Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցքների» հարցը Թուրքիայի իշխանությունների խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Նոյեմբեր 22,2023 16:56

 Ամփոփ կետեր

  1. Իրավիճակը «Լաչինի միջանցքում» (Արցախում). Անկարայի դիրքորոշումը
  2. «Զանգեզուրի միջանցքը»՝ ի հակադրություն «Լաչինի»
  3. Թուրքական առաջարկն Իրանին. «միջանցք՝ Իրանի՞ տարածքով»
  4. «Լաչինն» ու «Զանգեզուրը» տարածաշրջանային միջանցքների համատեքստում
  5. «Միջանցքների» ապագան. ի՞նչ սպասել
  1. Իրավիճակը «Լաչինի միջանցքում» (Արցախում). Անկարայի դիրքորոշումը

Գրեթե 10-ամսյա շրջափակումից հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղին, որը, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է հանդիսանար Արցախը Հայաստանին կապող անվտանգ ճանապարհ բոլոր տրանսպորտային միջոցների համար, ի վերջո վերաբացվեց, սակայն՝ միակողմանի երթևեկության համար: Սեպտեմբերի 19-20-ն ադրբեջանական զորքերի կողմից Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող հայաբնակ բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ու նրանց տեղակայման վայրերի վրա հարձակումը, ցեղասպանական գործողությունները, գերեվարումներն արցախյան կողմին՝ նորանշանակ ղեկավարությանը, պարտադրեցին ընդունել Բաքվի վերջնագիրը՝ զենքը և զինտեխնիկան հանձնելու, պետական մարմինները լուծարելու և, փաստացի, Ադրբեջանի գերիշխանությունն այդ տարածքում ընդունելու վերաբերյալ:

Կապիտուլյացիոն այս հայտարարությունից հետո արցախցիներին, ըստ էության, առաջարկվեց ընտրել՝ մնալ, շարունակել բնակվել իրենց հայրենիքում՝ ինտեգրվելով ադրբեջանական «կյանքում», կամ հեռանալ դեպի Հայաստան: Ավելի քան հարյուր հազար մարդ, հրաժարվելով ցեղասպանության տարբեր դրսևորումների, առևանգվելու, դաժանորեն սպանվելու և ունեզրկվելու սպառնալիքից, չնայած Բաքվից և Անկարայից հնչող թվացյալ «մարդասիրական» ելույթներին, փաստացի ենթարկվեց էթնիկ զտման՝ նախընտրելով մազապուրծ կերպով հատել Հաքարիի կամուրջը, անցնել ադրբեջանական անցակետը և դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության ու ժողովրդի հոգածությանը:

Սեպտեմբերյան այս իրադարձությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական հայտարարությունները զարմանալի չենք կարող համարել՝ աչքի առաջ ունենալով նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո Անկարայից հնչող տեսակետները, որոնք ոչ միայն արդարացնում էին Բաքվի գործողությունները, այլև օժանդակում դրանց պաշտպանությանը միջազգային հարթակներում:

Մասնավորապես, սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական «հակաահաբեկչական» որակված հարձակման «թիկունքը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում ամրացրեց Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը՝ շեշտելով, որ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և այնտեղ ցանկացած այլ կարգավիճակ անընդունելի է»: Չնայած նա կարևորեց Ադրբեջանի տարածքում էթնիկ հայերի խաղաղ գոյակցության հնարավորությունը, սակայն շեշտեց տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը՝ ըստ էության միջազգային հանրությանը «տեղյակ պահելով» ժամեր անց սպասվող գործողության մասին և փաստացի ստանալով այդ հանրության մեծամասնության լուռ համաձայնությունը:

Այս հայտարարությանը հետևեց ադրբեջանական ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության և ինքնապաշտպանական կոչված ստորաբաժանումների դեմ, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի շնորհակալական ուղերձն Էրդողանին՝ իրեն ՄԱԿ ամբիոնից սատարելու համար: Ռազմական գործողությունների ընթացքում կայացած հեռախոսազրույցի ընթացքում նույնպես հնչեցին լիարժեք աջակցության և շնորհակալության խոսքեր՝ հաստատելով, որ տեղի ունեցողն իսկապես վայելում է Անկարայի հովանին, և որ Ալիևի գործողություններն «ապահովագրված» են: Ադրբեջանական ագրեսիան շտապեցին պաշտպանել նաև Թուրքիայի արտաքին գործերի («արդար քայլեր») և պաշտպանության նախարարները («ինչպես միշտ, աջակցում ենք Ադրբեջանին»):

Սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքի «Թուրքական տանը» պատասխանելով լրագրողների հարցերին, Թուրքիայի նախագահը նշեց, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են բացառապես Ղարաբաղի «հանցագործ խմբավորումների» դեմ և պայմանավորված են այնտեղ անցկացված նախագահական ընտրություններով, որոնք անհանգստացրել են Ադրբեջանին: Ապա Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո Էրդողանը, կրկին անդրադառնալով սեպտեմբերի 19-20-ի դեպքերին, նշեց, թե «հակաահաբեկչական գործողությունները հպարտանալու առիթ են»: Շնորհավորելով ադրբեջանցի գործընկերոջը՝ Թուրքիայի նախագահը շեշտեց, թե «այդ գործողության ընթացքում առավելագույնս հաշվի են առնվել քաղաքացիական բնակչության իրավունքները» (էթնիկ զտումները, քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները մոռացության մատնելով):

«Լաչինի միջանցքի անվտանգ գործունեության» մասին Թուրքիայի նախագահը, այդ միջանցքի արգելափակումից ի վեր, խոսեց այն ժամանակ, երբ Արցախի բնակչության նկատմամբ բռնի տեղահանությունը մեկնարկել էր: Սեպտեմբերի 26-ին Էրդողանը, անշուշտ քաջատեղյակ լինելով, որ այդ միջանցքը շուրջ տասը ամիս փակ լինելուց հետո վերջապես «գործարկվել է» միայն դեպի Կոռնիձոր ուղղությամբ, «Լաչինի» միջանցքն առաջարկեց դարձնել խաղաղության միջանցք: Իսկ 2020թ. Արցախի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկի օրվա առիթով սեպտեմբերի 27-ին շնորհավորեց գործընկերոջը՝ «ադրբեջանական տարածքներն ազատագրելու» համար՝ ընդգծելով՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

Արցախի դեմ ռազմական նոր գործողությունների մեկնարկին թուրքական կողմը «հավանություն» էր տվել, իսկ ավելի ճիշտ՝ հրահանգել, դեռ հուլիսի 31-ին: «Լաչինի միջանցքի» արգելափակումից ի վեր այդ կապակցությամբ առաջին անգամ բացահայտ հայտարարություն այդ օրը հնչեցրեց Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով. «Լաչինի ճանապարհն Ադրբեջանի տարածք է: Բաքուն իր տարածքում կարող է իրականացնել անհրաժեշտ ցանկացած գործողություն»: Եվ միայն այս հայտարարությունից հետո թուրքական բարձր ղեկավարության խոսույթում նմանատիպ ելույթները, իսկ մամուլում՝ նույնաբովանդակ հրապարակումները դարձան պարբերական:

