Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական պալատի նախադեպային դիրքորոշումը

Նոյեմբեր 22,2023 12:30

Դատապարտյալի գործով՝ զենքը հանձնելու դեպքում քրեական պատասխանատավոթյունից ազատում նախատեսող խրախուսական նորմի վերաբերյալ

Նախկինում անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում: Գործող իրավակարգավորումների դեպքում անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում նշված առարկաները հանձնի մինչեւ իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը:

Քրեական գործով, որը կներկայացնեմ ստորեւ, քրեական գործ հարուցելու պահից մինչեւ անձի կողմից ինքնակամ ներկայանալը, ինքնաձիգը հանձնելը, որեւէ փաստաթուղթ առկա չէ առ այն, թե որտեղ է պահվել զենքը, մինչ ներկայացնելը: Ըստ բողոքաբեր պաշտպանի, մինչ իրավասու մարմինների կողմից դրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունենալը Մ. Մուրադյանը հանձնել է ինքնաձիգը. «Եթե նույնիսկ պարզվի, որ իրավապահ մարմինները կասկած են ունեցել, որ զենքը, որով կրակ է արձակվել Մ. Մուրադյանի կողմից, ապա դա չի կարող մեկնաբանվել, որպես զենքի գտնվելու մասին տեղեկություն կամ իմացություն»,-նշել էր պաշտպանը:

Միշա Մուրադյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերանայել եւ զարգացրել է զենքը կամովին հանձնելու, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննության էր առել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Միշա Մուրադյանի պաշտպան Հ. Անանյանի հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոքը: Բողոքը Վճռաբեկ դատարանում էր այս տարվա մայիսի 5-ի որոշմամբ: Պաշտպանի բացառիկ վերանայման հիմքով հարուցվել էր բացառիկ վերանայման վարույթ:

Այս գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա ճանաչվել էր անմեղ եւ արդարացվել նախկին քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (2003 թվին ընդունված), իսկ նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ 1 տարի ազատազրկմամբ, որը պայմանականորեն չեն կիրառել, նշանակվել էր 2 տարով փորձաշրջան:

Դատախազ Վ.Հարությունյանը բողոք էր բերել, որը վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է: Մուրադյանի նկատմամբ 50 000 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել, դա գումարվել է 1 տարի ժամկետով ազատազրկմանը, եւ նշանակվել պատիժ ազատազրկում ու տուգանք միաժամանակ: Ի դեպ, առերեւույթ հանցագործությունը կատարվել էր 2011-ին, այսինքն, տվյալ արարքի կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր լրացել:

Ըստ այդ որոշման՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որեւէ բացառության, ապա վերոնշյալն առավել եւս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ եւ ծավալով ավելի լայն եւ համընդգրկուն երեւույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930