Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք ՀԱՊԿ-ը գա կանգնի ոչ թե մեր սահմանի վրա, այլ 100 կամ 50 կիլոմետր այն կողմ, իրենք մի շաբաթ հետո գնալու են, բա մեր պետությունն ի՞նչ է անելու»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 22,2023 13:57

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս չի մասնակցելու։

«Դեկտեմբերին միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե Հայաստանը որոշել է դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․ «Հայաստանը նման որոշում չունի դուրս գալու, բայց ես կարծում եմ՝ իմ մասնակցությունն այս ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները փաստացի որեւէ ձեւով չի կատարել, գնամ, ի՞նչ անեմ այնտեղ, կբացատրե՞ք ինձ։ Իմ չմասնակցելու մասին արդեն տեղեկացրել եմ ՀԱՊԿ գործընկերներին, իրենք տեղյակ են։ Դեռ արձագանք չկա, կարծում եմ, որ չի էլ լինի, որովհետեւ վստահ եմ՝ իրենց համար էլ է հասկանալի, թե իմ չմասնակցության պատճառները որոնք են»։

Դիտարկմանը, որ Ղազախստանի դեպքերի ժամանակ ՀՀ իշխանությունները փորձեցին աշխատեցնել ՀԱՊԿ մեխանիզմը, բայց չստացվեց, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման որոշում ենք կայացրել, որ փորձենք այդ մեխանիզմն աշխատեցնել։ Կաշխատի, կաշխատի, չաշխատի, ավելի վատ»։ Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը պաշտպանական կառույց է, որը պետք է պաշտպանի անդամ երկրներին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք են ներխուժել երրորդ երկրի ուժեր, եւ ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել։ «Գնանք այնտեղ ինչի՞ համար։ Ես կարծում եմ, որ այստեղ հերթը ՀԱՊԿ երկրներինն է, ՀԱՊԿ երկրները պետք է արձագանքեն, ոչ թե ապրեն ինչ-որ երեւակայական փուչիկի մեջ։ Կա իրենց իրականությունը եւ այն իրականությունը, որի մեջ ապրում ենք մենք։ Այդ իրականությունները բացարձակ չեն համընկնում, եւ դա արդեն խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե այս պայմաններում միգուցե ՀԱՊԿ-ը դուրս կգա՞ Հայաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Իսկ ո՞նց է դա արտահայտվում։ Երբ ՀԱՊԿ-ն իր գործողությունը չի կատարում, դուրս գալը էլ ո՞նց է լինում։ Ես զարմանում եմ, որ մեր գործընկերներն ասում են, որ իրենք չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից։ Դա այն է, երբ ՀԱՊԿ-ը ունի պարտավորություններով՝ թղթով գրած ու ստորագրած, եւ դրանք չի կատարում։ Դա այն է, երբ Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված կետ է մատնանշում եւ դիմում է ՀԱՊԿ-ին՝ գոնե քաղաքական գնահատականի համար, եւ ՀԱՊԿ-ը դա չի անում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Եվ իրենց գործողություններով ու հայտարարություններով, իրենց խոսույթով իրենք ապացուցում են, որ այդ կառույցն իրոք խնդիր ունի։ Իրենք տպավորություն են ստեղծում, թե ուզում են ինչ-որ դիտորդական առաքելություն ուղարկել՝ չհստակեցնելով, թե որտեղ են ուղարկելու այդ առաքելությունը։ Տպավորություն են թողնում, թե ինչ-որ գործողություններ են անում, օգնում են։ Թող հայտարարեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահման գոյություն ունի։ Չի կարելի ասել, որ՝ գիտե՞ք ինչ, այդտեղ սահման չկա, բայց ՀԱՊԿ-ը կա։ Եթե այդտեղ սահման չկա, ապա ՀԱՊԿ-ը սահման չունի։ Եթե ՀԱՊԿ-ը սահման չունի, ուրեմն գալու կանգնելու տեղ չունի։ Ուրիշ բան ասեմ՝ ենթադրենք գան կանգնեն ոչ թե մեր սահմանի վրա, այլ 100 մետր, 100 կիլոմետր կամ 50 կիլոմետր այն կողմ ու ասեն՝ սա է մեր սահմանը, բա հետո ի՞նչ ենք անելու։ Իրենք մի շաբաթ հետո գնալու են, բա մեր պետությունն ի՞նչ է անելու»,- հավելեց նա։

Նա նշեց, որ ուրիշ շահերի ու իրականության մասին է խոսքը։ «Դուք չեք տեսնո՞ւմ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հայտարարությունները, խոսույթը։ Ես կարծում եմ՝ հայկական իրականության մեջ որեւէ մեկի մոտ այլեւս հարց չկա այս հարցի շրջանակներում։ Եվ որեւիցե բան չկա, որը պետք է բացատրել»,- ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն իրենց է մեղադրում հայ-ռուսական հարաբերությունները խարխլելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կան քաղաքական շահեր, եւ այդ քաղաքական շահերն այս մի քանի տարիների ընթացքում գործել են Հայաստանի պետության, հայ ժողովրդի շահերի դեմ։ Եվ դա ակնհայտ է դարձել հայտարարությունների եւ մնացածի հիման վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930