Այսպես, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թուրքական պետական լրատվական գործակալությունները «Լաչինի միջանցքին» վերաբերող նյութերը համեմեցին հայկական կողմին ուղղված մեղադրանքներով՝ կրկնելով ադրբեջանական կեղծ պնդումները, օրինակ՝ «զենքի և զորքի տեղափոխում», «անջատողականներին աջակցություն», միջանցքով Արցախի «բնական ռեսուրսների ապօրինի դուրսբերում» և այլն: Թուրքիայի ԱԳ նախարարությունն օգոստոսի 14-ին մամուլի հաղորդագրություն տարածեց՝ կրկին հաստատելով Անկարայի դիրքորոշումը «Լաչինի միջանցքի» վերաբերյալ: Մասնավորապես՝ Հայաստանը հերթական անգամ մեղադրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և դրան համապատասխան գործողություններ իրականացնելու մեջ, անհիմն որակեց հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Երևանի և Ստեփանակերտի պնդումները՝ առաջարկելով օգտվել «այլընտրանքային ճանապարհից»՝ մատնանշելով, որ միջանցքը, այնուամենայնիվ, փակ չէ, և որ հումանիտար ճգնաժամի մասին հայտարարություններն անհիմն են: Ընդ որում՝ այս հայտարարությունը հաջորդեց «Լաչինի միջանցքի» թեմայով Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու դիմումին (օգոստոսի 11) և նախորդեց այդ նիստի անցկացմանը (օգոստոսի 16), ինչն էլ, հավանաբար, կանխորոշեց նիստի արդյունքները, իսկ ավելի ճիշտ՝ ապարդյունությունը, թուրք-ադրբեջանական կողմին ավելի ազատ գործելու հնարավորություն տալով:

Արցախի վերաբերյալ մեկ այլ կոշտ հայտարարություն թուրքական ԱԳՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 9-ին՝ Արցախում խորհրդարանի 22 պատգամավորների քվեարկությամբ նոր նախագահի ընտրության վերաբերյալ: Մասնավորապես, այդ ընտրությունը որակվեց «միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի և ԵԱՀԿ-ի սկզբունքների կոպտագույն խախտում» և համարվեց «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների խաթարմանն ուղղված գործողություն»:

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ մեկնարկած նոր ռազմական գործողություններին թուրքական իշխանությունները սատարեցին ոչ միայն նախագահի մակարդակով, այն էլ՝ ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից, այլև՝ ԱԳՆ հայտարարությամբ: Բաքվին երկրորդելով՝ «հակաահաբեկչական» անվանումը ստացած գործողությունների առաջին ժամերին Թուրքիայի արտաքին գերատեսչությունն այն մեկնաբանեց որպես «Ադրբեջանի կողմից հայկական ապօրինի զինված խմբավորումների դեմ օրինական և անհրաժեշտ գործողություններ»:

Սեպտեմբերի 23-ին ԱԳ նախարար Հ. Ֆիդանը ևս եղավ Նյու Յորքի «Թուրքական տանը», որտեղ, կրկին անդրադառնալով «հակաահաբեկչական» գործողությանը, նշեց. «Ադրբեջանը խնդրի լուծման այլ տարբերակ չուներ»: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց սեպտեմբերի 29-ին՝ նշելով, թե «Ադրբեջանը հաջող հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ղարաբաղում, ապահովել է իր ինքնավարությունը… խուսափել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից»: Մեկնաբանելով Արցախի նախագահի հրամանագիրը՝ 2024թ. հունվարի 1-ից Հանրապետության գոյությունը դադարեցնելու վերաբերյալ, այն համարել է «ինքնալուծարում» և «այդ տարածքում Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնում»:

Ընդհանրացնելով այս կետում ներկայացված տեղեկությունները՝ կարող ենք փաստել, որ Անկարան ի սկզբանե աջակցել է «Լաչինի միջանցքի» փակմանը, սակայն բարձր մակարդակով և անմիջականորեն ներգրավվել է թեմային միայն հուլիսի վերջերից՝ առաջին հերթին միջազգային հարթակներում պաշտպանելով Բաքվի թիկունքը: Ըստ էության՝ Թուրքիայից այս օրերին հնչող նոր հայտարարությունները՝ ինտեգրացիայի և հումանիտար հարցերի հետագա լուծման վերաբերյալ, առնվազն ծածկադմփոց են Հաքարիի ապօրինի անցակետից հայերի առևանգումների, գերիներին չվերադարձնելու, մշակութային օբյեկտների ոչնչացման, էթնիկ զտման և ցեղասպանական այլ գործողությունների հետևանքով հայաթափված Արցախի և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականության պայմաններում, և փաստացի «Լաչինի» ու Արցախի որոշ տարածքները Ագարակ-Նռնաձոր հատվածի («Զանգեզուրի միջանցքի») հետ փոխանակելու առաջարկ:

  1. «Զանգեզուրի միջանցքը»՝ ի հակադրություն «Լաչինի միջանցքի»

Թեև ս.թ. սեպտեմբեր 21-ին Նյու Յորքում Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե «Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունները ոչ մի կերպ կապված չեն Նիկոլ Փաշինյանի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ, սակայն ընդամենը օրեր անց Նախիջևանում նշեց. «Հուսով ենք՝ Հայաստանը կընդունի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և կձեռնարկի անկեղծ քայլեր»: Սրանով Էրդողանը, փաստորեն, բացահայտեց, որ «Լաչինի միջանցքի» արգելափակումը և Արցախի էթնիկ զտումը հստակ քայլեր էին՝ ուղղված ոչ թե «տարածքային ամբողջականության ու սահմանադրական կարգի վերականգնմանը», այլ՝ ճնշում Երևանի վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք կորզելու նպատակով: Այս պնդումը փորձենք հաստատել թուրքական ղեկավարության մի շարք այլ հայտարարությունների և իրադարձությունների ներկայացմամբ:

Այսպես, դեռևս 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ «Լաչինի միջանցքի» արգելափակումից օրեր անց, Թուրքիայի նախագահը, հիշեցնելով իր երկրի օգնությամբ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղն ազատագրելու» մասին, խոսելով տարածաշրջանային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մասին, հայտարարեց. «… Տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմքեր ենք դնում, և գործընթացները կարագանան, եթե Հայաստանը խելամտորեն գործի և կողմնորոշվի դեպի խաղաղությունը, անվտանգությունը և հանգստությունը»։ Նույնաբովանդակ հայտարարություն էլ ն.թ. դեկտեմբերի 29-ին արեց արտգործնախարար Մ. Չավուշօղլուն՝ նշելով. «Լաչինի միջանցքի վերջին զարգացումները Հայաստանի համար կլինեն անկեղծության փորձություն»։ Ընդ որում՝ ելույթի թեման կրկին տարածաշրջանային հաղորդակցությունն էր և հատկապես միջինասիական երկրների հետ հարաբերությունները։

