը թեև ամուր կապված է Արցախի պաշտպանության հետ, տարիներ շարունակ ստորացրել ու շահագործել է թույլին, իրենից տարբերվողին։

Այդ վարքի ագրեսիան ուժգին էր, բայց արդար չէր։ Այդ վարքի ագրեսիայի ուժգնության պատճառով արդարությունը ճնշվել է։ Մարդը գիտեր, թե որն է արդարը, օրինակ, զուգարան մաքրող տղային պաշտպանելը, բայց ունակ չէր նրան պաշտպանելու։

Նիկոլ Փաշինյանը զուգարան մաքրողների, ճնշվածների պաշտպանն է, որը վերացնում է իրենց ճնշողներին ու բոլորով հաճույք են ստանում։

Արդա՞ր է։

Նիկոլ Փաշինյանենց շրջանակի համար արդար է, պետության արդարության համար՝ անարդար, ազգայինի համար՝ կործանարար։

Այդուհանդերձ, ազգային մտածողությունը Նիկոլ Փաշինյանի դեմ շարունակում է նույն վարքը դրսևորել՝ հիշեցնելով նրա զուգարան սարքելու փաստը։

Բայց Նիկոլ Փաշինյանի անարդարությունը ստախոսության, բռնապետության, հասարակությունը թունավորելու, իզմեր՝ սահմաններ չունենալու և դավաճանության մեջ է, բայց ոչ նրա, որ իրեն նեղել են։

Իզմ չունենալն է՝ «ոչնչի առաջ չեմ կանգնելու ինձ ճնշողին ճնշելու համար», և քանի որ նրան ճնշողները կապվում են Արցախի պաշտպանության հետ, ուրեմն նրանց ճնշելով նա վերացնում է Արցախը, ապա այն անդրադառնում է հանրության բոլոր շերտերի վրա, որոնք նորմալ են և միտված են Արցախի պաշտպանությանը։

Թվում է, թե Նիկոլ Փաշինյանի առանց իզմերի գաղափարը հաղթել է ազգայինին։

Բայց ոչ։ Ազգային մտածողությունը չի, որ պարտվել է։ 2018 թվին պարտվել է ազգային մտածողության այն շերտը, որն անարդարացիորեն նվաստացնում էր իր ընտանիքի՝ ազգի թույլ անդամներին։ Եվ պարտվել է արդարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

Մինչև ազգային ինքնության ձևավորումը, ունենում ենք մարդու ինքնություն, որն արտահայտվում է երեխայի արդարության հանդեպ ընկալումներով։

«Չի կարելի երկու հոգով հարձակվել մեկի վրա»,- սա արդարության բնազդն է։

Եթե դուրս գանք մեր ազգային ինքնության՝ հայ լինելու շրջանակից, և դիտարկենք Հայաստանի իրականությունը ոչ ազգային պրիզմայով, ապա մեր մեջ կգտնենք երեխային, որը բղավում է արդարության բնազդով։

«Չի՛ կարելի իշխանության գալ խոստանալով ժողովրդավարություն ու զավթել դատարանները»,

«Չի՛ կարելի ասել Արցախը Հայաստան է և վերջ ու հանձնել Ադրբեջանին»,

«Չի՛ կարելի մարդկանց ուղարկել Շուշիի համար զոհվելու, հետո ասել Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է»,

«Չի՛ կարելի 44 օր խաբել մարդկանց, որ հաղթում ենք, ապա շոկային պարտություն ազդարարել ու մնալ իշխանության»,

«Չի՛ կարելի ասել մեր բանակն ամենամարտունակն է, իսկ Արցախը հանձնելուց հետո ասել մենք բանակ չունեինք»,

«Չի՛ կարելի դատել մարդուն հանցանքի համար, որը նա չի գործել»,

«Չի՛ կարելի սխալները բարդել ուրիշի վրա»,

«Չի՛ կարելի սեր և համերաշխություն քարոզել, բայց թունավորել հասարակությանը»,

«Չի՛ կարելի մեր նախնիների դեմ ոճրագործությունները, տառապանքներն ու հաջողությունները ջնջել»,

«Չի՛ կարելի չնկատել մարդկանց դեմ անարդար ճնշումները, եթե մարդու իրավունքների պաշտպան ես»։

 

Այս չի կարելիներն անելուց է, որ առաջանում է արդարության հարցերը, որոնք մեզ մղում են պայքարի՝ արդարության վերականգնմանը։

 

