ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվի առաջարկին՝ սահմանին Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։
«Ադրբեջանի պահանջներն այսօր անհամատեղելի են մեր շահերի հետ, սա ակնհայտ է։ Հինգ ուղղությամբ Ադրբեջանն իր պահանջները չի փոխել, չի հրաժարվելու դրանցից, իսկ դրանք անհամատեղելի են մեր շահերի հետ։ Այդ պարագայում երկկողմ բանակցությունները դառնում են վտանգավոր, որովհետեւ իրենք իրենց պահանջները թելադրելու են, ասելու են՝ եթե դա չեք անելու, մենք դա կվերցնենք ուժով։ Եվ սա այս իշխանությունները գալու են այստեղ բացատրելու են, որ ուրիշ ճար չունենք, քանի որ երկկողմանի ֆորմատի տրամաբանության մեջ ենք շարունակում, սա են դնում մեր առաջ՝ կամ զիջում ենք, կամ գնում ենք պատերազմի ճանապարհով։ Ինչո՞ւ է առաջանում միջնորդների անհրաժեշտություն․ այն դեպքում, երբ կողմերի դիրքորոշումները համատեղելի չեն, այդ ժամանակ միջնորդները միջամտում են, որպեսզի գտնենք համաձայնության եզրեր։ Եվ դա կատարվում է միջազգային մանդատ ունեցող կողմերի միջոցով, այն, ինչ մենք փլուզեցինք։ Այսօր Հայաստանը դուրս եկավ միջազգային մանդատով բանակցությունների տրամաբանություններից։ Կար Մինսկի խումբ, կային այլ միջնորդական տրամաբանություններ»,- ասաց նա։
Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւին ինչ պետք էր, Արեւմուտքից ստացավ, դրա համար է հրաժարվում արեւմտյան հարթակներում բանակցություններից։ «Ալիեւն այսօր ասում է՝ քո այլընտրանքը կամ վերադառնալն է եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կամ մենք տետ-ա-տետ պետք է իրար հետ բանակցենք։ Այսինքն՝ սա այն վիճակն է, որտեղ Հայաստանը հայտնվել է այս խաղերի արդյունքում։ Ադրբեջանն Արեւմուտքից ստացել է այն, ինչ իրեն պետք էր, հիմա էլ ինչ պետք է պահանջի, դա պահանջելու է կամ եռակողմով, կամ տետ-ա-տետ հանդիպումով»,- հավելեց նա։ Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւը պարզ հայտարարել է, որ չի վերադառնալու արեւմտյան հարթակ։
«Մերոնք չեն գնում ՀԱՊԿ ուղղությամբ, նա էլ չի գնում Արեւմուտքի ուղղությամբ, եւ առաջացել է այս աննորմալ վիճակը։ Վերջը բերելու է երկկողմ բանակցության, երկկողմում էլ Ադրբեջանը պահանջները դնելու է շատ խիստ։ Պարտված իշխանությունը եւս մեկ անգամ գնալու է բանակցելու հաղթողի հետ, եւ սա լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ սրանից բխող մեզ համար տխուր հետեւանքներով»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