2023թ. մայիսի 12-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, անդրադառնալով գլխավոր մրցակից Ք. Քըլըչդարօղլուի կողմից հայկական Սյունիքը շրջանցող միջանցքով քարտեզին, Էրդողանը, կարծես, առաջին անգամ հայտարարեց «Զանգեզուրի միջանցք» ունենալու նպատակի մասին: Նրա խոսքով՝ այն «Մետաքսի ճանապարհի» մի մասն է, նոր շնչուղի կհանդիսանա «Միջին միջանցքի համար», որի մի ճյուղն արդեն անցնում է Վրաստանի տարածքով:

Նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում՝ մայիսի 23-ին, Սիվաս քաղաքում (Սըվազ) «Թուրքիայի դարաշրջանի» մասին ելույթի ժամանակ Էրդողանը պատմեց ներպետական արագընթաց երկաթգծի կառուցման մասին, որը, նրա խոսքով, նախատեսվում է հետագայում հասցնել մինչև Կարս՝ միացնելով Բաքու-Թբիլիսի երկաթուղուն: Էրդողանն ընդգծեց, որ արդյունքում Թուրքիան կդառնա միջանցք, որը կկապի Պեկինն ու Լոնդոնը: Սակայն ուշագրավ է, որ «Բաքու-Թբիլիսի» արտահայտությունից հետո նա կտրուկ հիշեց «30 տարվա օկուպացիայից Ղարաբաղն ազատագրելու» մասին՝ շեշտելով, որ ադրբեջանցի գործընկերների հետ միջոցներ կձեռնարկեն՝ արևելքի և արևմուտքի միջև հանգույց դառնալու ուղղությամբ և հույս հայտնեց, որ «դա կստացվի»: Նոր միջանցք ունենալու մտադրությունների մասին գործող նախագահի ակնարկն ամբողջացվեց, երբ նա, կրկին հակադարձելով ընդդիմադիր թեկնածուին, ընդգծեց, որ վերջինը «Զանգեզուրից և Ղարաբաղից հրաժարվում է՝ որոշների աչքը մտնելու համար»:

Ղարաբաղը (Արցախը) և հատկապես «Լաչինի միջանցքը» որպես ճնշում Հայաստանի նկատմամբ կիրառելու ակնհայտ դրսևորումներից հաջորդը հունիսի 13-ին էր. Ի. Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռ.Թ. Էրդողանը, խոսելով «Կասպիական տարանցիկ միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով հնարավորինս շուտ զբաղվելու անհրաժեշտության մասին», նշեց. «Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը յուրահատուկ ուղերձ կլինի աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»: Թե ինչ ուղերձի մասին էր խոսքը, ակնհայտ դարձավ ելույթի մյուս հատվածում, որտեղ Թուրքիայի նախագահն արդեն բաց տեքստով հայտարարեց «Զանգեզուրի միջանցքի հարցն արագորեն լուծելու անհրաժեշտության» մասին։ Էրդողանը կարևորեց այդ միջանցքի ստեղծումը, որպես թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման, Իգդիր-Նախիջևան-Բաքու անխափան կապի ապահովման միջոց։ Նրա խոսքով՝ «Ղարաբաղում համատեղ իրականացված ծրագրերին (նկատի ունի՝ Արցախի դեմ պատերազմը, ՀՀ տարածքների նվաճումը և Լաչինի միջանցքի փակումը) կհաջորդեն նոր քայլեր, որոնց հաջողության դեպքում Ադրբեջանն էլ ավելի առաջ կգնա»։

«Զանգեզուրի միջանցքի» մասին այս հայտարարությունից ընդամենը երկու օր անց՝ հունիսի 15-ին, ադրբեջանական կողմը Հաքարիի կամրջի և Տեղ գյուղի ուղղությամբ դիմեց նոր ագրեսիայի՝ արգելելով նաև «Լաչինի միջանցքով» հումանիտար բեռների և առողջապահական նպատակներով տեղաշարժը, իսկ հունիսի 22-ին Հաքարիի անցակետի մոտ տեղադրվեցին նաև բետոնե արգելապատնեշներ՝ վերջնականապես փակելով ճանապարհը։

«Լաչինի» և «Զանգեզուրի» միջանցքները միմյանց հակադրելու, կարող ենք հասկանալ՝ համարժեք փոխանակում առաջարկելու և Արցախի շրջափակմամբ Երևանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ թուրքական հռետորաբանությունն իր գագաթնակետին հասավ 2023թ. հուլիսի 31-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանն ադրբեջանցի գործընկերոջ հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով, ինչպես արդեն նշել ենք, «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի սուվերենության մասին, միջազգային հանրությանը կոչ արեց «խտրականություն չդնել (վստահաբար՝ նկատի ունի միայն «Լաչինի» մասին» հայտարարությունները), չխոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, որին հնարավոր է հասնել խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրմամբ, որտեղ Զանգեզուրի կապը մեծ նշանակություն ունի»: Հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, Անկարայում հանդիպել էին Թուրքիայի և Չինաստանի ԱԳ նախարարները, խոսել «տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների մասին»: Հավանաբար հենց այս առանձնացրույցն էլ խթանեց թուրքական կողմի ակտիվացումը Հայաստանից միջանցք պահանջող հայտարարություններում:

Նույնաբովանդակ խոսույթը թուրքական վերնախավի կողմից շարունակվում է մինչ օրս, և, ի հեճուկս Հայաստանի կողմից «Լաչինի» դիմաց իր տարածքով միջանցքի տրամադրման անթույլատրելիությանը և դրա վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայությանը, Իրանի և արևմտյան տերությունների կողմից տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման պնդումներին, Էրդողանը «միջացքների փոխանակման» հարցը բարձրացրեց նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական հարձակման մեկնարկի օրը, Թուրքիայի նախագահը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, նշեց. «Անկարան Երևանից ակնկալում է խոստումների կատարում, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացում»:

Ըստ երևույթին՝ «Լաչինի միջանցքի» փակմամբ չստանալով դրան համարժեք միջանցքը Սյունիքի վրայով, վերջինի շահագրգիռ կողմերը ձեռնամուխ եղան Արցախն ամբողջապես «ոչնչացնելու»՝ «Զանգեզուրի միջանցքի» ստացման այլ գործիքակազմի դիմելու նպատակով:

  1. Թուրքական առաջարկն Իրանին. «միջանցք՝ Իրանի՞ տարածքով»

          Ինչպես հայտնի է, Հայաստանի տարածքով և հատկապես հայ-իրանական սահմանի խափանմամբ Նախիջևանը բուն Ադրբեջանին կապող միջանցքին դեմ է նաև Իրանը՝ բազմաթիվ պատճառներով: Առաջին հերթին իր ազգային անվտանգությանը սպառնալիքն է Իսլամական Հանրապետությանը պարտադրում այս հարցում խիստ զգայուն դիրքորոշում արտահայտել, այդ թվում՝ ռազմական բաղադրիչի ցուցադրմամբ: Համոզիչ տպավորությամբ՝ հարավային հարևանի անհամաձայնությունն է մինչ օրս զսպում «Զանգեզուրի միջանցքի» շահառուներին՝ զենքի ուժով այն ստանալու ծրագրերի իրագործմանը, ուստի պատահական չեն Անկարայից և Մոսկվայից Թեհրանին ուղղվող «գրավիչ» առաջարկները։

