Երեւանի քաղաքապետարանում երեկվա ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Երեւանի ավագանին առաջնային մանդատ ունեցող մարմին է: Խնդիրն այլ տեղ է: Աշխարհում ներկայացուցչական բոլոր մարմիններում կարող են լինել որոշակի կրքեր: Դա խնդիր է, որից ոչ մեկը ապահովագրված չէ: Այլ բան է, երբ այդ ամենը տեղափոխվում է միջանցք եւ այդ ամենին տրվում է փողոցային մակարդակ: Շնագայլային, ոհմակային սկզբունքով, թվային գերազանցության գործոնից ելնելով՝ հարձակվում եւ բռնություն են փորձում կիրառել ավագանու անդամների ներկայությամբ: Խնդիրն այդտեղ է»:
Իրավական ընթացք կտա՞ն երեկվա միջադեպին՝ նա պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել:
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ «Մայր Հայաստանի» թիմակիցները նույնպես հայհոյանքներ են հնչեցրել ու ներողություն չեն էլ խնդրել:
Մանուկ Սուքիասյանն արձագանքեց. «Երբ որ գալիս է այնպիսի իրավիճակ, երբ ամեն ինչը բանից դուրս է գալիս, պետք է հասկանալ՝ իշխանությունն ով է: Ինչ ու ոնց ուզում ես մեկնաբանի, ինչպես երկրում, այնպես էլ քաղաքապետարանում կատարվողի պատասխանատուն իշխանությունն է»:
Կարդացեք նաև
Ըստ Սուքիասյանի, իշխանությունը պետք է կարգուկանոն հաստատեր, որովհետեւ սա փողոց չի, որ ինչ-որ մեկի պատիվը պահելու համար վարչական աշխատողները փորձեն միջամտեն ու բռնություն կիրառեն:
«Հանրային ձայնի» անդամ Նանա Սարգսյանն ասաց, որ «Մայր Հայաստանի» հետ նախնական պայմանավորվածություն է եղել, բայց նրանք խախտել են.
Սուքիասյանն ասաց. «Եկեք դետալների մեջ չմտնենք: Բոյկոտի առաջարկ չի եղել, ընդամենը եղել է նիստերի ընթացքում զեկուցվող-չզեկուցվող հարցերը դարձնել սկզբունքային, եթե պնդեն, որ չեն զեկուցելու, բոյկոտում ենք: Տեսանք, որ մեր ճնշումը տվեց արդյունք եւ հարցը դարձավ զեկուցվող»:
Նա նաեւ նշեց, որ միանշանակ համաձայն է Հայկ Մարությանի հետ, որ պետք է անցկացվեն նոր ընտրություններ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