Արդա՞ր է, որ խաբեբան քեզ կառավարի։ Ոչ։

Արդա՞ր է, որ մարդկանց վրա թքողը քեզ կառավարի։ Ոչ։

Արդա՞ր է, որ բռնապետը քեզ կառավարի։ Ոչ։

Արդա՞ր է, որ ինքն իրեն պարգևավճար տվողը կառավարի քեզ, երբ դու տանիք չունես։ Ոչ։

Արդա՞ր է, որ թալանը վերացնելու խոստումով եկած թալանողը կառավարի քեզ։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով քո ճակատագրի հետ կապված միանձնյա ու թաքուն որոշումներ է կայացնում։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով քո նման 150 հազար մարդու անտուն է դարձրել։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով քո տունը կարող է նույնպես հանձնել։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով տեղաշարժվելու սահմաններդ 11 հազար քառակուսի կիլոմետրով փոքրացրել է։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով շրջափակման մեջ սովի, դեղի պակասի, ցրտի պայմաններում ձեռք չի մեկնել քեզ, ապա զրկել է քաղաքացիությունից ու սոցիալական անթիվ, անհամար խնդիրներ ստեղծել։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով քեզ տարել էր պատերազմ հայրենիքը պաշտպանելու, բայց հանձնում է կյանքիդ գնով պաշտպանածը։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով թքած ունի գերության մեջ գտնվողների վրա։ Ոչ։

Արդա՞ր է, որ քեզ կառավարի նա, ով հիմա փափուկ բարձ է դնում գլխիդ տակ, դրդում զվարճությունների, բայց կուլիսների հետևում նոր ողբերգություն է նախապատրաստում։ Ոչ։

 

Կառավարելու համար անհրաժեշտ բաղադրիչը արդարության զգացումով պատելն է մարդկանց։ Լեգիտիմ իշխանություն նշանակում է ընդունել, որ արդար է, որ այս կամ այն իշխանությունը կառավարում է քեզ։

Նիկոլ Փաշինյանը դա ձեռք բերեց 2018 թվականին, ստելով ստեղծեց իր կողմից մարդկանց կառավարելու արդարության զգացում, և այն չէր վերանում երկար ժամանակ, քանի որ երեխան չէր ուզում զրկվեր զգացումից, որ վերջապես արդարություն է հաստատվել։

Ցանկացած համակարգ, փիլիսոփայություն հիմնված է արդարությունների շարանի վրա։

Չկան իզմեր, չկան արդարություններ։ Արցախի պաշտպանության հիմքում թույլին պաշտպանելն է, հետևաբար Արցախը պաշտպանելը արդար էր, իզմ էր։ Սակայն այս իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին, որ հասարակության շրջանում Արցախը հանձնելը արդար համարվի և այժմ էլ նույնն անում են ողջ Հայաստանի հետ․ համոզում են, որ սա քո հողը չի, հետևաբար արդարության թեմա չկա ուրիշին տալուց։ Ու երեխան չի բղավում․ «Չի՛ կարելի, իմ տունն ուրիշին տալ»։

Թեև չեն հաջողել, քանի որ հող տալով զոհեր է տալիս և մարդու մեջի երեխան բղավում է հանուն արդարության՝ «Չի՛ կարելի այսքան զոհ տալ», բայց Նիկոլ Փաշինյանենք արդարության զգացումի անկման հետ մեկտեղ սաստկացնում են պատիժները։

Այսպիսով, Արցախի օկուպացիայի պայմաններում ապրելու համար կարելի է ազգային ինքնությունը տեղավորել այն դարակի մեջ, որն ամրացված է մեր մեջի երեխայի ինքնության՝ մարդու էության պահարանին, և Արցախը վերադարձնելու ցանկությունը հենել համամարդկային արդարության վրա։

Այսպես՝

Արդա՞ր է, որ Արցախին կամ որևէ այլ տարածքի տիրի նա, ով քնած ժամանակ երիտասարդ տղամարդու է կացնով սպանում ու հերոսացնում։ Իհարկե ոչ։

Արդա՞ր է, որ Արցախը կամ որևէ այլ տարածք լինի նրանց տիրապետության տակ, ովքեր մարդասիրական Կարմիր Խաչի մեքենայից հիվանդ, տարեց մարդու են առևանգում։ Իհարկե ոչ։

Արդա՞ր է, որ Արցախը կամ որևէ այլ տարածք բաժին հասնի նրան, ով ուրիշի մշակույթը՝ եկեղեցիները, թանգարանները, հուշարձանները պղծում է, ջարդուփշուր անում, վերացնում երկրագնդի երեսից։ Իհարկե ոչ։