Ինչպես պատահական չենք կարող համարել ՄԱԿ ԳԱ նստաշրջանի մեկնարկի օրն Արցախի դեմ լայնածավալ «հակաահաբեկչական գործողություններ» ձեռնարկելն Ադրբեջանի կողմից, այնպես էլ՝ նույն օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան։ Պաշտոնական խիստ սուղ տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ Ս. Շոյգուն Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մ. Բաղերիի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Շոյգուն, մասնավորապես, քննարկման թեման բնութագրեց այսպես. «… Դա, անշուշտ, և՛ Սիրիան է, և՛ Աֆղանստանը, և՛ այն, ինչ այսօր կատարվում է Ձեր հյուսիսային հարևանի մոտ. դա Ղարաբաղն է»։ Այստեղ ուշագրավ է «Ձեր հյուսիսային…» ձևակերպումը՝ «ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր», «Հարավային Կովկաս» կամ այլ՝ մինչ այդ ընդունված ձևակերպումների փոխարեն կիրառության իմաստով, ինչը հուշում է, որ Մոսկվան «Մերձավոր Արևելքում իր ռազմավարական գործընկերոջը» հստակ առաջարկ (սպառնալի՞ք, նախազգուշացո՞ւմ) ունի՝ Արցախում և նրա շուրջը տեղի ունեցողին Իրանին ինչ-որ կերպ մասնակից դարձնելու կամ, ասենք, ցեղասպանական գործողությունների ենթարկվող Արցախին Հայաստանի կողմից օգնության շտապելու արդյունքում տարածաշրջանային պատերազմի վերաճման դեպքում Իրանի «վարքագիծը» վերահսկելու վերաբերյալ:

Թե ինչ ձևաչափ կարող էր Ս. Շոյգուն առաջարկել Մ. Բաղերիին, դեռ հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը «միջանցքի» վերաբերյալ ռուս-թուրքական ծրագրերին հավանություն տալու, չխոչընդոտելու և/կամ որևէ կերպ մասնակից դառնալուն պիտի վերաբերի։ Չնայած այս կարևոր հարցին և դրա հետ կապված բազմաթիվ ու հուշող տեղեկություններին մանրամասն անդրադառնալու գայթակղությանը՝ ուշադրություն դարձնենք Թեհրանին Անկարայից հնչած «առաջարկներին» և դրանց վերաբերյալ արձագանքներին, որոնք, գուցե, կլուսավորեն նաև ռուս-իրանական բանակցությունները։

Այսպես, Իրանի տարածքով «Զանգեզուրի միջանց» անցկացնելու ուշագրավ միտքը հնչեցրեց Թուրքիայի նախագահը՝ սեպտեմբերի 26-ին։ Այսօրինակ հայտարարությունը Թեհրանին ուղղված ուղերձ-առաջարկ-սպառնալիք չէինք համարի, եթե դա տեղի չունենար Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությունից անմիջապես հետո, Նախիջևանից Անկարա վերադարձող ինքնաթիռում։ Բանն այն է, որ իրանական գազով սնվող Նախիջևանը բնավ նոր գազատարի կարիք չուներ, սակայն թուրք-ադրբեջանական կողմը ի վերջո գործնական քայլեր ձեռնարկեց հին մտադրությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Համաձայն այդ օրերի նախիջևանյան համաձայնագրերի՝ Թուրքիա-Նախիջևան կապը, ռազմատնտեսականից բացի, դեռ կամրապնդվի այլ ոլորտներում ևս։ Իսկ Իրանին ուղղված ուղերձը հետևյալն էր. «… Եթե ցանկանում ենք, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, ապա այդ հարցը պետք է լուծենք առանց հակամարտության։ … Իսկ եթե Հայաստանը չբացի այդ հարցի լուծման ճանապարհը, ապա միջանցքը կանցնի Իրանով։ Ներկայումս Իրանը դրան դրական է վերաբերվում»։ Ապա շեշտեց, որ իր այցը Նախիջևան ցուցադրական է՝ ուղղված բոլորին։ Նույն միտքը Ռ.Թ. Էրդողանն առաջ քաշեց նաև Կառավարության նիստի ժամանակ՝ կրկին հղում անելով դրա վերաբերյալ Իրանից հնչող դրական ազդակներին։

Առաջին տպավորությամբ՝ խոսքը ցամաքային կապը հենց Իրանի տարածքով կազմակերպելու մասին է՝ Արաքսի վրա նոր կամուրջների և աջ ափին նոր ճանապարհների կառուցմամբ, սակայն այստեղ հետաքրքրականն այդ տարբերակը «Զանգեզուրի միջանցք» անվանելն է այն դեպքում, երբ այդպես արդեն Զանգեզուրով չի անցնելու, և ներկայումս Ադրբեջանն այդ ցամաքային երթուղով է Նախիջևանի հետ կապ հաստատում։ Այս նպատակի առումով մի քանի ենթադրություններ ու հարցադրումներ կարող ենք անել, օրինակ՝ եթե այդպես դյուրին է և ցանկալի, ապա ինչու ավելի վաղ չէր այդ տարբերակը քննարկվում և Հայաստանի վրա էր ճնշում գործադրվում, արդյո՞ք թուրք-ադրբեջանառուսական կողմը հրաժարվել է Սյունիքի օկուպացիայի ծրագրից:

Իսկ եթե խոսքն Իրանի տարածքի մասին չէ, այլ՝ Սյունիքի մի մասն Իրանին «զիջելո՞ւ» (հայ-իրանական սահմանը դեպի հյուսիս տեղափոխելու արդյունքում կստացվի, որ միջանցքն իրանական տարածքով է անցնում), կամ գուցե Սյունիքի «միջանցքային» տարածքը համատեղ վերահսկելու, կառավարելու հարցում Իրանին ներգրավելո՞ւ։ Սրանք դեռ հարցեր են, բայց լիովին իրատեսական՝ հաշվի առնելով առաջարկողների քաղաքական վարքագիծը և խոշորամասշտաբ ծրագրերի իրագործման ճանապարհին նաև այդպիսի քայլերի դիմելու ընդունակությունը։ Ամեն դեպքում՝ Էրդողանի՝ «… առանց հակամարտության» ձևակերպումը պետք է հասկանալ «հակառակ դեպքում՝ կլինի հակամարտություն», և այդ սպառնալիքի ներքո Իրանին առաջարկվում է որոշակի տարածք, գուցե՝ Սյունիքում ռազմաբազա ունենալու «թույլտվություն», տարածաշրջանային այլ հակամարտությունների տիրույթում փոխանակում և այլն:

