«ՈՄԱ » ռազմահայրենասիրական հ/կ ղեկավար Վովա Վարտանովը պնդում է, որ կան հայեր, որոնք թուրքերի հետ հավասար քար են գլորում իրենց վրա: Ովքե՞ր են այդ հայերը: Հ/կ մամլո խոսնակ Անգին Խաչատրյանը պարզաբանում է.
«Անհատապես չեմ կարող ասել, թե ում նկատի ուներ, որովհետեւ գրառման հեղինակն ինքն է, բայց կարող եմ պատասխանել, որ նկատի ունի բոլոր նրանց, որոնք այս օրերին տարածում են այն գրառումը, թե իբր մենք գումար ենք կորզում ու ծրագիր չենք իրականացնում, նաեւ նրանց, որոնք այդ գրառումը որպես հիմք ընդունում են ու տարածում լրատվամիջոցներով ու ուրախանում են: Թուրքերն էլ են մոնիտորինգ իրականացնում ու տեսնում՝ ինչ է կատարվում, փաստորեն ուրախանում են ոչ միայն Թուրքիայում, ուրախանում են նաեւ այստեղ, որ ՈՄԱ-ն գումար է կորզում, ծրագիր չի իրականացնում: ՈՄԱ-ին համարում են կառույց, որը ազնիվ չէ, չի կատարում իր առաքելությունն ու դրամաշորթությամբ է զբաղված»:
Նա շեշտեց, որ հավաքված գումարը չի կարող այլ նպատակի ծառայել, շահարկում են «Գմբեթ 2 » ծրագրի ընթացքը, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի տեւական ժամանակով ընդամենը դադարեցվել է, բայց ծրագրի իրականացման աշխատանքները շարունակվելու են. «2014 թվականից ի վեր մեր իրականացրած գործունեությունն ապացուցում է, որ բաց ու թափանցիկ ենք, չենք ստում, ազնիվ ենք, չենք կողոպտում» :
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության պարզաբանմանը, թե «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող որևէ դրամահավաք նախարարության հետ համաձայնեցված չէ, իսկ սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքներն իրականացնելու համար ՊՆ-ն նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի, Անգին Խաչատրյանն ասաց. «Իրենք չեն կարող թույլ տալ կամ չտալ, որովհետեւ իրենք Պաշտպանության նախարարությունն են, իսկ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը թույլատրել դրամահավաք իրենց ուժերից ու իրավասությունից շատ վեր է, կարող են իրավունքին ծանոթանալ, եթե չգիտեն: Իսկ դրամահավաքի իրականացումը, մենք միայն «Գմբեթով» չենք սահմանափակվում, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք՝ տասնօրյա հավաքները քաղաքից դուրս, անվճար դասընթացները, անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացները, այսինքն՝ միայն «Գմբեթի« անունն են շահարկում, որովհետեւ մոդայիկ է ու կարողանում են ինչ-որ չափով թուրքերի ջրաղացին ջուր լցնել ՝ խոչընդոտելով մեր աշխատանքը, բայց մենք հազար ու մի ծրագիր ունենք, որոնցից ոչ մեկն այս պահին դադարեցված չէ, բացի, ինչպես ասացի, «Գմբեթից» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