Նոյեմբերի 16-ին Stem Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն լաբորատորիայում աճեցված արյունատար անոթները նոր պատկերացումներ են տալիս, թե ինչպես գլխուղեղի փոքր անոթների վնասվածքները կարող են նպաստել դեմենցիայի ու կաթվածի զարգացմանը։
Դրանից բացի հետազոտությունը հայտնաբերել է այն դեղամիջոցը, որը կարող է «փակել» այդ վնասվածքները՝ նվազեցնելով արյունատար անոթների արտահոսքի հետևանքով գլխուղեղի վնասման հավանականությունը։ Մետալոպրոտեինազների դասի արգելակիչներ հանդիսացող հակաբիոտիկներն ու հակաքաղցկեղային դեղամիջոցներն ազդել են լաբորատորիայում աճեցված արյունատար անոթների վրա՝ վերականգնելով դրանց վնասվածքներն ու կանխելով արտահոսքը։ Սակայն, ինչպես նշել է Քեմբրիջի համալսարանի դոկտոր Ալեսանդրա Գրանատան․ «Այդ դեղամիջոցները նաև նշանակալի կողմնակի ազդեցություններ ունեն և նպատակահարմար չէ դրանց օգտագործումը մանր անոթների բուժման համար, սակայն դրանք տեսականորեն ցույց են տալիս, որ մետալոպրոտեինազների վրա ազդեցությունը կարող է կանգնեցնել հիվանդությունը»։
Գլխուղեղի փոքր անոթների հիվանդությունները աշխարհում դեմենցիայի դեպքերի գրեթե կեսի (45%) զարգացման պատճառ են։ Իշեմիկ կաթվածների դեպքերը ևս 20 տոկոսով կախված են այդ հիվանդությունից։
Այս հետազոտության համար Քեմբրիջի գիտնականները հավաքել են ուղեղի փոքր անոթների հիվանդության՝ COL4 գենի մուտացիայի պատճառով առաջացած հազվադեպ գենետիկ ձևով պացիենտների մաշկի՝ կենսազննմամբ ստացված բջիջները, դրանք վերածրագրավորել որպես ցողունային բջիջներ, որոնք կարող են վերածվել օրգանիզմի գրեթե ցանկացած տիպի բջիջի։ Այնուհետև նրանք ցողունային այդ բջիջներն օգտագործել են գլխուղեղի արյունատար անոթներ աճեցնելու համար՝ ստեղծելով մոդել, որը նմանակում է այն արատները, որոնք նկատվում են ուղեղի փոքր անոթների հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում։
Կարդացեք նաև
«Թեև աշխարհում բազմաթիվ են փոքր անոթների հիվանդություններով տառապող մարդիկ, մենք դեռ բուժման շատ քիչ հնարավորություններ ունենք, քանի որ դեռևս լիովին չենք հասկանում, թե ինչն է վնասում արյունատար անոթները՝ հարուցելով հիվանդությունը»,-մեկնաբանել է Գրանատան։
«Առաջնային պատճառների մասին մենք շատ բան գիտենք կենդանիների վրա կատարված հետազոտությունների արդյունքում, սակայն այդ գիտելիքները սահմանափակ են։ Ահա թե ինչու մենք դիմեցինք ցողունային բջիջների օգնությանը՝ ստեղծելու համար հիվանդության այն մոդելը, որը հաճախ ենք տեսնում պացիենտների մոտ»։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