Եթե այս համատեքստում ուշադրության առնենք Ադրբեջանի և Իրանի կողմից վերջինի տարածքով «միջանցքի» անցկացման նպատակով նոր կամուրջների շինարարության վերաբերյալ հայտարարություններն ու գործնական աշխատանքները, ակնհայտ է, որ սա չի փոխարինելու «ցանկալի միջանցքին» և չի զսպելու «Զանգեզուրի միջանցքի» ձգտող առաջնային շահառուներին: Նոր կամուրջները, ամենայն հավանականությամբ, շախմատային ձևակերպմամբ՝ «շեղում» հնարք են, որով հնարավոր է մեղմել թե՛ հայ հասարակության տրամադրությունները (նաև ցույց տալու, որ «դրա մեջ վատ բան չկա»), թե՛ իրանական անհամաձայնությունը՝ փոխադրումների մի մասից եկամուտը նրան վերապահելով։ Սա կարող ենք համարել նաև նախազգուշացում Մոսկվային՝ նրան ծրագրից դուրս թողնելու սպառնալիքով և գործընթացն արագացնելու դրդմամբ:

Էրդողանի վերոնշյալ հայտարարությունը ենթադրաբար համարեցինք առաջարկ, սակայն Իրանին ուղղված առաջարկների փաստը և հնարավորությունը հաստատեց նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ նշելով. «Մինչ այժմ Իրանը ցույց է տվել, որ իր համար այս տարածաշրջանի աշխարհագրական դիրքն այնքան լուրջ նշանակություն ունի, որ Թեհրանը չի գայթակղվել որևէ առաջարկով, որը կարող էր արվել տարբեր մակարդակներում բանակցությունների ընթացքում։ Հնարավոր է, որ դեռ առաջարկներ լինեն, այդ թվում՝ Ռուսաստանից, սակայն Թեհրանը կարևոր է համարում Հայաստանի միջոցով դեպի հյուսիս մուտքը, հատկապես հաշվի առնելով Կովկասի մեծացած դերը Մերձավոր Արևելքի հետ կապերի առումով: Ուստի Հայաստանի տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը կարևոր գործոն է Իրանի համար»։ Այս «գայթակղիչ առաջարկների» մասին հայազգի պատգամավորի հուշումը, վստահաբար, Երևանի համար մտորելու նոր խնդիրներ է առաջացնում. ակնհայտորեն՝ իրանական կողմին հայկական տարածք է առաջարկվում կամ ազդեցություն կամ, առնվազն, Սյունիքում ներկայություն, ինչին Թեհրանը դժվար թե անտարբեր լինի։

Տեղին կլինի հիշել նաև ավելի վաղ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ թուրքական կողմը հիշեցրեց Իրանի դեմ պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալու փաստը, որպես թուրքական մեծահոգություն, որի դիմաց Անկարան պատեհ առիթով փոխհատուցում պիտի պահանջեր, ինչն էլ չուշացավ. Մ. Չավուշօղլուն կարևորեց «3+3 ձևաչափում աշխատելը և Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու անհրաժեշտությունը», որը, նրա խոսքով, «օգուտ կբերի բոլորին»: 

  1. «Լաչինն» ու «Զանգեզուրը» տարածաշրջանային միջանցքների համատեքստում

«Փոփոխվող աշխարհակարգի» մասին բազմանշանակ խոսակցությունների և երկրագնդի տարբեր անկյուններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների պարագայում առանցքային են դարձել միջազգային տնտեսական հարաբերությունները և մրցակցությունն առաջին հերթին այդ հարցում շահերի բախում ունեցող բևեռների միջև։ Տասնամյակներ շարունակ մշակված և որոշ դեպքերում՝ մեծամասամբ իրագործված տնտեսական (այդ թվում՝ լոգիստիկ) ծրագրերն այսօր արդեն բախում են մի շարք տարածաշրջանների դռները, որոնք հեռանկարում ընդգրկված են եղել այդ ծրագրերում, սակայն ժամանակային առումով թողնվել են «վերջում լուծմանը»։ Դրանցից է, կարծես, նաև Հայաստանի Հանրապետությունը ներառող տարածաշրջանը՝ որպես արևելք-արևմուտք՝ մի կողմից, և հյուսիս-հարավ՝ մյուս կողմից, հանդիպակաց շահերի գոտի։ Ընդ որում՝ խնդիրն այն է, որ դրանք էականորեն հակասում են միմյանց և կարող են անզիջում պայքարի պատճառ դառնալ։

Եվ եթե հյուսիս-հարավ տարբերակը Հայաստանի համար խիստ ցանկալի է, այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, ներդրումներ են կատարվել, ապա արևելք-արևմուտք երթուղին ռիսկեր է առաջացրել հայկական պետության համար։ Պատճառն Ասիան Եվրոպային կապող ուղին Հայաստանի տարածքով, նրա վերահսկողությունից դուրս միջանցքի տրամաբանությամբ անցկացնելու ձգտումն է, որի շուրջ այսօր տարածաշրջանային նոր հակամարտություն է հասունանում. Երևանն ու Թեհրանը դեմ են, մինչդեռ Բաքուն, Անկարան և Մոսկվան (գուցե նաև՝ դեռևս չբարձրաձայնող այլ շահառուներ) օր օրի ավելի են մեծացնում սպառնալից հռետորաբանությունը։ Ընդ որում՝ թուրքական պետությունը կարողացել է այնպես դիրքավորվել, որ ասիական տարբեր երկրներ հենց նրա միջոցով տեսնեն ելքը դեպի Եվրոպա և նույնիսկ Թուրքիային հրավիրեն մաս կազմել «միջանցքային գործարքներում»: Այդպիսին էր, օրինակ, Թայլանդի արտգործնախարարի հետ քննարկումը, որտեղ Անկարային առաջարկվեց ուսումնասիրել արևելաասիական տնտեսական միջանցքի փորձը և դրա կիրառմամբ նպաստել Եվրոպայի հետ ասիական այդ տարածաշրջանի կապի ապահովմանը, իսկ «ցորենի գործարքում» Թուրքիայի հաջողությունը հաշվի առնելով, օրինակ, Արգենտինան կարևորեց Թուրքիայի դերակատարումը նաև Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծման գործում՝ իհարկե շեշտադրումով, որ «շրջափակումները դրան հասնելու ճանապարհ չեն»:

«Միջանցքային հակամարտությունն» է, վստահաբար, խթանել 2020թ. Արցախի դեմ ծավալված պատերազմը, 2021, 2022 և 2023 թվականներին հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ Բաքվի ագրեսիան, իսկ այժմ նաև՝ նոր պատերազմով ահաբեկելը։ Դատելով թուրքական ղեկավարության մի շարք հայտարարություններից՝ Հայաստանի տարածքով միջանցքը «օդ ու ջրի պես» պահանջված է՝ հատկապես վերոնշյալ արևելք-արևմուտք կապի ապահովման, հայ-իրանական սահմանի խափանման, Հայաստանի մեկուսացման և օկուպացման, Իրանին հյուսիսային վստահելի գործընկերոջ հետ անմիջական կապը խզելու և նրա միջոցով դեպի Եվրոպա ելքի հեռանկարը կանխելու և մի շարք այլ նպատակներով, որոնց շարքում ուշադրության է արժանի համաշխարհային առևտրի համատեքստում տարանցիկ ուղիների ապահովումը՝ ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ նրանց արտատարածաշրջանային հովանավորների ու ծրագրերի շահառուների համար։

