Ներկայացնենք մի հատված ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի եւ քրեաբանության ամբիոնի դասախոս Արփի Լազարյանի՝ «Անչափահաս դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափորոշիչները եւ դրանց կիրառման որոշ հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածից, որը տպագրվել է օրերս «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրում:
Պրոբացիայի ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ անչափահաս շահառուների թիվը նվազել է, մասնավորապես՝ 2020 թվականին Պրոբացիայի ծառայությունում եղել է թվով 29 անչափահաս շահառու, 2021 թվականին՝ 14, 2022 թվականին՝ 15, իսկ 2023 թվականին՝ 18: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականին քննվել է անչափահասների վերաբերյալ 53 քրեական գործ, 2021 թվականին՝ 26, իսկ 2022 թվականին՝ 35:
Անհերքելի է այն փաստը, որ անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի, դրա կրման կարգի եւ պայմանների, ինչպես նաեւ պատժի կրման ընթացքում դատապարտյալների հետ վարվեցողության միջազգայնորեն ընդունված կանոնները մեծ դեր ունեն վերջիններիս վերասոցիալականացման գործընթացում: Անչափահաս դատապարտյալների հետ վարվեցողությանը նվիրված են թե ընդհանուր, թե հատուկ բնույթի մի շարք միջազգային իրավական ակտեր: Ընդհանուր բնույթի միջազգային ակտերը, թեեւ վերաբերում են հասարակական հարաբերությունների տարբեր կողմերին, բայց դրանցից մի շարք ակտեր պարունակում են անչափահասներին վերաբերելի կետեր: Դրա վառ օրինակն է «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, որի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որեւէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության եւ պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես մանկահասակի: Դաշնագիրը պարունակում է նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են քրեական հետապնդման ենթարկվող անչափահասներին: Դաշնագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից եւ ամենակարճ ժամկետում հասցվում են դատարան`որոշում կայացնելու համար:
Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է եւ սոցիալական վերադաստիարակությունը: Անչափահաս իրավախախտողներն առանձնացվում են չափահասներից, եւ նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ: Անչափահասների նկատմամբ դատավարությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի հաշվի առնվեն նրանց տարիքը եւ նրանց վերադաստիարակությանն աջակցելու ցանկալիությունը: Հատուկ նշանակության միջազգային ակտերից կարելի է առանձնացնել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որը ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թվականի նոյեմբերի 20-ին: Այս միջազգային համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 1992 թվականին:
Կարդացեք նաև
Հատուկ նշանակության կարեւորագույն փաստաթղթերից է Անչափահասների գործերով արդարադատության իրականացման ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները («Պեկինյան կանոններ»), որոնք հաստատվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին: Պեկինյան կանոնները սահմանում են իրավախախտ անչափահասների հետ վարվեցողության հիմնական կանոնները:
Մանրամասն վերլուծելով անչափահասներին վերաբերելի միջազգային ակտերը՝ կարելի է եզրահանգել, որ դրանց հիմքում դրված են մի քանի հիմնական սկզբունքներ, որոնց կատարման միջոցով հնարավոր է իրականացնել անչափահաս իրավախախտի դեպի հասարակություն վերադարձի (վերաինտեգրման) եւ վերասոցիալականացման գործընթացը: Ի տարբերություն չափահասի՝ անչափահաս անձի վերասոցիալականացման եւ վերաինտեգրման գործընթացն ունի իր առանձնահատկությունները, որոնք մանրամասն վերլուծված եւ արտահայտված են միջազգային փաստաթղթերում: Անժխտելի է, որ անչափահասների հասարակություն վերադարձի եւ հետագայում նրա կողմից հանցագործությունների կանխարգելման հարցում անգնահատելի է կրթության իրավունքի պատշաճ իրականացման գործընթացի ապահովումը:
