Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոնյա համայնքը սատարում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին եւ հայկական համայնքի ամբողջականությանը». իսրայելահայ լրագրող

Նոյեմբեր 22,2023 15:30

Օրերս Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածքում միջադեպ էր եղել, հայեր էին ձերբակալվել, սակայն գիշերը ազատ էին արձակվել:

Հայր Աղան Գոգչյան

Aravot.am-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը նշեց, որ որեւէ լուրջ խնդիր չի եղել, մեր տղաներն ազատ են արձակվել՝ հարցաքննվելուց հետո. «Ոստիկանության եւ մեր տղաների միջեւ որեւէ խնդիր չի եղել, ուղղակի իրենց հորդորել են մի քանի օր որոշակի հեռավորություն պահել տարածքից՝ սադրանքի չտրվելու համար»:

Արտյոմ Չերնամորյան

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետահ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանից:

«Իրավիճակը այս երկու օրերի ընթացքում կայունացել է, հայկական համայնքի վրա հարձակումներ եւ սադրանքի հետ կապված խնդիրներ այս պահին չկան: Հայ երիտասարդները վրաններ են տեղադրել եւ 24 ժամ հսկում են «Կովերի պարտեզի» տարածքը՝ հոգեւորականների հետ միասին: Իմ ունեցած տեղեկություններով Իսրայելում ՀՀ դեսպանը մի քանի անգամ եղել է Երուսաղեմի Հայոց պատիարքարանում, «Կովերի պարտեզում»,- Aravot.am-ին փոխանցեց Արտյոմ Չերնամորյանը:

«Այս պահին բոլորիս հիմնական նպատակը հայկական համայնքի պահպանությունն է, «Կովերի պարտեզի» պահպանությունն է, որովհետեւ Xana Gardens ընկերությունը ստացել էր նամակը հոկտեմբերի 26-ին, եւ փաստացի այդ օրը իրենք եկան շներով եւ ինքնաձիգներով, ինչ-որ մասնավոր կազմակերպություն էին վարձել ու զինված եկել էին, նաեւ երկու տրակտոր էին ներս մտցրել, բավականին վնաս էին տվել: Դրան դեմ դուրս եկավ հայկական համայնքը, հոգեւորականները, ու հնարավոր եղավ կանգնեցնել: Չնայած եղան ձերբակալություններ: Սկզբում այնպիսի տպավորություն էր, որ Իսրայելի ոստիկանությունն ամբողջությամբ պաշտպանում էր այդ մարդկանց: Հավանաբար իրենք ստել էին, թե հայերն են հարձակվել իրենց վրա: Այս օրերին, երբ մերոնք պահանջել էին ինչ-որ թուղթ շինարարություն սկսելու վերաբերյալ, նրանք թուղթը չեն ներկայացրել: Դրանից հետո ոստիկանությունը չեզոք դիրք ունի:

Մեր համայնքի երիտասարդներն ամեն օր վերահսկում են տարածքը եւ նկարներ են հրապարակում, թե ինչ հյուրեր են ունեցել այնտեղ:

Ամենակարեւորն այն է, որ նոյեմբերի 18-ին Երուսաղեմի քրիստոնյա պատրիարքները եւ հոգեւոր պետերը հանդես եկան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին աջակցություն հայտնելու մասին հաղորդագրությամբ: Այնտեղ նշվում էր, որ ողջ քրիստոնյա համայնքը սատարում է Հայկական պատրիարքարանին եւ հայկական համայնքի ամբողջականությանը: Այս պահին բոլոր քրիստոնեական եկեղեցիները, անկախ նրանից, թե ինչ սխալ է Հայկական պատրիարքարանը թույլ տվել՝ գնալով այդ գործարքին, միավորվել են հայկական համայնքի շուրջ եւ սատարում են հայկական համայնքին:

Այս ամենից զատ` նաեւ դիվանագիտական առումով կան որոշակի դրական տեղաշարժեր: Հանդիպում էր տեղի ունեցել մեր համայնքի երիտասարդների ներկայացուցիչների եւ Ֆրանսիայի հյուպատոսի հետ: Տարբեր քրիստոնեական համայնքների ղեկավարներ են այցելել Հայկական թաղամաս եւ հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ: Փառք Աստծո, գոնե այս պահին այս ընդհանուր վտանգի դիմաց հայկական համայնքը մենակ չմնաց: Թե ինչու էր սա հենց պատերազմի ժամանակ կազմակերպվել, դա հարցի մյուս կողմն է:

Մերոնք, հավանաբար, ունենալով լուրջ փաստեր՝ գործարքի մեջ տեղ գտած խարդախությունների հետ կապված, չեղարկել են պայմանագիրը, սակայն խնդիրն այն է, որ մինչեւ այժմ դատարանի որոշում չկա: Հայկական կողմը դիմել է դատարան, որպեսզի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվեն: Երբ այստեղ դատարան ես դիմում շինարարական աշխատանքների դադարեցման հետ կապված, որոշում է կայացվում աշխատանքները դադարեցնել, մինչեւ դատարանի բուն որոշումը: Ու քանի դեռ դատարանի որոշումը չկա, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը որոշել է համայնքի հետ միասին պաշտպանել հողերը եւ թույլ չտալ շինարարական աշխատանքներ կատարվեն»,-ասաց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930