Ըստ այդմ՝ «Լաչինի միջանցքը» փակելը և դրա բացման դիմաց «Զանգեզուրի միջանցք» պահանջելն այդ խոշորագույն ծրագրի իրականացման ընդամենը մեկ բաղադրիչն է, բայց՝ ամենակարևորը` Հայաստանի անվտանգային սպառնալիքների և դրանով շահագրգռված ու Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների մասնակցության առումով։ Թուրքիան, մասնավորապես, տարանցիկ կենտրոն դառնալու իր մտադրությամբ, ինչպես տեսանք, ամենաշատն է «Լաչինը» հակադրում «Զանգեզուրին»՝ ամեն կերպ վերջինը ստանալու ձգտումով։ Եվ եթե Ադրբեջանը փորձում է ուղիղ կապ հաստատել Նախիջևանի հետ, Ռուսաստանը գործադրում է հնարավորը՝ խոստացված միջանցքը վերահսկելու, ապա Թուրքիայի համար այն դեպի Միջին Ասիա ծավալվելու, աշխարհաքաղաքական նոր դիրք զբաղեցնելու, հարյուրամյա մտադրությունները կյանքի կոչելու, ինչպես նաև Չինաստան-Եվրոպա ճանապարհին տարանցիկ հանգույց դառնալու միջոց է։

Հայտնի է, որ այդկերպ «Մեկ գոտի, մեկ ուղի»-ն (BRI) էականորեն եկամտաբեր կդառնա՝ փոխադրումների ծախսերի և ժամկետների առումով, և տնտեսական գերակայություն կապահովի նախաձեռնողի ու «հանգույցների» համար: Թուրքիան, տվյալ դեպքում, այդ ճանապարհին կարևոր հանգույց դառնալու թիվ մեկ շահագրգիռն է։ Հաշվի առնելով, որ երթուղու մեծագույն մասն արդեն իսկ պատրաստ է շահագործման, և միայն հարավկովկասյան հատվածում դեռ «խնդիր կա», բնավ պատահական չեն 2023թ. ընթացքում պարբերական դարձած թուրք-չինական երկխոսություններն այս թեմայով: Տպավորություն է, թե Թուրքիայի տնտեսության համար շատ առումներով փրկօղակ դարձած չինական ներդրումների դիմաց Անկարան ստանձնել է անխափան, չվերահսկվող երթուղի ձեռք բերելու պարտավորություն, իսկ այդ հարցում իրեն օգնելու խոստում է կորզել Մոսկվայից: Սակայն նրանց ծրագրերը, բացի Հայաստանի, Իրանի և այլ շահագրգիռ կողմերի անհամաձայնությունից, ունեն հապաղելու ավելի լուրջ պատճառներ, ինչը մեծացրել է միջանցքների հարցը տարածաշրջանային հակամարտության վերաճելու հավանականությունը:

Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցք» ստանալու հարցում ռուս-թուրք-ադրբեջանական խմբի «սեպտեմբերյան» շտապողականությունը բացատրվում է համաշխարհային՝ գոնե այս պահին առաջնային դարձած տրանսպորտային մրցակցության շուրջ լրջագույն տեղաշարժով: Բանն այն է, որ դեռևս 2022թ. ԱՄՆ-ի կողմից առաջարկվել է չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրին հակազդելու Partnership for Global Infrastructure and Investment (PGII) նախաձեռնությունը, որը հավանության է արժանացել G7-ի երկրների կողմից: Որպես այդ նախաձեռնության մեկ ուղղություն՝ 2023թ. սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԵՄ-ը համաձայնություն կնքեցին Հնդկաստան-Մերձավոր Արևելք (Սաուդյան Արաբիա-Իսրայել)-Եվրոպա (IMEC) տնտեսական միջանցք ստեղծելու վերաբերյալ: Գուցե հետագայում սրանով կբացատրվեն նաև իսրայելապաղեստինյան նոր պատերազմը և դրան ածանցվող այլ իրադարձություններ, բայց այստեղ շեշտենք, որ մինչ այդ քննարկվող հյուսիս-հարավ երթուղին, որ պիտի անցներ Իրանով ու Հայաստանով և Հնդկաստանը կապեր Եվրոպային, կարծես այլևս ուշադրության չի արժանանալու (եթե նույնիսկ չչեղարկվի): Ըստ այդմ՝ դեռևս 2022թ.-ից ի հայտ են եկել երկու՝ սկզբունքորեն տարբեր հանգամանքներ, որոնք պայմանավորում են աշխարհաքաղաքական հին ճարտարապետության անկումը և նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքը:

Մի կողմից՝ IMEC-ի ստեղծումը ենթադրում է, որ Սյունիքով արևելք-արևմուտք երթուղին արդեն մրցակից չի ունենա, քանի որ հյուսիս-հարավի նախկին «հովանավորներն» այլևս դրա վերաբերյալ պնդումներ չեն ունենա, և Թուրքիան կարող է մեծացնել ճնշումը միջանցք խոստացած Ռուսաստանի վրա, հաճախակիացնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, առաջարկներ հղել Իրանին: IMEC-ը, փաստորեն, այս դեպքում ավելի դյուրին դարձած հնարավորություն է Անկարայի համար:

Բայց մյուս կողմից՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի շուտ, թեկուզ և՝ զենքի ուժով, ստանալ միջանցքը և գործարկել Պեկին-Մեղրի-Լոնդոն երթուղին, քանի դեռ IMEC-ի մանրամասները (ֆինանսավորում, կառավարում և այլն) լրացուցիչ չեն համաձայնեցվել (միայն պայմանավորվել են, որ այս միջանցքի ստեղծման գործողությունների ծրագիրը կմշակվի երկու ամսվա ընթացքում): Չնայած դեռ հայտնի չէ՝ Իսրայելում ընթացող պատերազմն ինչպես կանդրադառնա նրա տարածքով նախատեսված երթուղու հետագա ճակատագրի վրա, սակայն պարզ է, որ դրա գործարկումն ավելի շուտ, քան «Մեկ գոտու» սյունիքյան ճյուղինը, վերջինի համար կործանարար է լինելու՝ ապահովելով Հնդկաստանի մուտքը եվրոպական շուկա, շուրջ 40%-ով նվազեցնելով երթուղին: Թուրքիայի ղեկավարության՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հաճախակի դարձած պահանջները, ուժգնացող սպառնալիքները, թուրքական մամուլում անմիջապես տեղ գտած անհանգստությունը նաև սրանով են բացատրվում՝ ոչ միայն սեփական նպատակների, այլև օտարերկրյա (առաջին հերթին՝ չինական) ներդրումների զրոյացման մտավախությամբ:

