ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանում «Ֆլեքս» ծրագրի հիմնադրման 30-ամյակի և ամերիկյան Գոհունակության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև «Ֆլեքս» ծրագրի նախորդ 30 տարիների շրջանավարտները։ Միջոցառման կարգախոսն էր «Հայաստանի գերազանցությունը՝ արժևորելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտների 30-ամյա ներդրումը Հայաստանի զարգացման և կայունացման գործընթացում»։
Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համագործակցությամբ՝ շուրջ 30 տարի։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել «Ֆլեքս» ծրագրի 30-ամյակի առիթով։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը, ըստ նրա, կրթական համակարգը մրցունակ դարձնելն է և ինչպես աշխատաշուկայում, այնպես էլ հանրային գործընթացներում ակտիվ և իրավագիտակից շրջանավարտներ ունենալը։
Կարդացեք նաև
««Ֆլեքսն» այն հիանալի ծրագրերից է, որի շնորհիվ մեր երիտասարդները կարողանում են զարգացնել մարդկային կապիտալը և վերադառնալով հայրենիք՝ իրենց լավագույն ներդրումն ունենալ՝ ի նպաստ հանրային կյանքի բարօրության։ Վստահ եմ՝ կարևոր գիտելիքներ ու հմտություններ եք ձեռք բերել պետականաշինության և հանրային առաջընթացի համար։ Դուք ինչ-որ առումով նաև մեր մշակութային դեսպաններն եք Միացյալ Նահանգներում, և այստեղ ևս շարունակում եք այդ գործառույթը՝ ապահովելով միջմշակութային երկխոսությունը։ Դա նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու նոր կապերի ձևավորմանը։ Ձեր գործունեությամբ շարունակեք կամրջել հայ-ամերիկյան համագործակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ դիմելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտներին։
Նշենք, որ ծրագրի հաղթողները` 9-12-րդ դասարանի աշակերտները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնելու ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Ծրագրի հիմքում ընկած գաղափարը՝ միտված երիտասարդ առաջնորդների ձևավորմանը, ինքնին յուրահատուկ և արժեքավոր է դարձնում այս ծրագիրը: Շատ ֆլեքսականներ այսօր իրենց համայնքներում նշանակալի գործունեություն են ծավալում: Այս բարդ ժամանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում միասնականության ու կարեկցանքի գիտակցումը կենսական նշանակություն ունեն: Վստահ եմ՝ հետագա 30 տարիներին ևս «Ֆլեքս»-ը հավատարիմ կմնա երիտասարդ առաջնորդների ձևավորման կարևոր առաքելությանը Հայաստանում»,-նշել է դեսպանը` շնորհակալություն հայտնելով նախորդ տարիներին ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր կողմերին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