Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու (5-7-րդ դդ․) պահպանման և վերականգնման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Հովհաննիսյանի միջև այսօր կնքվել է հուշագիր:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
«Մենք կարևորում ենք մասնավորի հատվածի հետ համագործակցությունը, որը նպաստում է պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և մեր ժառանգությունը հետագա սերունդների փոխանցմանը՝ ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Հուշագրով նախատեսվում է ամրակայել Սբ. Աստվածածին եկեղեցու պատերը, որոնք վթարային վիճակում են և հրատապ նորոգման կարիք ունեն, ինչից հետո կքննարկվի նաև գմբեթի հիմնանորոգման հարցը:
Կարդացեք նաև
Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն և աջակցություն:
Բարերար Լևոն Հովհաննիսյանն էլ իր միջոցներով կիրականացնի հուշարձանի ուսումնասիրություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, որոնք կներկայացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Բարերարը կցուցաբերի աջակցություն նաև այլ հարցերում՝ իր իրավասությունների շրջանակում:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