Իսկ սեփական նպատակներն իրագործելու և, մասնավորապես, Պեկին-Լոնդոն երթուղում առանցքային դերակատար դառնալու հարցում «միջանցքները» Թուրքիայի համար կարևոր միջոցներ են. «Զանգեզուրի» դիմաց «Լաչին» առաջարկելով՝ թուրքական կողմը մտադիր է դրանով և իր տարածքով ապահովել միջինասիական, ադրբեջանական և ռուսական էներգակիրների ու բնական այլ ռեսուրսների տեղափոխումը՝ ինչպես ավտոճանապարհով ու երկաթուղով, այնպես էլ՝ խողովակներով ու մալուխներով։ Ընդ որում՝ այս ծրագրերը հրապարակային են և մշտապես գտնվում են թուրք ղեկավարների հանդիպումների ու քննարկումների օրակարգում։

Օրինակ՝ 2022թ. դեկտեմբերի 14-ին Թուրքմենստանում այդ երկրի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ «…Ղարաբաղի պատերազմը նոր հնարավորություններ է բացել երեք երկրների միջև ռազմավարական ծրագրերը (առաջին հերթին՝ գազի և էլեկտրաէներգիայի տեղափոխումը) հաջողությամբ կյանքի կոչելու համար»։ Նա ակնարկեց, որ մտադիր են «Ղարաբաղի» հանգամանքն օգտագործել՝ ընդլայնելու «Լազուրի միջանցքի» («Lapis Lazuli») թողունակությունը: Գուցե ոչ պատահականորեն՝ «Լաչինի միջանցքի» արգելափակումից երկու օր անց կայացած այս հանդիպման ժամանակ Էրդողանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 12-ը ոչ միայն Թուրքմենստանի չեզոքության տոնն է, այլև՝ Հեյդար Ալիևի մահվան 19-րդ տարելիցը: Ուստի վստահաբար կարող ենք պնդել, որ «Լաչինի միջանցքի» փակումից հետո Թուրքմենստան մեկնելը լրացուցիչ ուղերձ էր: Նույն օրը Աշխաբադում արտգործնախարարների մակարդակում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին տրանսպորտային հաղորդակցության զարգացման վերաբերյալ, և ընդգծվեց, որ Կասպից ծովով նավահանգստային ենթակառուցվածքներն արդեն իսկ ընդլայնված են թուրքական և ադրբեջանական միջոցներով:

Սակայն այս և բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրերի իրականացման համար, Էրդողանի 2022թ. դեկտեմբերի 24-ի խոստովանության համաձայն, Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի, գազի ու նավթի տարանցման կենտրոն դառնալու հարցում առկա են խոչընդոտներ՝ հակամարտություններ, որոնք «իրենք հերթով լուծում են»։ Թուրքիայի նախագահն այստեղ նույնպես Հայաստանին կոչ արեց «գործել խելամտորեն»։ Քննարկման լիովին այլ հարց է, թե ինչու է հենց «միջանցք» պետք, այլ ոչ՝ պարզապես ապաշրջափակում, բայց շեշտենք, որ այդ «խելամտորեն գործելու» սպառնալիքն այսօր առավել քան իրատեսական է: 

  1. «Միջանցքների» ապագան. ի՞նչ սպասել

Թուրքիայի համար, փաստորեն, «Զանգեզուրի» բաղձալի միջանցքն Էրդողանի կողմից ձևակերպված «Մետաքսե երկաթուղու» միակ միջոցն է՝ ապահովելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի (BRI) գործարկումը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի և դրա պատճառով Եվրոպայի հետ կապի խզման պատճառով BRI-ից դուրս մնացած Ռուսաստանը, ըստ երևույթին չկարողանալով մերժել Պեկինին ու Անկարային, համաձայնել է նպաստել դրան՝ խոստանալով Երևանի վրա ճնշում գործադրելով ստանալ այն վերահսկելու մենաշնորհ՝ այդկերպ, այնուամենայնիվ, մասնակից դառնալու չինական նախաձեռնությանը:

«Զանգեզուրի միջանցքով» BRI-ի շուտափույթ գործարկման ուղղությամբ Թուրքիայի (նաև՝ Ռուսաստանի և Ադրբեջանի) շտապօղականությունը, հիշեցնենք, պայմանավորված է TGII-ի և նրա մասը հանդիսացող IMEC-ի վերաբերյալ համաձայնության կայացմամբ: Եվ փաստորեն այս պահին Հայաստանի «խելամիտ գործելուց» է կախված BRI-ի ոչ միայն գործարկումը, այլև՝ գոյությունը, քանի որ դրա հապաղումը և հատկապես մրցակից IMEC-ի ձևավորումն արդեն իսկ անհանգստություն են առաջացրել: G7-ի անդամ Իտալիան, օրինակ, նույնպես միացավ IMEC-ին և  ներկայումս քննարկում է չինական նախաձեռնությունից դուրս գալու հարցը (ըստ պայմանագրի՝ այդ մասին պաշտոնապես պետք է հայտարարի մինչև դեկտեմբեր), ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Պեկին-Հռոմ հարաբերություններում և խորը մտահոգությամբ է արտահայտվել հատկապես թուրքական մամուլում: Ս.թ. հոկտեմբերի 10-ին, հավանաբար, Թուրքիայի և Իտալիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը հենց այդ հարցին է վերաբերել (նույն օրը Շուշիում կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (EİT) նիստը, որտեղ քննարկվել են «միջանցքների» հարցերը):

Հաշվի առնելով G20-ի գագաթնաժողովից հետո՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի ԱԳ նախարարի «տարածաշրջանի տնտեսական միջանցքներն անհնար են առանց Թուրքիայի» հայտարարությունը, որով առաջարկեց Իրաքի տարածքով դեպի Միջերկրական ծովի թուրքական ափ երթուղի ենթադրող այլընտրանքային «Զարգացման ուղի» ծրագիրը, կարող ենք հասկանալ՝ Անկարան ամեն գնով փորձելու է խոչընդոտել IMEC-ի գործարկմանը (գուցե սրանով է պայմանավորված արագ ներգրավվումը իսրայելապաղեստինյան հակամարտությունում) և արագացնել «Զանգեզուրի միջանցքի» ստացման ուղղությամբ ճնշումները: Հիշենք, որ Հ. Ֆիդանի այս ձևակերպումից ընդամենը օրեր անց Ադրբեջանը լիովին հայաթափեց Արցախը՝ «Լաչինի միջանցքն» ի վերջո բացելով միայն մեկ ուղղությամբ, ցույց տալով հետագա ռազմական «լուծումների» պատրաստականություն:

Այս հետազոտության շրջանակներում բավարար համարելով աշխարհաքաղաքական միավորների (Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, ԵՄ) դերակատարության վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությանը սպառնացող գործընթացներում, փորձենք պատասխանել սույն կետի վերնագրում ձևակերպված հարցին. «Ի՞նչ սպասել»: Որպես նշված սպառնալիքի զսպում՝ հայկական քաղաքական և փորձագիտական տիրույթում բազմիցս վկայակոչվել է Իրանի «կարմիր գծերի» շեշտադրումը, սակայն դեռևս անհասկանալի է, թե, օրինակ, Հայաստանի վրա ագրեսիայի դեպքում հատկապես ինչպե՞ս կարձագանքեն իրանական զինված ուժերը:

