Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն որեւէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի, Ադրբեջանն է այսօր միլիարդավոր դոլարների սպառազինություն գնում»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 22,2023 14:35

«Այն պարագայում, երբ մենք փորձում ենք պաշտպանողական զենք ձեռք բերել, մեր հարեւանը փորձում է մեծ աղմուկ բարձրացնել։ Իրենք միայն երեւի ատոմային ռումբ չունեն եւ աշխարհին փորձում են ներկայացնել, որ Հայաստանն իբր զինվում է, հարձակվում է, հարձակվողական պլաններ ունի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի։ Եվ Ադրբեջանն այսօր այն միլիարդավոր դոլարների սպառազինությունը, որը գնում է, միջազգային հանրությունը դրա նկատմամբ պետք է ուշադիր լինի եւ մեկ հարց տա՝ ինչի՞ համար է պետք Ադրբեջանին այդ քանակությամբ զենք-զինամթերք։ Ասում եմ՝ միայն երեւի ատոմային ռումբ չունեն, եւ Հայաստանի կողմից ամենապուճուր մեքենա գնելու պարագայում իրենք աղմուկ են բարձրացնում։ Կոչ եմ անում մեր լրագրողներին ու քաղաքական ուժերին՝ նույնպես դրա մասին խոսել։ Իսրայելում ամենաթեժ պահին իրենք հաջողեցնում են զենք տեղափոխել իրենց երկիր եւ խոսում են մի քանի մեքենայի կամ պաշտպանողական զենքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանը չի ուզում «խաղաղության պայմանագիր» ստորագրել ու գնալ խաղաղության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իսկ ինչո՞ւ մենք պետք է քննարկենք, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Եկեք քննարկենք, թե մենք ինչ ենք ուզում, եկեք մենք մեզ հարց տանք, թե ի՞նչ ենք ուզում։ Իմ կարծիքով՝ մեր ուզածն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Եվ եթե Ադրբեջանի իշխանության հայտարարություններն ուղղակի հայտարարություններ չեն եւ միտված չեն թոզ փչել միջազգային հանրության աչքերին, դա պետք է ամրապնդված լինի գործողություններով։ Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դրա ապացույցի համար կան բազմաթիվ քայլեր՝ սկսած գերիներին բաց թողնելուց, վերջացրած տարածքային սկզբունքներով, որոնք համաձայնեցված են։ Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է հասկանան, որ այդ մարտավարությունը երկար կյանք չունի, եւ եթե իրենք ռեալ խաղաղություն են ուզում, ռեալ քայլեր են պետք։ Իսկ ՀՀ-ն պատրաստ է եւ բազմաթիվ քայլեր է արել, նաեւ վարչապետի մակարդակով»։

Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին՝ սահմանին հանդիպելու եւ ուղիղ երկխոսելու, ԱԺ նախագահն ասաց․ «Մենք քննարկում ենք բոլոր տարբերակները, այդ թվում՝ դրանք։ Եվ հայաստանյան կողմն ավելի քան կառուցողական է նման հարցերում։ Եվ մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը նույնպես իրեն կարողանա թույլ տալ համարձակ քայլերի գնալ։ Ես կարծում եմ՝ իրենք իրենց պետք է հարց տան՝ արդյոք շարունակելո՞ւ են միջազգային հանրությանը ներկայանալ որպես երկիր, որը տարածքային պահանջներ ունի, որը խաղաղություն է ուզում, թե՞ ուղղակի թոզ են փչելու համաշխարհային հանրության աչքերին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930