Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվայի «տանիքից» հեռու Ալիեւը խիստ կաշկանդված է

Նոյեմբեր 22,2023 12:00

Եթե չլինեին Փարիզի ու Վաշինգտոնի դիրքորոշումները ու նրանց կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ճնշումները` Բաքուն ու Անկարան Մոսկվայի «դաբրոյով», Սյունիքի նկատմամբ նոր ոտնձգություն կձեռնարկեին եւ ուժով «կբացեին» Հայաստանից պահանջվող «միջանցքը»:

«Կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա իրավունք է, որը պետք է ապահովվի», սա ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերի գնահատականն է, որը նա անցյալ շաբաթ հնչեցրեց ի պատասխան լրագրողի հարցին Կոնգրեսում կայանալիք լսումներից առաջ՝ ի՞նչ են պատրաստվում ասել լսումներում Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցով. «Մի կողմից ունեք Ադրբեջան, որը տոնում է հաղթանակը՝ ռուսական բանակով շրջապատված քաղաքում եւ ունեք Հայաստան, որին Ռուսաստանն ամեն օր բռնության է ենթարկում՝ ասելով, որ ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Ձեր կարծիքով՝ այստեղ երջանիկ ավարտ կա՞»։

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրենց դիրքորոշումներով, կարելի է վստահաբար ասել, որ չեզոքացնում են ռուս-ադրբեջանական ճնշումները Հայաստանի նկատմամբ: Պետք է միանշանակ շեշտել, որ եթե այս ընթացքում չլինեին Փարիզի ու Վաշինգտոնի դիրքորոշումները ու նրանց կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող ճնշումները` Բաքուն ու Անկարան Մոսկվայի «դաբրոյով», Սյունիքի նկատմամբ նոր ոտնձգություն կձեռնարկեին եւ ուժով կբացեին Հայաստանից պահանջվող «միջանցքը»:

Վերջին օրերին ԱՄՆ-ից Ադրբեջանի նկատմամբ գործածվող դիվանագիտական ճնշումները հրապարակային են, ու այս մթնոլորտը նախանշում է Հայաստան-ԱՄՆ համագործակցության ավելի լուրջ մակարդակի խորացման մեկնարկի մասին:

Բոլոր հիմքերը կան փաստելու, որ Հայաստանն իր անվտանգությունը կարող է դիվերսիֆիկացնել` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ փոխհարաբերությունները նոր մակարդակի վրա կառուցելով: Եվ հանուն արդարության պետք է նաեւ շեշտել, որ առայժմ միայն այդկերպ Հայաստանին կհաջողվի զսպել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու ճնշումներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու մեր երկրի տարածքային ամբողջականության:

Միացյալ Նահանգներից վերջին օրերին ամենատարբեր մակարդակներով ընդգծեցին, ու ԱՄՆ-ը հստակ ազդանշան է ուղարկում Ադրբեջանին, որ չի հանդուրժի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ-ն պետք է Հայաստանի կողքին լինի` ընդդեմ Ադրբեջանի ռազմական նպատակների: Ի տարբերություն պաշտոնական Մոսկվայի, որտեղ հաշտ ու համերաշխ են Բաքվի կողմից վարվող քաղաքականության` ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության, ԱՄՆ-ում գերիշխում է պահանջն ամերիկյան վարչակազմից, որ պետք է դիմել գործուն քայլերի` ընդդեմ ագրեսիվ Ադրբեջանի:

Հիշեցնենք, որ վերջին 2 ամիսներին Ադրբեջանի հարձակումը Արցախի նկատմամբ ամերիկացի տարբեր նահանգապետների, սենատորների կողմից միանշանակ դատապարտվել է: Ավելին, հստակ հայտարարվել է, որ Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի` մարդասիրական իրավունքի խախտումների համար:

Մեկ այլ կարեւոր հանգամանք. այսօր Վաշինգտոնն արդեն հստակ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրին հասնելը կախված է Բաքվից, այսինքն, այդ գործընթացն արգելափակող կողմը Բաքուն է, ոչ թե Երեւանը, հետեւաբար` Ալիեւը պատրաստ չէ իրական խաղաղության հաստատման:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումները լրացուցիչ ապացույց էին, թե ինչպիսի գնահատականներ են գերիշխում այսօր ԱՄՆ-ում Ալիեւյան ռեժիմի նկատմամբ: «ԱՄՆ-ն պետք է հստակ ուղերձ հղի նախագահ Ալիեւին, որ ուժի կիրառումը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ ներառյալ Սյունիքը, կլինի ամբողջովին անընդունելի»,- լսումներում նշեց կոնգրեսական Քինը։ Նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենին հարցրել էր՝ ի՞նչ միջոցներ է ԱՄՆ վարչակազմը պատրաստվում կիրառել Բաքվի գործողությունների նկատմամբ, Ջեյմս Օ-Բրայենը պատասխանեց. «Մենք շարունակաբար ահազանգել ենք, որ ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ մեզ համար ամբողջովին անընդունելի է։ Մենք ուշադիր հետեւում ենք զորքերի տեղաշարժին, մոնիտորինգ ենք իրականացնում նաեւ այլ մտադրությունների հետ կապված, որոնք կարող են Ադրբեջանի կողմից պլանավորվել»։ Ջեյմս Օ-Բրայենը շեշտեց՝ Ադրբեջանին հստակորեն զգուշացրել են՝ գործարար համագործակցության հնարավորություն չի լինի, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը կյանքի չի կոչվել։

