Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաքը» եւ «Խաղաղության խաչմերուկը» նույն սերիայից են

Նոյեմբեր 22,2023 10:00

Հայաստանի անկախանալուց անմիջապես հետո կար մի նախագիծ, որը կոչվում էր «Եվրոպոլիս»: Նախատեսվում էր մայրաքաղաքի արվարձանում կառուցել, ըստ էության, ամբողջությամբ նոր քաղաք, որը կհամապատասխաներ այն ժամանակվա միջազգային ամենաբարձր ստանդարտներին: Բայց 1991 թվականի սեպտեմբերից մի քանի ամիս անց սկսվեց Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմը, ու «Եվրոպոլիսի» մասին բոլորը շատ արագ մոռացան:

Բայց «Եվրոպոլիսը» մասնավոր նախաձեռնություն էր՝ թեեւ որոշ պետական օղակների կողմից հովանավորվող: «Ակադեմիական քաղաք» ուտոպիան փորձում են իրականացնել հարկատուների փողերով: Եթե այդ նախագիծը սկսի կյանքի կոչվել, ապա կդառնա պետական միջոցները քամուն տալու «ամենափայլուն» օրինակներից մեկը: Ինչ-որ շենքեր կառուցել, իհարկե, հնարավոր է, բայց դա կապ չունի կրթության որակի հետ: Այդ որակը կարելի է բարձրացնել նաեւ եղած շենքերում: Կամ էլ՝ թողնել նույնը, ինչը եւ արվում է:

Ամենացավալին այն է, որ Հայաստանի կառավարության անդամները դա հրաշալի գիտեն, եւ սակայն նրանց պետք է «բուռն գործունեության իմիտացիա» ստեղծել: Փաշինյանը հնարավորություն է ստանում կառավարության նիստերում եւ այլ հարթակներում խոսելու ինչ-որ գլոբալ նախագծերի մասին՝ քարոզչական էֆեկտ առաջացնելու համար:

Նույն սերիայից է «Խաղաղության խաչմերուկը»: Լա՞վ կլինի, եթե Հայաստանը նման խաչմերուկ դառնա: Իհարկե՝ նույնքան լավ, որքան մեր երկրում MIT-ի կամ Հարվարդի նման համալսարաններ ունենալը: «Խաչմերուկի» դեպքում էլ կառավարությունը դարձյալ ձեւ է անում, որ տեղյակ չի տիրող իրականությունից, մինչդեռ տարածաշրջանում ներկա իրավիճակի հիմնական պարամետրերը հայտնի են:

Թուրքիան միլիարդներ է ծախսել մեր դեմ պատերազմի վրա ոչ այն նպատակով, որ մենք խաղաղության խաչմերուկ (այսինքն՝ քաղաքական եւ տնտեսական գործոն) դառնանք: Թուրքիայի նպատակը ճիշտ հակառակն է՝ Հայաստանի պարտությունից հետո հնարավորինս մեծ «ռազմավար» պոկելը: Մեր իշխողները շատ լավ գիտեն, թե ինչ է մեզանից ուզում Թուրքիան` Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ միասին: Բայց ձեւացնում են, որ չգիտեն եւ անիրականանալի «նախաձեռնություններով» են հանդես գալիս: Լատիներեն ասած, flatus vocis`օդի տատանում:

…ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ ասում է, որ չի լսել, թե Բաքուն մեր երկիրը երբեւէ անվանի «Արեւմտյան Ադրբեջան»: Եվս մեկը, որն իրեն չհասկացողի տեղ է դնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետ Փաշինյանը Թբիլիսիի միջազգային համաժողովում ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Հռետորաբանությունը բավարար չէ՝ դատելու մտադրությունների մասին: Գործերն ու թվերը քիչ թե շատ թույլ են տալիս եզրակացություններ անել: Մեկ “Եվրոպոլիսի” փոխարեն այժմ տասնյակ բնակելի թաղամասեր են կառուցվել և Defance-ն է կառուցվում: Բացի անուններից, առանձնապես ոչինչ չի փոխվել։
    Ակադեմիական քաղաքի մասով վստահաբար կարող ենք ասել, որ որպես շինարարական ծրագիր այն դրական դեր է ունենալու, իսկ բարձրագույն կրթության որակի բարձրացման հարցում միանշանակ վնաս չի բերի՝ չես կարող վատացնել մի բան, որն արդեն չկա։ Նույնը կարելի է ասել խաչմերուկի մասին։ Եթե ​​այն լիներ, ապա որոշ գործողություններ կամ հայտարարություններ տեսականորեն կարող էին վնասել նրան, բայց այն, ինչ չկա, նույնիսկ Աստված չի խլի:
    Ավելի ակնհայտ օրինակով՝ ընդունելով ռազմական ռեկորդային բյուջե և զենք գնելով, ցանկացած քաղաքական գործիչ կխոսի խաղաղությանն անվերապահ հանձնառության մասին, կխոսի երեխաների խաղաղ ապագայի մասին երազող մայրերի և կանանց մասին, խաղաղության օգուտների ու առավելությունների մասին տնտեսության, կրթության, բժշկության, մշակույթի, ժողովրդավարության զարգացման… և այլն, և այլն։ Այնպես որ, քաղաքական գործչի հրապարակային հռետորաբանության հիման վրա չի կարելի կարծիք կազմել իրականության մասին։ Եթե ​​քաղաքական գործիչն ինչ-որ բան է ասում, ապա առաջին հերթին պետք է փորձել պարզել, թե ինչու է նա որոշել այս պահին, այս վայրում, նման արտահայտություններով, այս համատեքստում, ինչ-որ հարցի շուրջ բարձրաձայնել։ Թոմաս Ջեֆերսոնը հրաշալի արտահայտություն ունի. «Ես անկեղծորեն ցավում եմ այն քաղաքացիների համար, ովքեր թերթեր են կարդում և կարծում են, որ ինչ-որ բան գիտեն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում նրանց աչքի առաջ»։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930