2006 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec(2006)2 հանձնարարականով հաստատվեցին վերանայված «Եվրոպական բանտային կանոնները», որոնց 25.1-28.7-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր բանտում պետք է ապահովվի յուրաքանչյուր բանտարկյալի` հնարավորինս համապարփակ կրթական այնպիսի ծրագրերից օգտվելու իրավունքը, որոնք համապատասխանում են նրա կարիքներին ու նախընտրություններին: Կանոններով սահմանված է, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի երիտասարդ բանտարկյալների կրթությանը: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ տառաճանաչ կամ տարրական կամ մասնագիտական կրթություն չունեցող բանտարկյալներին:
Բանտարկյալների կրթությունը հնարավորինս պետք է ինտեգրված լինի երկրում ձեւավորված կրթական եւ մասնագիտական ուսուցման համակարգին, որպեսզի ազատվելուց հետո բանտարկյալները կարողանան անարգել շարունակել կրթությունն ու մասնագիտական ուսուցումը, ինչպես նաեւ պետք է հնարավորինս կազմակերպվի բանտից դուրս գտնվող կրթական հաստատությունների հովանու ներքո: 1989 թվականին Հանցավորության հարցերով եվրոպական կոմիտեն (CDPC) ծավալուն զեկույց ներկայացրեց` «Կրթությունը բանտում» (Education in Prison) խորագրով, որն անդրադառնում է բանտային կրթության նպատակներին, բանտային համակարգում կրթության զբաղեցրած տեղին, մասնագիտական ուսուցմանը եւ այլ խնդիրների: Զեկույցի լույս ընծայումից հետո Եվրոպայի խորհուրդը 17 հանձնարարական հրապարակեց (Recommendation R(89) 12)` անդամ երկրներին կոչ անելով բանտային կրթության հետ կապված գործունեության ընթացքում հաշվի առնել դրանք՝ Հանձնարարականներով ընդունվում է, որ կրթության իրավունքը հիմնարար է եւ կարեւոր` մարդու եւ հասարակության զարգացման գործում, որ բանտարկյալների մեծ մասն ուսուցման բացասական փորձառություն է ունեցել նախկինում, որ բանտերում կազմակերպվող կրթությունն օգնում է բանտարկության պայմանները մեղմելու եւ դրանք առավել մարդասեր դարձնելու գործում, որ բանտերում ուսուցման կազմակերպումը նպաստում է մարդուն հասարակություն վերադարձնելուն եւ այլն:
Վերոգրյալ ակտերի համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ դատապարտյալի՝ առհասարակ, իսկ առավելապես անչափահաս դատապարտյալի վերասոցիալականացման եւ վերաինտեգրման հարցում միջազգային ակտերն ահռելի դեր են հատկացնում կրթությանն եւ աշխատանքին, սակայն արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմարկում (ներկայումս հանդիսանում է միակ քրեակատարողական հիմնարկը, որտեղ պատիժ են կրում անչափահաս դատապարտյալները) մեր կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ թեեւ պետությունն օրենսդրական մակարդակում փորձել է լուծել անչափահաս դատապարտյալների կրթության իրավունքի պատշաճ իրականացումը, բայց, այնուամենայնիվ, գործնականում առկա են մի շարք լրջագույն խնդիրներ՝ սկսած ուսուցիչների ներգրավվածության ապահովումից եւ ավարտելով վերջիններիս համար հատուկ կրթական ծրագրերին մշակման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված անչափահաս անձինք հանդիսանում են որոշակի վարքային խանգարում ունեցող, ուստի նրանց դաստիարակումը եւ հասարակություն վերադարձը ավելի բարդ եւ տարբերվող գործընթաց է: Հետեւաբար, մշտապես եւ կտրուկ զարգացող հասարակական հարաբերությունների պայմաններում բոլոր շահագրգիռ կառույցները, հասարակական կազմակերպությունները հսկայական անելիքներ ունեն ինչպես միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների հնարավորինս ամբողջ ծավալով կյանքի կոչելու, այնպես էլ անչափահասների արդարադատության ոլորտը բարեփոխելու եւ կատարելագործելու առումով:
«Առավոտ» օրաթերթ
21.11.2023