Անմտություն է՝ կարծել, թե Իրանը միայն հանուն Սյունիքի պատերազմ կսկսի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հովանին վայելող Ադրբեջանի դեմ, հատկապես, որ հյուսիս-հարավ երթուղին արդեն իսկ փորձնական գործարկվել է հենց Բաքվով: Թեհրանն, ընդհակառակը, բազմաթիվ գործոններ հաշվի առնելով, ձգտելու է խուսափել ռազմական բախումից, հաշվի առնելով մի կողմից՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալու հարցում Ռուսաստանի անմիջական դերակատարությունը, մյուս կողմից՝ իրեն ուղղված առաջարկները: Դրանցից է, օրինակ, Մ. Չավուշօղլուի՝ դեռ հունվարի 17-ին իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձևակերպած «3+3 ձևաչափում աշխատելը և Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու անհրաժեշտությունը», որը, նրա խոսքով, «օգուտ կբերի բոլորին»: Իսկ ս.թ. հոկտեմբերի 10-ին Շուշիում EİT-ի նիստի ժամանակ, կրկին խոսելով «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին, անհրաժեշտ համարեց զարգացնել Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղային հաղորդակցությունը: Արդեն նշել ենք, որ այսօրինակ և դեռ անհայտ այլ առաջարկներ այս ընթացքում Իրանին բազմիցս են արվել: Իրանն, անշուշտ, սեփական խնդիրներն ունի, որոնց շարքում քիչ կարևոր չէ թուրքական ջրային քաղաքականության պատճառով իրանական տարածքների ցամաքումը, ինչն իրանական կողմի համար բանակցելու կարևոր թեմա է և կարող է ստորադասել մեկ այլ «կարմիր գիծ», եթե գումարվեն Գազայի, Սիրիայի ու Իրաքի հարցերում հօգուտ Իրանի հնարավոր որոշակի զիջումները:

Ամբողջապես չտիրապետելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի շարժառիթներին՝ կարող ենք պնդել հետևյալը. Ռուսաստանը դեռ 2020թ. Արցախի դեմ պատերազմում ցույց տվեց, որ աշխարհակարգային փոփոխությունների պայմաններում այլ առաջնահերթություններ ունի՝ ի հեճուկս Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների: Այլ կերպ՝ Մոսկվայի համար խիստ կարևոր են թուրք-ադրբեջանական աջակցությունը, տրանսպորտային նոր միջանցքներում վերահսկողություն ունենալը՝ սրան ածանցվող կարևոր հնարավորություններով հանդերձ (ազդեցություն թե´ Եվրոպայի, թե´ Ադրբեջանի ու Թուրքիայի, և թե´ Միջին Ասիայի վրա՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով), պատժամիջոցները շրջանցելը և այլն: Անհերքելի է ռուսական դերակատարությունը «Լաչինի միջանցքի» արգելափակման, Արցախի տարածքների աստիճանական զիջման, և, վերջապես, ամբողջական հանձնման գործում: Թուրքական կողմի հայտարարությունները վկայում են, որ այդ ամենը համակարգված ճնշում են Հայաստանի վրա՝ «Լաչինի» դիմաց «Զանգեզուր» կորզելու նպատակով, իսկ ջղաձգումները խոսում են մշակված ծրագրերի տապալման կամ, առնվազն, հապաղման մասին: Ուստի կարող ենք պնդել, որ Անկարայի սեպտեմբերյան հայտարարություններն առաջիկայում Մոսկվային դրդելու են Երևանում/Երևանի դեմ լրջագույն գործիքների կիրառմամբ կատարել նախկինում Թուրքիային և Ադրբեջանին տված խոստումները՝ լուծելու նաև սեփական առաջնահերթությունների խնդիրը:

Հայաստանի տարածքի հաշվին «թուրքական միջանցքի» ուղղությամբ հետագա զարգացումները մեծապես կախված են ոչ միայն համաշխարհային տնտեսական ծրագրերից, ռուսական մոտեցումներից, թուրք-ադրբեջանական շահերից, այլև Իրանի դեմ Ադրբեջանի ձեռամբ ռազմական գործողությունների հավանական մտադրություններից: Այս և մյուս պայմաններում, ակնհայտորեն, Բաքուն չէ որոշումներ կայացնողը. Ի. Ալիևն իր հաղթանակների և իշխանության համար հսկայական պարտավորություններ է կուտակել նախ՝ Ռուսաստանի, ապա՝ Թուրքիայի և Իսրայելի նկատմամբ: Ուստի նրանց շահերի առաջմղումը խիստ հավանական են դարձնում նոր ագրեսիան, այս անգամ արդեն՝ Սյունիքում ռազմական ճանապարհով միջանցք բացելու նպատակով՝ անկախ դրա հետագա զարգացումներից, այդ թվում՝ իրանական հնարավոր արձագանքից:

Միջազգային հանրության, տվյալ դեպքում՝ Արևմուտքի կողմից էթնիկ զտման համար դեռևս պատժամիջոցների չենթարկվելը, բայց դրանց սպառնալիքը Բաքվին կհարկադրեն վերոնշյալ ռազմական գործողություններից հետո գնալ «որոշակի զիջումների»՝ Հայաստանի հետ ստորագրել պայմանագիր, որտեղ «անկլավների» հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի, բացառությամբ մեկ-երկու տեղամասի, «Լաչինի միջանցքը» հանձնել միջազգային վերահսկողության (օրինակ՝ եվրոպացի դիտորդների), Ստեփանակերտ-Ասկերան հատվածին շնորհել որոշակի միջանկյալ կարգավիճակ՝ այնտեղ արցախցիների մի մասի վերադարձն ապահովելով: Իսկ այդ տարածքի դիմաց Հայաստանը հարկադրված կլինի համաձայնել Ագարակ-Նռնաձոր հատվածը զիջելուն:

Այս հիպոթեզային դիպաշարը, փաստացի, տարածքների փոխանակում է ենթադրում, ինչի օգտին են խոսում անմարդաբնակ դարձած Արցախում այս օրերին ռուս խաղաղապահների կողմից իրականացվող «վերականգնողական աշխատանքները», Մոսկվայից և արևմտյան մայրաքաղաքներից արցախցիների՝ իրենց բնակության վայրեր վերադարձի մասին խոսույթները, և հատկապես Անկարայի՝ Արցախը հայաթափելուց հետո արված հայտարարությունները «Լաչինի միջանցքի» հետագա գործունեության և Ադրբեջանի կազմում հայերի համատեղ խաղաղ բնակության հնարավորության մասին: Պարզապես հիշենք, որ սույն հետազոտության առաջին կետում դեռ շեշտեցինք, որ թուրքական քաղաքականությունը և առաջարկը ենթադրում են «Լաչին» (հասկանանք՝ Արցախի մի հատված)՝ «Զանգեզուրի» դիմաց:

Վահրամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՀՀԻ կրտսեր փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930