ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ՝ Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում կենսաթոշակներ ու նպաստներ կստանան։ Կառավարության անդամները հայտարարել են, որ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է վճարել դեկտեմբեր ամսին։
Նախքան քվեարկությունը` «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Նշենք, որ կառավարությունը երեկվա առաջին ընթերցմամբ քննարկումից հետո այս փաթեթը լրացրել է եւս մեկ նախագծով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում խնդրահարույց էր համարել սա՝ նշելով․ «Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ բոլոր պատվովճարների մասով կարգավորում կա, բայց սկզբունքային հարցը հետեւյալն է՝ Արցախի Հանրապետության Ազգային հերոսի եւ Մարտական խաչի ասպետի կոչումով պարգեւատրված անձինք այս կարգավորումից դուրս են մնում՝ ի տարբերություն մարտական գործողություններին մասնակցած, Արցախում ծառայած մեր հայրենակիցների։ Սա լուրջ խնդիր է, այս նախաձեռնությունն այս տեսքով բերելուց առաջ նախապես գոնե պետք է քննարկումներ անցկացվեցին ու լուծումներ առաջարկվեին»։
Ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց փաթեթին։
Կարդացեք նաև
Խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց․ «Մենք կողմ քվեարկեցինք փաթեթին, ինչպես երեկ էինք կողմ քվեարկել։ Այս ընթացքում փաթեթի մեջ ներառվել է մի՝ մեր կարծիքով՝ ապօրինի մտցված նախագիծ, որը պրոբլեմատիկ է այն առումով, որ զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունները փաստորեն չեն վերաբերելու Արցախի Հանրապետությունում ստացած Ազգային հերոսի, Մարտական խաչի կոչում ունեցողներին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդիկ նույն մարդիկ են, որոնք սխրանքներ են գործել հայրենիքի համար՝ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համար։ Եվ տարբերակում դնելը, եթե սա քաղաքական նպատակներ չունի, վախի դրսեւորում չէ, անթույլատրելի է»։
Աղվան Վարդանյանն ասաց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ կարճ քննարկել են հարցը, կարծես թե պատրաստակամություն կա քննարկել հարցը եւ փորձել լուծումներ գտնել։ Նա նշեց, որ իրենք պատրաստ են աշխատել կառավարության հետ, հետագայում կտեսնեն, թե որքանով է պատրաստակամ այս կառավարությունը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց․ «Փաթեթում լրացված օրենքի նախագիծն ապօրինաբար չէ եւ համապատասխանում է ԱԺ կանոնակարգ օրենքի իրավակարգավորումներին։ Նախագծի հեղինակը հնարավորություն ունի առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ առաջարկելու, այս դեպքում փոփոխությունները վերաբերում են նոր կատեգորիայի անձանց, հետեւաբար, նոր օրենքի նախագիծ է լրամշակվել փաթեթում։ Եվ դրանով մենք հնարավորություն ենք տալիս անձանց՝ ստանալու իրենց զինվորական պատվովճարներն ու պարգեւավճարները։ Կարծում եմ՝ այստեղ որեւէ ապօրինություն ու խնդրահարույց հարց չկա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