Արդա՞ր է մարդկանց ամիսներով զրկել ճանապարհից, հացից, դեղից, բուժօգնությունից։ Արդա՞ր է, որ այդպիսիք տիրեն Արցախին կամ որևէ այլ տարածքի։ Իհարկե ոչ։

Արդա՞ր է, որ Արցախը կամ ցանկացած այլ տարածք, լինի նրանցը, ովքեր անպաշտպան կանանց, երեխաների, տարեցների են մասնատում։ Իհարկե ոչ։

Արդա՞ր է, որ չկատարվի այն մարդկանց իղձը, որոնց կյանքն ընդհատվեց, որ Արցախը չլինի կանանց մասնատողների տիրապետության տակ։

Արդար է, որ Կասպից ծովի նավթը պատկանի նրանց, ովքեր ճնշում են ազգային և այլ փոքրամասնություններին և տեռորիստներ բերում տարածաշրջան։ Իհարկե ոչ։

 

Եթե ոչ, ուրեմն Արցախի վերադարձը արդարության վերականգնման հարց է։ Արցախի օկուպացիայի ժամանակ ապրելու և Արցախը վերադարձնելու ձևն է արդարության համար պայքարելը։

Արցախի շրջափակման օրերին ադրբեջանական մամուլը տեսանյութ տարածեց, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի կինն իր երեխայի հետ հեռանում էր Արցախից։

Թշնամու ֆոկուսը միշտ մեր հանրությանը մեր անարդար վարքը ցույց տալու վրա է։ Դա միջոց է ապացուցելու, որ մեր ազգային համախմբումը կեղծ է, արդար չէ, քանի որ պետական գործչի կինը միայնակ է թողնում իր ժողովրդին, երաժիշտն առաջինն է լքում խորտակվող նավը։

Միայնակ թողնելու ակտը անարդար է․ որևէ մեկս դժվար պահին չենք ուզում լքված լինել։ Գուցե ընթերցողն իր պատանեկության, երիտասարդության ժամանակ ապրել է հույզը, երբ ընկերներն իրեն միայնակ են թողել դժվար պահին և ընկալում է լքված լինելու անարդարության մասշտաբը։ Ուրեմն, արդա՞ր էր սեպտեմբերին 19-ին Արցախին միայնակ թողնելը անարդարության բանակի դեմ, առհասարակ արդա՞ր էր Արցախին 3 տարի միայնակ թողնելը։ Իհարկե ոչ։ Թույլին լքողն իրավունք ունի՞ կառավարելու քեզ։ Իհարկե ոչ։

Այսպիսով, արդարությունը կվերականգնվի, երբ անարդարն այլևս չի կառավարի քեզ։

Արդար չէ նաև, որ Բաքվում պահվող հայ բանտարկյալներն են միայնակ մնացել՝ առանց պետության։ Նրանք արդարության բանտարկյալներ են, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրանց ազատելու համար աշխատելը ևս արդարության ակտ է և արդարության համար աշխատանքն է բերելու ազատության։

Անարդար է, որ քեզ կառավարում է նա, ով մենակ է թողել արդարության բանտարկյալներին։

Արդարության վերականգման համար նաև անհրաժեշտ է, որպեսզի զուգարան սարքողը պաշտպանվի, այլ ոչ թե մեջտեղ բերվի որպես բացասական երևույթ։

Օրինակ, արդար կլինի, որ քաղաքական որոշում կայացնողները, որոնք համաձայնել են մասնակցել իրենց իսկ խոսքով դավաճանների կազմակերպած արտահերթ ընտրություններին, մեղքը չգցեն հարյուր հազարավոր մարդկանց վրա, որոնք խճճվել են արդարություն փնտրելու ճանապարհներում և որոնք իրենց մտքում բղավում են «Չի՛ կարելի մեզ ճնշել, հայհոյել, հետո բողոքել, որ չենք ուզում, որ նորից գաք իշխանության»։

Փոխարենը արդար է, երբ յուրաքանչյուրն իր և իր շրջապատի թերությունները շտկելու ձևեր է գտնում, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ կատարվի և արդար է, եթե զարգանում է և զարգացնում է շրջապատին։

Ազգային մտածողությունը արդարությամբ է զորանալու և չկա ավելի արդար բան, քան Արցախ վերադառնալը։

 

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Խորքային, ճշմարիտ ու ոգեղեն պոռթկումների փունջ էր։ Շնորհակալություն Հովհաննես Իշխանյանին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930