«Ավագանու նիստում ավագանու որ անդամը ինչ տեսակետ կհնչեցնի, ում համար դա կլինի վիրավորական կամ ոչ, միջադեպ կլինի, սուր խոսքեր կլինեն, դա ավագանու ինստիտուտի ներսում մնալիք հարցն է։ Որեւիցե վարչական աշխատող, նշանակովի պաշտոնյա, վարչական շրջանի ղեկավար․․․ սա փողոց չէ, որ ինչ-որ մեկը գա մեկի թասիբը պահի»,-այսօր Երեւանին ավագանու նիստում իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանն՝ անդրադառնալով ավագանու երեկվա նիստում տեղի ունեցած բռնության միջադեպին։ Հիշեցնենք, «Մայր Հայաստան» եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին, հետո վեճը՝ ծեծով ու բռնության ուղեկցությամբ շարունակվեց միջանցքում։
Սուքիասյանը դիմելով ՔՊ-ին, ասաց․ «Եթե դուք կարծում եք, որ ձեր կից ուժին մեր դեմ հրահրելով դուք շատ ստերիլ եք մնալու, ամեն շատ լավ է լինելու ձեզ համար, չարաչար սխալվում եք։ Առաջին հերթին սա վարկաբեկող է ձեզ համար։ Ավագանու նիստերին տարրական կարգուկանոն պահելը, մարդկային տակտ պահելը․․․ քաղաքական գնահատականներում մարդիկ ազատ են, մեր երկիրը լավագույն ժամանակները չի ապրում, կարող է խոսքերը շատ սուր լինեն։ Այդ սեր ու հանդուրժողականությունը դա կենաց չէ, դա պրակտիկայում պետք է երեւա։ Այո, ընդդիմությունը կարող է շատ սուր խոսել, ոմանք կարող են նույնիսկ վիրավորվել, բայց դրա համար արբանյակ ուժին հրահրել ու դրանով կարծում եք «Մայր Հայաստանի» օրակարգը փոխվելու է եւ մենք էլ մեր բանուգործը թողած՝ ամեն օր կռիվնե՞ր ենք անելու։ Իհարկե՝ ոչ։ Մեր թիրախը գործող իշխանությունն է»։
Սուքիասյանն անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը, թե նման միջադեպերի դեպքում միջոցներ կկիրառի անվտանգության հետ կապված, ասաց՝ նախ պիտի կարողանաք նիստ վարել, հետո միջոցներ կիրառել․ «Քաղաքային իշխանությունը կոալիցիոն գործընկերոջ հետ մեկտեղ չունի քվորում, առանց մեզ քվորում չի լինելու, որ դուք էլ միջոց կիրառեք կամ չկիրառեք։ Ընդդիմության հետ այս «ռասկլադի» դեպքում հանդուգն պետք չէ խոսել։ Մեզ սպառնալու փոխարեն, ու որ ասում եք՝ համարենք փակված, ինչո՞վ փակված։ Միջանցքներում թաղապետերը հարձակվում են ոհմակներով, ավագանին ինչ է ասել-ինչ չի ասել, դա թաղապետի գործը չէ։ Հստակ գնահատական տվեք»։
Ավագանու անդամի խոսքով՝ եթե երեկվա միջադեպին մասնակցած թաղապետերի պաշտոնաթողության հարցը չմտնի օրակարգ, եւ եթե ՔՊ-ն համապատասխան քայլ չանի նրանց պաշտոնաթողության ուղղությամբ, ապա «Մայր Հայաստանը» եւ ընդդիմադիր մյուս խմբակցությունները չեն կարող խոստանալ, որ քվորում կլինի ու նիստեր կանցկացվեն։
Կարդացեք նաև
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքելով ասաց՝ դուք խոսում եք այն մասին, որ ձեր խոսքում զուսպ եք եւ անհանդուրժողականություն եք դրսեւորում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի, որն այստեղ նստած է, անվանելով արբանյակ․ «Ես փչացած հեռախոս չեմ այստեղ։ Եթե ես ասում եմ՝ այս հարցերի ժամանակ պիտի քննարկենք հարցերը, դա նշանակում է, որ պիտի քննարկենք հարցերը։ Ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չէ խոսել, որովհետեւ այս ավագանու նիստերը որքան մեզ են պետք, այդքան էլ ձեզ են պետք եւ ձեր ընտրողներին, որովհետեւ մենք բոլորով այստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, վստահաբար այս ավագանին միգուցե կարելի է ցրել ու գնալ նոր ընտրությունների։ Եթե մեր համագործակցությունը չստացվի, մենք նոր ընտրություններից չենք վախենում։ Խնդրում եմ՝ հաթաթայի լեզվով մեզ հետ չխոսել։ Հանդուրժողականությունը սկսվում է խոսքից, եթե մենք ամեն ելույթի մեջ իրար ասենք՝ արբանյակ, թուրք, բան, ու սենց գնա, հետո ասենք՝ վայ, էս մեկը ջուրը շփեց, էս մեկը մազը քաշեց, էս մեկն էլ տվեց բերնիս։ Է, հետո՞»։
«Ազգային առաջընթացից» էլ հայտարարեցին, որ երեկվա միջադեպին թաղապետերի մասնակցությանը պետք է գնահատական տրվի։
Իսկ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը, որը երեկվա միջադեպի անմիջական մասնակիցն էր, ասաց․ «12 վարչական շրջանների ղեկավարներ, ես ձեր ցավը տանեմ, տղերք»։
«Ես իրենց ցավը չտանեմ։ Ես չեմ խրախուսում որեւէ տեսակի բռնություն»,-արձագանքեց Ավինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