Ով իրեն ճիշտ չպահի թե՛ այս հարթակում, թե՛ դրսում կստանա իր պատասխանը. Երեւանի քաղաքապետարանում երեկվա ծեծկռտուքից հետո իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն այսպես էր զգուշացրել ընդդիմադիրներին:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ սա ձեր գործընկերները ընդունե՞ն որպես սպառնալիք՝ նա պատասխանեց. «Բացարձակ, ես ասացի՝ դուք եք որոշում՝ որտեղ ինչ հարթակում ոնց ենք շփվում: Մենք պատրաստ ենք աշխատել ու գործընկերային շփվել, կարող է լինել քննադատություն, որակումներ այս դահլիճում, բայց ոչ երեկվա նման: Ցանկացած պարագայում ինչ ընտրություն կանեն, մենք պատրաստ ենք դրան»:
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ սադրել են, որ միջադեպ լինի, ձեզ սադրե՞լ են՝ Անի Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե նայում եք կադրերը՝ ամբողջ օրվա ընթացքում որակումներ, տարբեր ելույթներ են հնչել, որին մենք ձայն չեք հանել»: Ըստ նրա, ինքը քաղաքական ելույթ է ունեցել՝ միգուցե ոչ դուրեկան բառապաշարով. «Ես իմ ելույթը կիսատ թողեցի, որոշեցի գնալ նստել տեղս, շարունակությունը երեւում է կադրերում»:
«Մամա Ռոզա», «պուտանկա», սեռական հայհոյանքներ… այս բառապաշարը Երեւանի քաղաքապետարանում լսելուց հետո երեւանցին ինչպե՞ս պետք է հարգի այս ինստիտուտը՝ նա պատասխանեց. «Այդ բառացանկը ասողին գնացեք ասեք: Ես 7 տարի այս դահլիճում եմ, հա, բազում կռիվներ, վեճեր, որակումներ են եղել, բայց երբեք հայհոյանքի լեքսիկոնի չի գնացել; Այն, ինչ եղավ երեկ, այդ բառացանկով խոսացող տիկնոջ հետ գնացեք խոսեք, ես իր փոխարեն երեւանցուց ներողություն եմ խնդրում, որ հասարակությունը լսեց այդ լեքսիկոնը, այն էլ՝ հայ կնոջից: Գիտեք, երբ լսում ես այդպիսի բաներ, հիշում ես, որ կանանց մոտ հայ տղամարդիկ երբ հայհոյանք էին տալիս, ներողություն էին խնդրում, հիմա հայհոյանքը մտել է կանանց դաշտ ու այսքան պղծվել է մեր հասարակությունը»:
Կարդացեք նաև
Փոխանցեցինք «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանի դիտարկումները, որ իրենք ծառա են ՔՊ-ին, արբանյակ են, Վազգեն Սարգսյանի անունն օգտագործում են ու եթե դահլիճում թուրքեր են, ինքը ստիպված է խոսել թուրքերեն: Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ես հակառակը գիտեի, ՀՀ բոլոր քաղաքացիները իրենց խմբակցությանը, իրենց տիրոջը՝ Ռոբերտ Քոչարյանին են նույնացնում հենց թուրք եւ թշնամի երկրի ղեկավարների hետ: Օրինակ, իմ համար, երբ որ ասում են՝ Ալիեւ, ես ասում եմ՝ ո՞ր մեկին եք ասում Քոչարյանի՞ն, թե՞ էն մյուսին ու այդպես ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, այնպես որ, թող այդ տիկինն իր տերերին ասի: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվանը, նրա անունը այս դահլիճում հնչեցրեց մի չգիտեմ ինչ, ով 5-6 տարի առաջ Տարոն Մարգարյանի իշխանության օրոք այս դահլիճ էր բերել Վազգեն Սարգսյանի փողոցի անունը փոխելու նախագիծ: Ինքը բերել էր Վազգեն Սարգսյանի անունը Երեւանի կենտրոնից ջնջելու նախագիծ ու այսօր խոսում է Վազգեն Սարգսյանի արձանից: Այո, մենք չենք պայքարել Վազգեն Սարգսյանի արձանը ՀՀ բերելու համար, որովհետեւ Վազգեն Սարգսյանի գերեզմանն այստեղ է, Վազգեն Սարգսյանն այստեղ ունի կիսանդրի, նրա անունով այսօր բազմաթիվ փողոցներ ու շենքեր, արձաններ կան: Մենք գերադասել ենք Շուշիից քարե արձանի փոխարեն մի քանի զոհված տղայի աճյուն բերվի, քան թե քարե արձանը: Վերջապես Վազգեն Սարգսյանը պետք է մնար Շուշիում, որովհետեւ իր տեղը Շուշիում էր: Մենք խոսում ենք քարի մասին, իսկ ես խոսում եմ այն զոհված տղաների աճյունների մասին, ովքեր այստեղ գերեզման կարող է չունենային, ինչ է՝ մենք պայքարում էինք, բերելու էինք քարե արձանը: Այն, ինչ եղավ այդ օրերին, անսպասելի էր եւ մենք ոչ մի վայրկյան չենք մտածել, որ արձանի համար պետք է պայքարել: Մենք մտածում էինք, որ զոհված տղայի մի գերեզման այստեղ ունենալը ավելի գերադասելի է, քան քար այստեղ վերադառնա: Խոսել քարի մասին, արձանի մասին, դա արդեն խոսում է նրանց էժանության մասին: Խոսում է այն էժանը, որը այս դահլիճ էր բերել, կրկնում եմ, Վազգեն Սարգսյանի փողոցի անունը փոխելու նախագիծ: Ես հենց այն ժամանակ իմ ելույթում ասացի, որ այս խմբակի հետեւում երեւում է Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ ես չսխալվեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