Ավելին, շեշտվեց, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 19-ից հետո դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական եւ այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր, իսկ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Եվ ամենագլխավոր արձանագրումը` ԱՄՆ-ը բազմիցս ազդարարել է, որ Հայաստանում ուժի կիրառումը միանգամայն անընդունելի է։

Հաջորդ արձանագրումը, որն արվեց լսումներում: Հարց էր հնչել, թե Թուրքիան ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ խաղաղության գործընթացում: Ջեյմս Օ-Բրայենը նշեց, որ Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ անդամ երկիր, թափանցիկ են աշխատում. «Երբ մենք խոսում ենք Թուրքիայի ներգրավմամբ խաղաղության գործընթացի մասին, պետք է հստակ ամրագրենք, որ Թուրքիան ունի բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, բայց կան նաեւ մի շարք այլ տարրեր»։ Ապա հավելեց. «Թուրքիայի կառավարությունն ի վիճակի է իր անունից խոսել, բայց ես ուզում եմ երկու շեշտադրում կատարել։ Այս տնտեսական միջանցքը, որը քննարկվում է, Կենտրոնական Ասիայից դեպի Հայաստան, Ադրբեջան, այնուհետեւ Թուրքիա, այստեղ ակնհայտ է Թուրքիայի տնտեսական շահը։ Սա մի տարր է, որը խաղաղության նախկին բանակցություններում գոյություն չուներ»։

Հաջորդ կարեւոր շեշտադրումն այն էր, որ Վաշինգտոնից ընդգծում են, որ ուժի կիրառմամբ տրանսպորտային միջանցքի ստեղծումը ԱՄՆ-ի կողմից վճռական պատասխանի կարժանանա: Սա եւս նշվեց Ջեյմս Օ-Բրայենի կողմից, այսինքն` ցանկացած միջանցք կարող է ստեղծվել բացառապես Հայաստանի համաձայնությամբ։ Ընդ որում, օրերս այս կարեւոր պահանջը հստակ ընդգծվեց նաեւ ԵՄ-ի կողմից: Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց. «Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից»։

Ինչեւէ, Հայաստանի համար նման բարենպաստ մթնոլորտում պաշտոնական Երեւանն ընդգծեց, թե` հնարավորություն է տեսնում Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցությունները: Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է. «Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա»: Նա հիշեցրել է, որ վերջերս տարածաշրջանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն եւ նրա այցի նպատակներից մեկն էլ հանդիպում կազմակերպելն է. «Հայաստանը պատրաստակամ է եւ հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա»:

Վաշինգտոնյան հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են բանակցել։ Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Գրանադայում ու Բրյուսելում անցած ամիս ծրագրված երկու հանդիպումներն այդպես էլ չկայացան, երկուսն էլ Ալիեւը տապալեց։ Արտգործնախարարները վերջին անգամ եռօրյա բանակցություններ Վաշինգտոնում անցկացրեցին հունիսի վերջին։ Ի դեպ, Արմեն Գրիգորյանը պնդել է, թե ռուսական առաջարկներից տեղյակ չէ ու հավելել է. «Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորվածություններ ենք ունեցել»: Նա առաջնային է համարել եվրոպական հարթակը, վերահաստատել է՝ Երեւանը պատրաստ է շարունակել բանակցություններն ու հենց այդ ֆորմատում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Նկատենք նաեւ, որ Ալիեւի բացակայությամբ` եվրոպական երկրների առաջնորդները Գրանադայում անցած ամիս հայտարարություն ընդունեցին այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը կատարվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզներով, իսկ կոմունիկացիաները բացվեն երկրների ինքնիշխանության հարգմամբ։ Ամիսներով ոչ միայն պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունենում, այլեւ՝ խաղաղության պայմանագրի նախագծերի փոխանակում։ Պաշտոնական Բաքուն օրերս դժգոհեց, թե չնայած մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության հավաստիացումներին՝ «Երեւանը երկու ամսից ավելի է՝ հետաձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնել»:

Ավելի ու ավելի համոզիչ է դառնում իրողությունը, որ Մոսկվայի «տանիքից» հեռու Բաքվում չեն պատկերացնում Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագրի ստորագրում», որն ըստ Էրդողանի ու Ալիեւի` «պետք է կյանքի կոչվի` «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ»:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930